[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹ. ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Հադրութը  հանրապետության հարավային սահմանամերձ բնակավայրերից է: Հրադադարի հաստատումից շուրջ քառորդ դար անց քաղաքն ապրում է բնականոն կյանքով՝ փորձելով խնդիրների լուծումներ գտնել բազմաթիվ ու բազմաբնույթ հոգսերի շրջապտույտում:

Արցախյան պատերազմի տարիներին շրջկենտրոնը եղել է հրետակոծության և ռմբակոծության թիրախ, ինչի հետևանքով  բնակելի ու  հասարակական նշանակության գրեթե բոլոր շենքերն ու տներն այս կամ այն չափով ավերվել են: Հետպատերազմյա տարիներին պետության և հովանավորների միջոցներով քաղաքը վերականգնվել է: Շատ շենքեր ու փողոցներ հիմնանորոգվել են, սակայն նրա ընդհանուր պատկերը դեռ շատ է հեռու բարեկարգ ու բարետես կոչվելուց: Սահմանամերձ քաղաքի օրախնդիր հարցերի ու դրանց լուծման շուրջ էր մեր զրույցը համայնքի երիտասարդ ղեկավար Վիգեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով այս պաշտոնը ստանձնել է վերջերս: 

Մինչ այդ մենք հետաքրքրվում ենք` շրջկենտրոնից բնակչության արտահոսք կա՞, թե՞ ոչ, ինչին հետևում է, որ նկատելի արտահոսք չկա, կան հիմնականում երիտասարդ տարիքի հադրութցիներ, որոնք ժամանակավոր աշխատանքի են մեկնում տարբեր քաղաքներ: Հադրութն այսօր  արդեն մոտ 4000 բնակիչ ունի (1990թ. քաղաքատիպ ավանի կարգավիճակ ունեցող այս բնակավայրն ուներ 2,9 հազ. բնակիչ):

-Մեր պարբերական այցելությունների ընթացքում այն տպավորությունն է գերիշխում, որ որպես հանրապետության շրջանային կենտրոն` Հադրութը զարգացման դանդաղ ընթացք ունի: Համաձա՞յն եք: Եթե` այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

-Համաձայնել չեմ կարող, քանի որ դա կնշանակի նախորդ քաղաքապետի աշխատանքն անտեսել: Քաղաքապետարանն իր  սուղ հնարավորությունների սահմաններում միշտ էլ քաղաքի զարգացման ուղղությամբ  աշխատանքներ է տարել գրեթե բոլոր փողոցներում և բազմաբնակարան շենքերի տարածքներում: Սանմաքրման և կանաչապատման գործընթացն է բարելավվել: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերն  ու համայնքի կազմի մեջ մտնող Վանք և Տյաք  գյուղերն այսօր շուրջօրյա ջուր ունեն, խնդիր, որը երկար տարիներ ամենամտահոգիչն էր տեղի բնակչության համար: Քաղաքում գործող կոյուղագծերի կոլեկտորը չէր համապատասխանում սանիտարական պայմաններին, այս ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվել: Մի խոսքով` քաղաքի բնականոն զարգացմանն ուղղված աշխատանքները քիչ չեն, պարզապես, իմ կարծիքով, Հադրութի դիրքն ու ճարտարապետական առանձնահատկությունները (քաղաքի կենտրոնն ու հրապարակը  ամենացածրադիր տեղակայությունն ունեն) մի փոքր բարդացնում են աշխատանքների ընթացքը:

-Այսօր ի՞նչ խնդիրներ ունի քաղաքը: Կխնդրեինք նաև անդրադառնալ  Հադրութում արձանագրված դրական նոր տեղաշարժերին։

- Իմ համոզմամբ՝ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կենտրոնում պետք է դրվի  բնակչության բարեկեցության ապահովումը, որը անհրաժեշտ է սկսել նրա`  առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող պահանջները բավարարելուց: Մեր քաղաքը փոքր և ավելի շատ սեփական տներում ապրող բնակչություն ունեցող քաղաք է, և մինչև վերջերս մտահոգիչ էր փողոցներում թափառող ընտանի կենդանիների խնդիրը: Շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարականով  խստիվ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Քաղաքային համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ կարգազանց անասնատերերը ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնվելու դեպքում կիրառվում են ավելի խիստ միջոցներ։ Ընթացիկ տարվա սկզբից փողոցների բարեկարգման, սանմաքրման և կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացնում է նորաստեղծ ՙԴիզակշին՚ ՊՓԲԸ-ն: Հուսով ենք,  ընկերության  տեխնիկական  հագեցածությունն ու ֆինանսական հնարավորությունները թույլ կտան հետագայում իրականացնել մեծածավալ աշխատանքներ՝ միտված գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Գործազրկությունն ու բնակարանային խնդիրներն են  նաև մտահոգիչ: Ցավոք, բնակարանաշինության գործընթացը հպարտանալու առիթ չի տալիս, վերջին տարիների ընթացքում կառուցվել է բազմաբնակարանոց միայն մեկ շենք՝  հիփոթեքային ծրագրի շրջանակներում: Գործազրկության կրճատման ծրագրեր  նախատեսված են տարբեր պետական  գերատեսչությունների մասնակցությամբ: Իմ համոզմամբ` երիտասարդության զբաղվածության հարցերն ավելի հեշտ կլուծվեն, եթե լիարժեք գործեն ՓՄՁ զարգացման ծրագրերը: Հադրութում գործարաններ, առանձին արտադրամասեր չկան, սակայն բնակչության շրջանում աշխուժություն կա: Կառավարության տարածքային ծրագրերը միտված են գյուղատնտեսության զարգացմանը, իսկ մեր շրջանը միշտ էլ զբաղվել է գյուղատնտեսությամբ:  Շուտով կսկսվեն Հադրութից դեպի Վանք և Տյաք տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Ծրագրել ենք քաղաքի կենտրոնում նոր հանդիսությունների սրահ կառուցել: Նախորդ տարվա սեպտեմբերից  Հադրութում գործում է  ՙԴորութ Ստուդիո՚ ճարտարապետական ընկերությունը, որը  քաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելուն ուղղված ծրագրերով է զբաղված: Հադրութը քույր քաղաք է ՀՀ Էջմիածին քաղաքի հետ, հաստատված են բարեկամական հարաբերություններ Ֆրանսիայի Վիեն և ԱՄՆ Բըրբանք քաղաքների հետ, համագործակցության ծրագրեր ունենք ՀՀ Արագածոտնի մարզի և Երևանի Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների հետ: 

ՙԴորութ Ստուդիո՚ ընկերության գրասենյակը գտնվում է Հադրութի քաղաքապետարանի հարևանությամբ: Ըստ ընկերության հիմնադիր ճարտարապետ Նինա Ներսեսյանի՝ ընկերության հիմնական նպատակը Հադրութի հին պատմական թաղամասերում վերականգնողական աշխատանքներ իրականացնելն է, նախատեսվող քաղաքաշինական ծրագրերի գործարկման ընթացքում դրանց նախնական ճարտարապետական տեսքը պահպանելը:  Ներկայում ընկերությունն իրականացնում  է քաղաքի նոր թաղամասի ճարտարապետական նախագծման աշխատանքներ: Քաղաքաշինական այս ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլերով, և առայժմ հստակ չենք կարող նկարագրել քաղաքի կենտրոնի  վերջնական տեսքը: Միանշանակ կարող ենք ասել, որ ընդլայնվելու է հրապարակը, կենտրոնական շենքերի ճակատային մասերն են փոխվելու, կառուցվելու են տարբեր մարզամշակութային և այլ  նշանակության կենտրոններ:  Ընկերության մոտակա անելիքներից է Հադրութի, Տյաքի և Վանքի մասին պատմող ֆոտոգրքի հրատարակումը: Ն. Ներսեսյանն այդ ձեռնարկը կարևոր է համարում, քանի որ հատկապես Տյաք գյուղն Արցախում միակն է, որտեղ անխաթար պահպանվել է 18-19-րդ դարերի ժողովրդական ճարտարապետությունը: Խոսքն այստեղ ոչ միայն ուշ միջնադարյան առանձին շինությունների, այլև ամբողջ գյուղի կառուցապատման մասին է՝ որպես իր ժամանակի քաղաքաշինության եզակի հուշարձան: Ֆոտոգիրքը կտարածվի նաև Արցախի սահմաններից դուրս: 

 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ