[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՎՈՒՄ

Իրանահայ բժշկի մասնագիտական բուժօգնությունն  Արցախի բուժհաստատություններին

 Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջնորդությամբ և աջակցությամբ հունիսի 12-14-ն իրանահայ բժիշկ-ռադիոլոգ, մանկական սրտաբան (նեղ մասնագիտությունը՝ պտղի ներարգանդային էխոկարդիոգրաֆիստ) Արմեն Քոչարյանը, ՀՀ ՙԱռողջ կյանք՚ բարեգործական կլինիկայի սոնոգրաֆիստ Ալֆրեդ  Ավագյանն ԱՀ առողջապահության նախարարության ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրին հետազոտություններ։ 

ՙԱրևիկ՚-ում նրանք հետազոտեցին բուժվող 23 երեխայի, որոնց մեջ էին սրտի արատներով այն փոքրիկները, ովքեր վիրահատվել են Երևանում։ Մասնագետների կարծիքով՝ այդ երեխաների առողջական վիճակը բարվոք է, հետազոտությունները փաստել են, որ նրանց ապաքինումն ընթանում է բնականոն հունով։ 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում բժիշկները հետազոտեցին այն հղիներին, որոնց ընտանիքներում առկա է սրտի արատներով հիվանդությունների ժառանգականության գործոնը։ Կենտրոնի պոլիկլինիկական գծով փոխտնօրեն Էդուարդ Ղահրամանյանն անչափ կարևորեց նման մասնագետների այցը, որովհետև ծննդատունն ունի համապատասխան սարքավորում, բայց չունի մասնագետներ, ովքեր կկատարեն պտղի ներարգանդային էխոկարդիոգրաֆիա։ Նախօրոք հղի կանանցից ընտրվել է 11 հոգի, ովքեր ունեն նշյալ ժառանգական գործոնը։ Է. Ղահրամանյանի պարզաբանմամբ՝ նման խնդիրներով հղի կանայք պարտադիր ուղեգրվում էին Երևան` անհրաժեշտ հետազոտություններն անցնելու համար։ Իրանահայ մասնագետի շնորհիվ ծննդատանը գրանցված հղի կանայք հնարավորություն ունեցան տեղում հետազոտվել, ինչի արդյունքներով ապագա նորածիններն առողջ էին։ 

Բացի Ստեփանակերտի բուժհաստատություններից, բժիշկները եղան նաև Մարտակերտի բուժմիավորումում, որտեղ ևս կազմակերպեցին ընդունելություններ, խորհրդատվություններ ու հետազոտություններ։ Սոնոգրաֆիստ Ա. Ավագյանի խոսքով՝ Արցախում ստեղծված են հիանալի պայմաններ բուժօգնություն ցուցաբերելու համար. առողջապահության ոլորտի ներկայիս հնարավորություններն անհամեմատ բարվոք են, քան 17-20 տարի առաջ։ Արտերկրի մասնագետները գոհ են Արցախի բուժհաստատությունների շենքային պայմաններից, սարքավորումների հագեցվածությունից, մասնագետների պատրաստվածությունից։ 

Բժիշկ-ռադիոլոգ Ա. Քոչարյանը միշտ ցանկություն է ունեցել այցելել Արցախ և իր օժանդակությունը ցուցաբերել արցախցիներին։ Նա արդեն չորս տասնամյակ աշխատում է Թեհրանի կլինիկաներից մեկում, որտեղ հիմնադրել է սրտաբանական կենտրոն, միաժամանակ դասախոսել տեղի բժշկական համալսարանում։ Տարիներ ի վեր աշխատելով Թեհրանում, նա միշտ կարևորել է բժիշկների թիմային աշխատանքը։ Ա. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Արցախի առողջապահության ոլորտին։ Նրա հերթական այցը նախատեսվում է առաջիկա սեպտեմբերին։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ