[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՔՈՒՐ ՈՒ ԲԱՐԵՏԵՍ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Ճարտարն Արցախի Հանրապետության խոշոր ու բարգավաճ բնակավայրերից է, որը շենանում է նաև հովանավորչական միջոցներով, և այդ ներդրումները կատարվում են յուրաքանչյուր տարի։

 Քաղաքի կարգավիճակ ձեռք բերելուց հետո համայնքում լայն թափ են ստացել շինաշխատանքները, որոնք նպատակ ունեն բարելավելու քաղաքի արտաքին տեսքը, նպաստելու համընդհանուր զարգացմանը։

Ճարտարում (Ներքին Ճարտարի հետ միասին) ապրում է 1246 ընտանիք՝ 4460 բնակչով։ Կենսաթոշակառուների թիվը կազմում է 715, մինչև 14 տարեկան երեխաներինը՝ 945։ Համայնքում գերակշռում է երիտասարդությունը, որի մեծ մասը, պետական աշխատանք կատարելուն զուգահեռ, զբաղվում է դաշտավարությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

Քաղաքում գործում են 5 դպրոց, 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց, մարզամշակութային պալատ, հիվանդանոց, ՙՂարաբաղ կարպետ՚ ՍՊԸ մասնաճյուղ, ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ ենթատեղամաս, Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամ, համակցված կերի արտադրամաս, փոստ, հանդիսությունների տուն և 56 խանութ-կրպակ։

Համայնքում լուծված է 994 բնակչի զբաղվածության խնդիրը, որից հիմնարկ-ձեռնարկություններում՝ 492, գյուղատնտեսության ոլորտում՝ 169, այլ բնույթի աշխատանքով՝ 54, շինարարության ոլորտում՝ 100։ 

Բնակչությունն ապահովված է խմելու ջրով՝ բացի Վերին Ճարտարներից։ Գործում է 7 արտեզյան հոր, կա 8 աղբյուր։ Գրեթե լրիվությամբ գազիֆիկացված է, գործող օբյեկտներն ապահովված են անլար հեռախոսակապով, հեռուստատեսային կապով, ավելի քան 520 ընտանիք օգտվում է համացանցից։

Մեր զրույցում Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը նախ խոսեց նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին, որը կատարվել է 89 տոկոսով` պլանով նախատեսված 29.269.800 դրամի փոխարեն մուտքագրվել է 26.235.453 դրամ։ Նախատեսված 4.589.000 դրամ դոտացիայից  տրամադրվել է 3.465.000 դրամը (75,5 տոկոս)։ 2017թ. տարեկան բյուջեի  ծախսային մասը կատարվել է 93,5 տոկոսով։ 29.269.800 դրամի դիմաց փաստացին կազմում է 27.374.809 դրամ։

Քաղաքապետը վերլուծեց 2017թ. քաղաքաշինության ոլորտում կատարված ու կատարվող աշխատանքները՝ նշելով, որ լուսավորվել են Ազատամարտիկների, Վերին Գ.Ճարտարի հ.1,հ.2, Երիտասարդների փողոցները, ինչի համար  ծախսվել է  ավելի քան 984 հազ. դրամ։

Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամի կողմից՝ ի դեմս Վոլոդյա Ավագյանի, Ճարտարում սալապատվել է 20.106 քառ. մետր ճանապարհ։ 

Ճանապարհաշինության և Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամի գործունեության մեջ մեծ ներդրումներ է կատարում բարերար Սերգեյ Ավետիսյանը, ում ֆինանսավորմամբ սալապատվել է 2000 քառ.մետր համայնքային նշանակության ճանապարհ։ Վ.Ավագյանի և Ս.Ավետիսյանի միջոցներով իրականացվում են նաև եկեղեցու և բնակելի շենքի շինարարական աշխատանքները։

Բարերար Աշոտ Ջիվանյանի միջոցներով նորոգվում, անհրաժեշտ գույքով ապահովվում են դպրոցները։ Հիմնանորոգվել է Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի սանհանգույցը, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Արա Ավանեսյանի անվան հիմնական դպրոցում, իսկ 2018թ.-ից համայնքում շարունակվում են սալապատման աշխատանքները։ 

Բարերար Մհեր Գաբրիելյանի միջոցներով կառուցվել է քաղաքի ֆուտբոլային դաշտը, սալապատվել են Գյունե թաղամասի գերեզմանոցը և դեպի ֆուտբոլի դաշտ տանող ճանապարհները: Գյունե թաղամասի գերեզմանոցի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է բարերար Էդիկ Գրիգորյանի կողմից: Ղուզե թաղամասի գերեզմանոցի հսկման ու բարեկարգման աշխատանքների իրականացման համար ֆինանսավորումը 2018թ.-ից կատարվում է բարերար Գաստելլո Մկրտչյանի կողմից։ 

2018թ.-ից բարերար Կարո Ասրումյանի կողմից սկսվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի և շրջակա տարածքի բարեկարգման ու վերանորոգման աշխատանքները։ 

Համայնքապետարանի առջև ծառացած օրախնդիր հարցերից Ա.Աղաբեկյանն առանձնացրեց համայնքի ջրամատակարարման ցանցի անմխիթար վիճակը։ 

Քաղաքապետի հավաստմամբ՝ հիմնական ներուժն ուղղված է տնտեսության զարգացմանը, քանի որ դրանով է պայմանավորված համայնքի զարգացվածության աստիճանը։ 

Ճարտար համայնքի տարածքը 7834հա է, որից վարելահողեր՝ 2306հա, այդ թվում սեփական՝ 1979հա, վարձակալած՝ 326հա, բազմամյա տնկարկ՝ 830հա, արոտավայր՝ 2030հա։ 

2017թ. բերքի տակ կատարվել է 1060հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 820հա`ցորեն, 240հա`գարի, 18հա`կտավատ, 7,5հա`կորնգան, 6,5հա`եգիպտացորեն, 200հա`սոյա, 7հա`ծխախոտ։

Լրիվությամբ կարկտահարվել է 281հա սեփական և վարձակալած հողատարածք, որի դիմաց կառավարության կողմից տրամադրվել է վարձակալած հողամասի համար՝ 267.800, սեփական հողամասի համար` 685.100 դրամ։ Արդյունքում սեփականատերերը  և վարձակալներն ազատվել են  այդ մասով հարկերից։

Հնձվել է 861,4հա ցանքատարածք։ Ամբարվել է 18845,4ց բերք՝ 22ց միջին բերքատվությամբ։ Արտադրվել է ցորեն՝ 13856,7ց, գարի՝ 4988,7ց։ Միջին բերքատվությունը կազմել է. ցորենը՝ 21,1ց, գարին՝ 23ց։ 2018թ. բերքի տակ կատարվել է 1518հա ցանքս, այդ թվում 1248հա` ցորեն, 270հա` գարի։ 

Ցածր էր խաղողի բերքատվությունը՝ մնացած տարիների համեմատ։ 280հա խաղողայգուց միջին բերքատվությունը կազմել է 80ց։ Համայնքում առկա է 456հա խաղողայգի, որից բերքատու՝ 310հա։ 38հա նռան այգուց հավաքվել է 132 տոննա բերք։

Կատարվել է 400հա գարնանացան մշակաբույսերի ցանքս, որից կարկտահարվել է 17հա կտավատ։

Հողագործությանը զուգահեռ համայնքում ուշադրության կենտրոնում է պահվում անասնապահության, հատկապես տոհմային ճյուղի զարգացումը։ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 596 գլուխ, այդ թվում կովեր՝ 261: Մանր եղջերավորների քանակը կազմել է 2900 գլուխ, խոզերի՝ 280, թռչունների՝ 20000 թև։ Զգալիորեն ավելացել է թռչունների և խոզերի թիվը: Շատ մենատնտեսներ մինչև 1000 և ավելի գլուխ անասուն են պահում։ 

Անդրադառնալով ընթացիկ տարվա անելիքներին՝ Արթուր Աղաբեկյանը նշեց քաղաքի վերին թաղամասերում ջրի խնդրի լուծման, դեպի գերեզմանոց տանող կամրջի կառուցման առաջնահերթությունը։ Ավարտին կհասցվեն դեպի Վերին  Ճարտար տանող ճանապարհի և Բորիկ Ղազարյան ու Անդրանիկ Ղահրամանյան փողոցների մեկական հատվածների սալապատման աշխատանքները։ Սալապատվելու է նաև Շիգիլան կոչվող թաղամասի մեկ հատվածը։ 

Լուսավորվելու են Բորիկ Ղազարյան, Յուրի Բաբաջանյան փողոցների և դեպի Վերին Գյունե Ճարտար տանող ճանապարհի որոշ հատվածներ։ 

Ա. Ջիվանյանի միջոցներով Ս. Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի բոլոր փայտե դռներն ու պատուհանները փոխարինվելու են եվրոդռներով ու եվրոպատուհաններով։ 

Ա.Աղաբեկյանը լիահույս է, որ քաղաքապետարանի ու ճարտարցիների միասնական, հետևողական աշխատանքի արդյունքում կունենան զարգացած, մաքուր ու  բարետես քաղաք։ 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք.Մարտունի