ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Մի քանի օր առաջ ստեղծված Հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները հունիսի 7-ին հրավիրած բրիֆինգում հանրությանն իրազեկեցին հունիսի 1-ից մեկնարկած բողոքի ակցիայի հետագա զարգացումների և որոշ խնդիրների հանգուցալուծման մասին։

 Հիշեցնենք, որ, հաշվի  առնելով ցուցարարների պահանջները, նաև հանրության շրջանում աճող դժգոհությունները, հունիսի 5-ին որոշում էր կայացվել ստեղծել  Հանրային Խորհուրդ. Մշակույթի և երիտասարդության պալատում վերջինիս հատկացվել է տարածք՝ խորհրդի աշխատանքը կազմակերպելու և քաղաքացիների ընդունելությունն իրականացնելու նպատակով։ Խորհրդի 7 հոգուց բաղկացած կազմը՝ նախկին խորհրդարանական Սերգեյ Ղազարյանի գլխավորությամբ, ժամանակավոր է, ձևավորվել է պահի թելադրանքով։ Կազմի մեջ ներառված են  բողոքի ակցիայի կազմակերպիչներից Դավիթ և Կարեն Սիմոնյան երկվորյակները, սիրիահայ Ասմարյան եղբայրները, որոնց անունները նույնպես անհայտ չեն արցախցիներին, տեղեկատվական ոլորտում իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկած Իրինա Սաֆարյանը և ՙՀայկի Սերունդ՚ հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Պետրոսյանը։

Ինչպես նշեց Ս. Ղազարյանը, այս բրիֆինգով  ցանկություն ունեն որոշակի պատկերացում տալ Խորհրդի երկօրյա աշխատանքի մասին։ Ասել, որ այն գործում է աշխարհում ընդունված ձևաչափով` ճիշտ չէր լինի: Բնականաբար, անհնար է 2 օրվա մեջ նման լուրջ կառույց ձևավորել, բայց Ս. Ղազարյանը նշեց, որ կառույցի ստեղծման աշխատանքներին արդեն ընթացք է տրվել, համապատասխան մասնագետներ արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Հանրային խորհրդի նախաձեռնող խումբն առայժմ կատարում է քաղաքացիների ընդունելություն, լսում նրանց բողոքներն ու առաջարկությունները, փորձում ուղղորդել դրանք։ Ս. Ղազարյանը կարևորում է նման կառույցի ստեղծումը, որը կարող էր չլինել և գուցե չէր լինի, եթե պետական կառավարման բոլոր օղակները, առաջին հերթին` խորհրդարանը, որը ժողովրդի ձայնն իշխանություններին հասցնող մարմին է նաև, հստակ կատարեին իրենց առաքելությունը։ Խորհուրդը կարող է և պետք է լինի իշխանությունների և հանրության միջև վստահության ամրապնդման կարևոր հարթակ։

Այս ընթացքում  շուրջ 670 դիմում-առաջարկ է գրանցվել, որոնցից շատերը ոչ թե հանրային հնչողության, այլ անձնական, առավելապես` սոցիալական բնույթի հարցեր են։ Դրանք կանոնակարգելու անհրաժեշտություն ևս կա։

Ս. Ղազարյանը տեղեկացրեց իշխանությունների հետ խմբի հանդիպման որոշ մանրամասներ, նաև շնորհակալություն հայտնեց երկրի Նախագահին՝ իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ ուշադիր լինելու, ըմբռնումով մոտենալու և լուծելու պատրաստակամության համար։ Հայտնի է, որ հաշվի առնելով ստեղծված իրողությունը, հանրապետության Նախագահը գնացել է կադրային փոփոխությունների, և դրանք, ինչպես հայտարարվել էր նախկին պետնախարարի կողմից, շարունակական են լինելու։

Սիմոնյան եղբայրները նշել են, որ այս փուլում իրենք` որպես ակցիայի կազմակերպիչներ, բավարարված են իշխանությունների քայլերով, քանի որ ներկայացված պահանջները կատարվել են,  արդարությունը՝ վերականգնվել: 

Նախաձեռնող խմբի անդամները խնդրում են մեծ սպասելիքներ այս պահի դրությամբ չակնկալել Խորհրդից, քանի որ այն արդեն կայացած, աշխատող  մարմին չէ դեռ, իրավական նախագիծ 2 օրվա  մեջ անհնար է ստեղծել,  ամեն ինչ դեռ առջևում է, և իրենք կփորձեն հուսախաբ չանել ժողովրդին։

Արցախում ևս իրավիճակ է փոխվել, դա հասկանում է ինչպես հանրությունը, այնպես էլ իշխանությունը,  և որպեսզի առաջացած և ընթացքում առաջացող հարցերը չլուծվեն փողոցում՝ միտինգների ու բողոքի այլ ակցիաների միջոցով, ընտրվել է Հանրային ժամանակավոր խորհրդի միջոցով դրանց լուծմանը հասնելու ճանապարհը։ ՙՀանրությունն էլ գիտակցում է, որ պատերազմող երկիրն ապակայունացնող գործողությունների ենթարկելը ճիշտ և տեղին չէ, անարդարություններն  ու ՙբեսպրեդել՚-ն էլ տեղ չպիտի ունենան մեր մեջ, և պետք է պայքարել նման երևույթների դեմ՚,- համոզված է Ասմարյան եղբայրներից մեկը։

Նախաձեռնող խմբի անդամները վստահ են, որ Խորհրդի ստեղծումը կարևոր և ոչ փոքր քայլ է  քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին, և այդ քայլը կատարվել է նաև իշխանությունների՝ հանրային խնդիրները լսելու և լուծելու պատրաստակամության շնորհիվ։     

Սրբուհի ՎԱՆՅԱՆ