Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԿՈՒՏԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ԵՎՍ ՉԽՆԱՅԵՑ Վնասի չափերը ճշտվում են

Հունիսի 17-ին տեղացած կարկուտի թիրախում հիմնականում մայրաքաղաքն է հայտնվել։ Աննախադեպ անձրևի, հզոր քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել էլեկտրալարեր։ Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տուժածներ չկան։ 

 Սկզբում անձրեւ, հետո կարուտ` ուղեկցված քամու ուժգին պոռթկումներով։ Համացանցում հայտնված առաջին սիրողական կադրերը տարերքի թիրախում հայտնված Ստեփանակերտի մասին միայն մոտավոր պատկերացում են տալիս. մայրաքաղաքի փողոցները հորդահոս գետերի հուներ էին դարձել, բակերը՝ լճեր։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը  14։13-ին մայրաքաղաքում և մերձակա մի քանի համայնքներում սկսվել են կարկուտ, հորդառատ անձրև` ուժեղ քամու ուղեկցությամբ։ Քամին եղել է հյուսիսային ուղղությամբ` 18 մ/վրկ արագությամբ, հետագա ուժգնությամբ մինչև 25 մ/վրկ արագությամբ։ Ուժգին քամով ուղեկցվող կարկուտն ու անձրեւը տեւել են մոտ կես ժամ։ Մի քանի ժամվա ընթացքում Ճգնաժամային կառավարման կենտրոնում տարերքից տուժածներից 100-ավոր  ահազանգեր են ստացվել։ Մայրաքաղաքի Սասունցի Դավթի 54 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն առավել շատ տուժածների թվում է. քամին տանիքն ամբողջությամբ պոկել եւ վայր է գցել։ Հետեւանքները նկատելի են առաջին հարկից։ Կարկտախառն անձրեւն առատորեն ողողել է շենքի բոլոր բնակարանները։ ՙԱյ այստեղով է ջուրը թափվել առաստաղից,- դեռ չչորացված հետքերն է ցույց տալիս Սեդա Գարաքյանը,- նաեւ պատուհաններով է լցվել։ Ամբողջ տունը հեղեղված է՚։ Րոպեներ անց փրկարարներն արդեն տանիքում են. հեռացնում են բեկորները, որոնք տեղահանվել են եւ կարող են վայր ընկնել։ Բնակիչներն էլ հիշում են` նախորդ տարի էլ անձրեւաջրերից վնասներ են կրել։ ՙԵրկու տարի առաջ էլ է ուժեղ քամի եղել։ Գնացել եմ քաղաքապետարան։ Եկել են, վերանորոգել։ Բայց արդյունքը տեսնում եք՚,- նույն Սասունցի Դավթի 54 հասցեի բնակիչներից Գագիկ Ղազարյանն է պատմում։

Վերջին օրերին տարերքի պատճառած վնասները գնահատելու եւ հետագա անելիքները որոշելու նպատակով խորհրդակցություն է հրավիրել նախագահ Բակո Սահակյանը։ Մայրաքաղաքի հետ` Հադրութի ու Քաշաթաղի շրջանների հարցն էլ է քննարկվել. նրանք կարկտահարվել են Ստեփանակերտից մեկ օր առաջ։ Ստեղծվել է օպերատիվ արձագանքման շտաբ` պետնախարարի գլխավորությամբ, խորհրդակցությունից հետո լրատվամիջոցներին տեղեկացրել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Փրկարարները կշարունակեն գործել ուժեղացված ռեժիմով։ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը վստահեցնում է. կարկուտից շատ չանցած՝ մայրաքաղաքում բնականոն կյանքը վերականգնվել է. ՙՓրկարար ուժերը ճշտում են քամու եւ կարկտի հետեւանքով առաջացած խնդիրները։ Մայրաքաղաքում իրավիճակը վերահսկելի է՚։ 

Անելիքների մեծ բաժին ունի Ստեփանակերտի քաղաքապետարանը։  Հաշվի առնելով տեղումները կրկնվելու հավանականությունը` առաջին հերթին խոսքը վնասված տանիքների վերանորոգման մասին է։ ՙՄոբիլիզացրել ենք կոմունալ տնտեսության բոլոր ուժերը, որ առաջին հերթին բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հարցը լուծենք՚,- մանրամասնում է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Կգործեն նաեւ վնաս կրած առանձնատների սեփականատերերին աջակցելու մեխանիզմներ։ Պատկերը կամբողջանա վնասները հաշվառելուց հետո: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

 

ՙԱԱ՚