[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ` ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ  բերքահավաքի  անկորուստ  կազմակերպման  կարևոր պայմաններից  մեկը հացահատիկային  արտերի  պահպանումն է  հրդեհներից:

Այդ  նպատակով  Հադրութի  շրջվարչակազմի  ղեկավարի  կողմից  հաստատվել է ՙՀացահատիկային  ցանքատարածությունները  և  անտառային  զանգվածները հրդեհներից  պաշտպանելու  ուղղությամբ  տարվող  կանխարգելիչ   միջոցառումների  մասին՚  ծրագիրը: 

Հակահրդեհային  միջոցառումների  ծրագրի  իրագործման  և  վերահսկողություն  իրականացնելու  նպատակով  ստեղծվել  է  շրջանային  հանձնաժողով,  որում  ընդգրկված  են այն  կազմակերպություների  ներկայացուցիչները, որոնք  անմիջական  պատասխանատվություն  են  կրում  բերքահավաքի  անկորուստ  կազմակերպման  համար: Հրդեհները կանխարգելելու  նպատակով  ստեղծվել են դաշտային  կայաններ, որոնց  կազմում  կան  գութանով տրակտորներ, հրշեջ  մեքենաներ,  անհրաժեշտ  քանակությամբ  անձնակազմ: Շրջանի  տարածքում  կտեղակայվեն  նման  4 դաշտային  կայաններ: 

Հակահրդեհային  կանոնների  պահպանման  համար  համայնքներում  կազմակերպվել  և  անց են  կացվել  սեմինար-պարապմունքներ տրակտորիստների, կոմբայնավարների, վարորդների  և  բերքահավաքին  օժանդակող  այլ  անձանց  մասնակցությամբ: Հակահրդեհային անվտանգության պետական  տեսչության  կողմից  ստուգվել  է  կայծամարիչների, կրակմարիչների  առկայությունը, առաջարկություն է    ներկայացվել  նշված  միջոցների  պակասը  լրացնելու  համար: Շրջանի  համայնքների  ղեկավարներին հանձնարարվել է  հացահատիկային  ցանքատարածություններում պահպանել  շուրջօրյա  հերթապահություն, բնակչության  շրջանում  հակահրդեհային  կանոնների  պահպանման  ուղղությամբ տանել բացատրական  աշխատանքներ:

Շրջվարչակազմի աշխատակազմի  գյուղատնտեսության, հողաշինարարության և  հողօգտագործման  (ԳՀՀ) բաժնի  վարիչ  Ստեփան Հակոբյանը նշեց, որ  շրջանում  կկատարվի  շուրջ   19114 հեկտար  հացահատիկայինների  հունձ (բերքահավաքի աշխատանքներն արդեն սկսված են), որից   3029 հեկտարը`  սեփականաշնորհված  և  գյուղամերձ  վարձակալված  տարածքներում: ՙԵթե հարթավայրային  գոտում  հնձի  աշխատանքները  դժվարություններ  չեն  առաջացնի,  ապա  գյուղամերձ տարածքներում  այն  կհանդիպի  որոշ  բարդություններով, որովհետև  այդ  տարածքների  մեծ  մասը  վարակված  է մոլախոտերով՚, - ասաց  բաժնի  վարիչը: Ըստ  մեր զրուցակցի` շրջանում  բերքահավաքին պատրաստ  ամբողջ  գյուղատնտեսական  տեխնիկան  հնարավորություն  կտա  սեղմ ժամկետներում  ավարտել  հունձը: Հրդեհները  կանխարգելելու  նպատակով  շրջանային  հանձնաժողովը, շրջանային  ոստիկանության բաժինը, հակահրդեհային  հսկողության  պետական  տեսչությունը  և  շրջանի  համայնքների  ղեկավարները  պետք է  խստիվ  արգելեն  առանց  թույլտվության  և  առանց  հանձնաժողովի ներկայացուցչի   ներկայության, առանց  այրման  ժամանակի  մասին  նախնական  տեղեկության`  չոր խոտածածկի, հնձած  արտերի  և  ծղոտի  մնացորդների  այրումը  դաշտերում: Անտառային  զանգվածներում  հրդեհները  բացառելու  համար  պետք է  խստիվ  արգելել  նշված վայրերում  խարույկների  վառումը: Միաժամանակ,  լուրջ  ուշադրություն  պետք է  դարձնել  անտառներում  տրանսպորտի  և քաղաքացիների  տեղաշարժերին: Նշված  բոլոր  աշխատանքներն ընդգրկված  են  շրջվարչակազմի  ղեկավարի  կողմից  հաստատված  ծրագրում:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ