ԵՎՍ ՄԵԿ ԱՍՏԾՈ ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հունիսի 16-ին այցելել են Մարտունու շրջանի Ճարտար քաղաք, որտեղ տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցու օծման արարողությունը:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ պատարագ:
Եկեղեցին կառուցվել է արմատներով ճարտարցի, ռուսաստանաբնակ Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ:
Հունիսի 16-ի առավոտյան ղողանջեցին Սուրբ Վարդանանք նորակառույց եկեղեցու զանգերը՝ ազդարարելով երկար սպասված իրադարձության մասին: Ավարտվել է տարիներ առաջ մեկնարկած շինարարությունը. Աստծո տունն արդեն պատրաստ է իր հարկի տակ ընդունել հավատացյալներին: Ճարտարեցիների ուրախությանը միանալու են եկել նաեւ շրջակա համայնքների բնակիչներից շատերը: Այնպես որ, եկեղեցու հրապարակը լեփ-լեցուն էր:
Այս նախաձեռնությունը Վլադիմիր Ավագյանի բարեգործական նախաձեռնությունների շղթայի մի օղակն է: Արդեն 5 տարի նրա ստեղծած Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամը լայնածավալ շինարարություն է իրականացնում ոչ միայն Ճարտարում, այլեւ հարեւան Գիշի գյուղում, Մարտունի քաղաքում: Հիմնադրամը գործում է 2013 թվականից: ՙԱյս տարիների ընթացքում կառուցվել են մանկապարտեզ, բազմաբնակարան շենք, վերանորոգել ենք հիվանդանոցի շենքը, ճանապարհներ,- թվարկում է կառույցի գործադիր տնօրեն Էդգար Վարդապետյանը:-Ամենաթարմ օրինակը եկեղեցու շինարարությունն է Ճարտարում՚:
Վլադիմիր Ավագյանի արմատները Ճարտարից են: Նա չի ծնվել Ճարտարում, բայց հոգու թելերով կապված է իր արմատներին ու ամեն ինչ անում է պապերի օրրանը շենացնելու համար: ՙԵս շատ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց, այս 5 տարիները եղել են շատ արդյունավետ: Արդյունքը տեսանելի է: Մեր Հիմնադրամի հոբելյանին կառուցվեց այս եկեղեցին, որն ամփոփում է մեր 5 տարիների աշխատանքը: Ուրախ եմ, որ այն դուր եկավ բոլորին, և գոհ եմ, որ կարողացա ուրախություն պարգեւել Ղարաբաղին՚,- ասում է բարերարը:
Ուրախ են նաեւ ճարտարցիները: Եկեղեցու կառուցումը գնահատում են որպես իրենց քաղաքի բարգավաճմանն ուղղված եւս մեկ քայլ:
Հանդիպումն առանց նվերների չանցավ: Բարերար Վլադիմիր Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրեց շինարարական գործիք` մալա, մաղթելով, որ այն օրվա մեջ 24 ժամ աշխատի, իսկ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը օգնի նրան հրաշքներ գործել նոր պաշտոնում:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ