ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջև Հադրութի շրջանային բուժմիավորումում ՙՀամայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում՚ ծրագրի իրականացման վերաբերյալ կնքվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։
Ըստ Կ. Աթայանի` համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացման ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բուժօգնության և սպասարկման որակը, ապահովել դրանց մատչելիությունը գյուղական վայրերում։ Նախարարը նաև նշել է, որ ծրագիրն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլը մեկնարկել է ս.թ. գարնանը։ Ծրագրի շրջանակներում Արցախի առողջապահության նախարարության կողմից ընտրված 11 բուժաշխատող ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում վերապատրաստման դասընթացներ է անցել, որոնք էլ ստացած փորձն ու գիտելիքները փոխանցելու են գյուղական բուժաշխատողներին։
Կ. Աթայանի խոսքով՝ Հայ օգնության ֆոնդը նվիրատվության կարգով Տումու և Մեծ Թաղերի գյուղական բուժամբուլատորիաներին է տրամադրել պուլսոօքսիմետր, գլյուկոմետր, թթվածնի տարա, ստրիպներ, Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) բժշկական սարքավորումներ։
ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Հ. Սիմոնյանն էլ նշել է, որ տարիների ընթացքում Արցախի հեռավոր համայնքներում երբեմն ստիպված են լինում առողջապահության պատասխանատվությունն ստանձնել բուժքույրերը՝ սահմանափակ ռեսուրսների պարագայում իրականացնելով ընտանեկան բժշկի գործառույթներ: ՙԲուժքույրերի դերն ու նշանակությունը կարևոր է, իսկ նրանց գիտելիքների և ունակությունների ձեռքբերումը՝ անհրաժեշտություն: ՙՆոր մոտեցումներին, բժշկության ոլորտի վերջին նորույթներին տիրապետելու համար անհրաժեշտ է նրանց հետ անցկացնել վերապատրաստման պարբերական դասընթացներ՚,-ընդգծել է Հ. Սիմոնյանը։
Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացման ծրագրի շրջանակներում այս տարի դասընթացներին կմասնակցի Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների թվով 120 բուժքույր:
Հադրութում հունիսի 13-ից արդեն մեկնարկել են դասընթացները. դրանց մասնակցում է 15 բուժքույր: Ծրագիրը կիրականացվի մինչև 2019 թվականը ներառյալ։
Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ