[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՌԻԹ

Հարցազրույց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ 

 -Պրն Ավանեսյան, հունիսի 10-ը մեր հանրապետությունում  նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր: Շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ:  Ըստ Ձեզ, ո՞վ է  սոցիալական աշխատողը, և ո՞րն է  նրա հիմնական առաքելությունը։ Ի՞նչ առանձնահատկություն ունի այդ մասնագիտությունն Արցախում:

- Շնորհակալություն: Մասնագիտական տոնը ևս մեկ անգամ արվածը վերլուծելու, հետագա քայլերը ճշգրտելու առիթ է: Սոցիալական աշխատող Արցախի Հանրապետությունում մեր նախարարության ցանկացած աշխատակիցն է, ով տեղեկանում է մարդկանց տարաբնույթ սոցիալական հիմնախնդիրներին և փորձում դրանց լուծում տալ  գործող բազմաթիվ սոցիալական ծրագրերի շրջանակներում: Նրա խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդը, չնայած առաջացած շատ հանգամանքների, կարողանա ապրել` պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը: Սա խիստ կարևոր գործառույթ է, որը գիտակցում է ցանկացած սոցաշխատող՝ անկախ գործունեության վայրից: Որպես համակարգի ղեկավար` ես բավարար կգնահատեի ջանքերը, որոնք թույլ են տալիս հաջողության հասնել մեր աշխատանքում: Հաշվի առնենք նաև այն հայտնի միտքը, որ մեր ցանկությունները ոչ միշտ են համապատասխանում մեր հնարավորություններին, սա ոչ միայն մենք, այլև մեր քաղաքացիները պետք է հաշվի առնեն: Ինչ վերաբերում է մասնագիտական առանձնահատկություններին, ապա, թերևս, մեր աշխատանքի յուրահատկությունը կապված է արցախցու հոգեկերտվածքի հետ: Այս կամ այն դժվար իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է մասնագետին թույլ տա մասնակցել իր ընտանիքի բարեկեցությանը. դա է,  որ լրացուցիչ  պատասխանատվություն և նրբանկատ մոտեցում է պահանջում մեր աշխատողներից:

-Համաձայնեք, որ տարիներ ի վեր հանրապետության բնակչության գերակշիռ մասը սոցիալական հարցերի նախարարության գործառույթը տեսնում է հիմնականում միայն մեկ`  նյութական աջակցություն տրամադրողի դերում: Ի՞նչ է արվել պատկերը փոխելու համար:

-Դա ի սկզբանե վտանգավոր երևույթ է, որին առնչվում է պատերազմի միջով անցած ցանկացած երկիր: Տարիների մեր  աշխատանքն ուղղված էր հենց նրան, որպեսզի հանրությունը գիտակցի, որ սոցիալական աշխատողն այն մասնագետն է, ով օգնում է մարդուն՝ բարձրացնելու սեփական կյանքի որակը` վերջինիս դարձնելով այդ գործընթացի անմիջական մասնակիցն ու պատասխանատուն: Այլ հարց է, որ ապրիլյան պատերազմի արդյունքում  կրակի տակ հայտնված սահմանամերձ համայնքների խնդիրները մեզ ստիպեցին դարձյալ վերադառնալ բնակչությանը նյութական օգնություն տրամադրելու գործելաոճին: Պատկերը փոխելու համար շատ ծրագրեր են կյանքի կոչվել: Նաև ասեմ, որ  մենք միշտ անդրադառնում ենք այն սոցիալական խնդիրներին, որոնք հասարակությունը համարում է առավել անհետաձգելի, առաջնահերթ լուծում պահանջող: Սակայն դրանք  խնդիրներ են, որոնք մեկ գերատեսչության միջոցով չէ, որ պետք է լուծվեն: 

-Ըստ Ձեզ` սոցիալական աշխատողի ինստիտուտը մեզ մոտ կարելի՞ է կայացած համարել:

-Համակարգը կայացած է. և դա հաստատելու համար կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Սակայն ցանկացած կայացած ինստիտուտ դատապարտված է ձախողման, եթե մշտապես չի կատարելագործվում: Այս պահին մենք գտնվում ենք լուրջ բարեփոխումների շրջանում, որոնց արդյունքում միանշանակ կբարձրանա մեր աշխատանքների հասցեականությունը, կպարզեցվեն շատ գործառույթներ: Ընթացքի մեջ է ՙՆպաստ՚ պայմանական անվանմամբ միասնական էլեկտրոնային տեղեկատվական  համակարգի ներդրման գործընթացը: Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գրեթե բոլոր աշխատանքները կսպասարկվեն  երկու էլեկտրոնային ծրագրերի միջոցով: Երկրորդ կարևոր ծրագիրն առնչվում է բնակչության կարիքավորության գնահատման համակարգի ներդրման հետ: Մենք հանձնարարական ունենք և ընթացիկ տարում պետք է գնահատենք արցախյան յուրաքանչյուր ընտանիքի կարիքավորության չափը:  Սա մեզ հնարավորություն կտա վերջապես ունենալ ճշգրիտ պատկերը: Այս մասին խոսելու առիթ արդեն եղել է, սակայն մեկ անգամ ևս հիշեցնեմ. հինգ տասնյակից ավելի գյուղական համայնքներում իրականացրել ենք  երիտասարդների խնդիրների վերհանմանը և դրանց լուծումների առաջադրմանը միտված ուսումնասիրություններ: Համայնքներում հաջողությամբ գործարկվել է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիրը: Վերանայվում է նաև վերաբնակեցման քաղաքականությունը: Մենք կհասնենք նրան, որպեսզի վերաբնակեցվող յուրաքանչյուր համայնք ունենա զարգացած ենթակառուցվածքներ և այնքան բնակիչ, որքան նրա տնտեսական վիճակն է թույլատրում: Շարունակվում է համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ, ներկայում ընթացքի մեջ են երկու ծրագրի շուրջ աշխատանքները` կապված   հանրապետության գյուղական համայնքների երիտասարդության և ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրության հետ:

-Իրականացված աշխատանքները քիչ չեն, սակայն, ինչպես հայտնի է, ներհանրապետական վերջին զարգացումների արդյունքում գոյացել են  քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնց մի մասը չլուծված սոցիալական խնդիրներին է վերաբերում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նաև  սոցիալական աշխատողներն են թերացել իրենց գործում: Որևէ վերլուծություն իրականացվո՞ւմ է այս ուղղությամբ:

- Նախ ասեմ, որ դիմում-բողոքները, դժգոհություններն ու տարաբնույթ խնդիրների հաղթահարումը մեր հիմնական առօրյան են: Մեր նախարարությունը տարվա կտրվածքով  6 հազարից ավել դիմումներ է ստանում տարբեր քաղաքացիներից և օրենքով թույլատրված գործառույթների շրջանակում փորձում լուծում տալ դրանց: Ասեմ նաև, որ քաղաքացիների դիմումները բավարարելու նպատակով ծախսվում է մեր գերատեսչության բյուջեի շուրջ 25 տոկոսը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ արվում է հնարավորը,  որպեսզի այցելուները դժգոհ չհեռանան նախարարությունից: Բոլորը կցանկանան, որ խնդիրները լուծվեն շատ կարճ ժամանակամիջոցում, սակայն դա ոչ միշտ է հնարավոր: Բողոքներ կան, և  հանուն արդարության նշենք, որ դրանց մի մասը կարող էր  լուծում ստանալ ժամանակին և ըստ բնագավառների, սակայն մեր ժողովուրդն իսկապես իմաստուն ժողովուրդ է և ժամանակին հրաժարվեց բողոքներն ու դժգոհությունները հայտնելու փողոցային ձևաչափից: 

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ասեմ` ես չեմ համարում, որ մեր աշխատակիցները թերացել են: Թե՜ կարգապահական տույժերի և թե՜ շնորհակալագրերի առումով մեր համակարգը առաջնություն կարող է շահել, սա ես ասում եմ ամենայն լրջությամբ: Մենք անմիջապես արձագանքում ենք համակարգի ցանկացած աշխատակցի գործունեությանը` չսպասելով այցելուների գնահատականին: Ի վերջո, մեր համակարգը սահմանափակ միջոցների արդարացի վերաբաշխման  համակարգ է, և այստեղ մեր խնդիրն է  (ես նկատի չունեմ միայն մեր գերատեսչությունը)  հստակ գիտակցել մեր քաղաքացիների հիմնական կարիքների բնույթն ու չափը և այդ միջոցները բաշխել ըստ ընտանիքի կարիքավորության, որպեսզի չտուժի արդարության սկզբունքը:

Ես նշեցի, որ սոցիալական աշխատանքի ինստիտուտը կայացած է մեզ մոտ, բայց այն  լրջագույն բարեփոխումների կարիք ունի ինչպես համակարգային և օրենսդրական, այնպես էլ տրամադրվող սոցիալական ծառայության փաստացի որակի առումով: Վերը նշված բոլոր բարեփոխումները կբերեն քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների լուծման գործընթացում ներգրավված աշխատակազմի օպտիմալացման, որի արդյունքում մենք կունենանք սոցիալական աշխատողների շատ լուրջ բանակ: Այդ ամենի արդյունքում ապագայում հնարավորություն կունենանք մեր ասպարեզում անցնել ակտիվ քաղաքականության` հրաժարվելով  գոյություն ունեցող պասիվ ծրագրերի շղթայից: Սոցիալապես խոցելի ընտանիքների հետ մեր  աշխատանքի փորձը հուշում է, որ այսօր անհրաժեշտություն է սոցիալական աշխատանքը համայնք հասցնելը: Մենք պետք է վեր հանենք ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Այդ ծրագրերի ամբողջական իրագործումից հետո կառույցի աշխատանքն զգալիորեն կբարելավվի, կկրճատվի քաղաքացիների  բողոքների թիվը: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ