ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ԹԵՐԻ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԻՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ՚

altՆերկա սերնդի համար  անհեթեթություն կհամարվի այն միտքը, թե կինը չի կարող ինքնահաստատվել  ընտանիքից դուրս, ուրեմն և իրավահավասար չէ տղամարդկանց հետ: Պարզ է,  սակայն, հատկապես մեր պայմաններում, որ դժվար է համատեղել ինքնահաստատման այդ երկու ցանկությունները: Ներկայացնում ենք այդ ճանապարհն անցած, իր  գործին և ընտանիքին նվիրյալ, Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:
Տիկին Մարիան, ով ներկայումս իրեն չի պատկերացնում առանց սիրած  աշխատանքի, միանգամից չէ, որ գտել է իր կոչումը: Նա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի լեզվագրական բաժինը, կարճ ժամանակ աշխատել մասնագիտությամբ, մոտ երեք տարի՝ մարզային պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես գիտաշխատող, այնուհետև՝ ԼՂԻՄ մշակույթի վարչությունում՝  որպես տեսուչ: 1983թ. ամուսնացել և տեղափոխվել է Ասկերան, որտեղ աշխատանքի է անցել շրջանային կենտրոնական գրադարանում՝ որպես գրքերի մշակման բաժնի խմբագիր: Այս աշխատանքն անսպասելիորեն բերեց ավելի մեծ բավականություն, և տիկին Մարիան հասկացավ, որ գրադարանային գործն իրեն ավելի հոգեհարազատ է. ընթերցելու և երեխաների հետ շփվելու նրա սերը տալիս էր ամենացանկալի արդյունքը` երեխաները մեծ սիրով հաճախում էին գրադարան, հաղորդակից դառնում գրքին,  մասնակցում զանազան միջոցառումների:
Հանգամանքների բերումով տիկին Մարիայի ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ: Սկզբում աշխատեց տարբեր տեղերում, և միայն 1994թ. հաջողվեց անցնել սիրած աշխատանքին` Մուրացանի անվան քաղաքային գրադարանում որպես մշակման բաժնի ավագ գրադարանավար: Նա գտնում է, որ դա սովորական հանգամանքների բերումով չէ, այլ մեծ խորհուրդ. իր աշակերտական և ուսանողական տարիներին նա օգտվում էր հենց այդ գրադարանից: Տիկին Մարիայի խոստովանությամբ, նա այդ օրվանից մինչ այսօր իր գիրք ուղեկիցներին բարի լույս է մաղթում: Նրա նվիրվածությունն ու եռանդը նկատվեց, և մեկ տարի անց նա նշանակվեց Մուրացանի անվան գրադարանային կենտրոնացված համակարգի տնօրեն: Քաղաքային գրադարանն այդ ժամանակ ուներ 5 մասնաճյուղ մայրաքաղաքի տարբեր մասերում: Հետպատերազմյան հոգսաշատ տարիներին վարչական այդ գործը շատ ուժ ու եռանդ խլեց տնօրենից` գրեթե ժամանակ չթողնելով զբաղվելու սիրած գործով. լուծարման ենթարկվեցին գրեթե բոլոր գրադարան-մասնաճյուղերը, հրետակոծությունից վնասվեցին գրադարանի պատուհանները, ինչն ուղղակի վնասում էր գրքային ֆոնդին՝ խոնավանում էին գրքերը…
Ապակու սղության պատճառով (դեռ բոլորիս հիշողության մեջ են հետպատերազմյան պոլիէթիլենով փակված պատուհանները) պատուհանների փոխարեն, որպես ժամանակավոր լուծում, կառուցվեց պատ, որն աշխատողներին և գրքերին զրկեց բնական լուսավորությունից ու արևի ջերմությունից, իսկ շենքի ջեռուցումն  անցկացվեց միայն վերջերս: Սակայն գրապահեստարանի պայմանները մնում են ընդունված նորմերին ոչ համապատասխան: Տիկին Մարիան համոզված է, որ մոտակա ժամանակներում կլուծվի նաև այդ խնդիրը:
Ըստ տնօրենի, գրադարանային գործի իմաստն այն է, որ գտնես գրքի բարեկամին, ինչն արդի ժամանակներում դյուրին գործ չէ: Տիկին Մարիան շեշտում է` գրադարանի գործը միայն գիրք տալ ու վերցնելը չէ, կարևորը գրքի համդեպ սեր արթնացնելն է, ինչի համար (և ոչ միայն) գրադարանի կողմից կազմակերպվում են զանազան միջոցառումներ. պոեզիայի երեկոներ, նոր լույս ընծայված գրքերի քննարկումներ, կենդանի հաղորդակցություն գրողների հետ, ազգային արժեքների վերարժևորում… Նա վստահեցնում է, որ միջոցառման մասնակիցների մեծամասնությունը, հաղորդակից դառնալով  այս կամ այն գրողին, ցանկանում է  ընդլայնել, խորացնել գիտելիքները: Այսինքն` նրանք դառնում են գրքի սիրահար, հոգևորի հաղորդակից, ինչն ինքնին մեծ նվաճում է, առավելապես, մեր` տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակներում, երբ կան այլընտրանքային բազում զբաղմունքներ:
Գրադարանը կազմակերպում է ինչպես փոքր միջոցառումներ աշակերտների համար (չնայած ընթերցասրահի բացակայությանը)` նրանց հաղորդակից դարձնելով գրքին, հոգևոր արժեքներին, այնպես էլ զանգվածային միջոցառումներ` նվիրված ոչ միայն հայ գրողների հոբելյաններին, այլև պատմամշակութային արժեք ունեցող հիշարժան իրադարձություններին, որոնք անց են կացվում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում: Այսպես, կապված հայ գրատպության 500-ամյակի հետ, կազմակերպվել է մեծ միջոցառում, որում ընդգրկված են եղել տարբեր ոլորտների մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ: Ըստ ներկաների գնահատանքի, միջոցառումն անցել է հետաքրքիր` իմացական և աշխույժ մթնոլորտում: Հնչել է այն միտքը, որ մեծ գնահատանքի է արժանի հենց ինքը, տիկին Մարիան` ՙորպես հոգևորի և գրքի արժևորման եռանդուն ջատագով՚:
Ապրիլին գրադարանը կանդրադառնա Մեծ եղեռնի 97-ամյակին` միջոցառումը նվիրելով եղեռնազարկ գրողներին: Ապրիլյան մյուս միջոցառումը կնվիրվի գրող, թատերագետ, մանկավարժ Իսահակ Ալավերդյանի ծննդյան 95-ամյակին:
Տիկին Մարիան մեծ բավականությամբ է նշում, որ 17 տարվա գրադարանային իր կենսագրության մեջ, իրենց միջոցառումներում ներգրավելով բազում ընթերցողների, օգնել է նրանց` կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում: ՙՄտովի անգամ չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց գրադարանային աշխատանքի,- խոստովանում է Մ. Խաչատրյանը։- Ինչքա՛ն թերի դա կլիներ: Եվ դա այն դեպքում, երբ ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է եղել՚: Նա համոզված է, որ տան համերաշխության բանալին մեծապես գտնվում է կնոջ ձեռքում, բայց տղամարդը պետք է օգնի նրան այդ հավասարակշռությունը պահպանելու գործում: Հայ տղամարդը պետք է կարողանա ձերբազատվել այն մտքից, թե կինը պետք է ծառայի միայն ընտանիքին: Արդեն մեկ դար է, ինչ կինը ապացուցում է, որ օժտված է օգտակար լինելու նաև հասարակությանը: Իսկ արցախցի կինն  ապացուցել է, որ արժանի է հատուկ հարգանքի։ Բավական է հիշել նրա գործադրած ջանքերը և խելամիտ պահվածքն Արցախյան պատերազմի և հետպատերազմյան ժամանակներում, երբ նրա փխրուն, միևնույն ժամանակ ուժեղ ուսերին ընկած էր ընտանիքի ողջ բեռը: Սա պետք է գնահատվի տղամարդկանց կողմից` այդ դեպքում ընտանիքին չեն  սպառնա արդի ժամանակների մարտահրավերները: ՙԱվագ և միջին սերնդի տղամարդիկ ավելի դժվար են համակերպվում կնոջ դերի արժեքավորմանը, սակայն նկատելի է, որ երիտասարդներն արդեն ընդունում են այդ իրողությունը: Սակայն ես  չէմ ցանկանա, որ մեր հասարակությունում իշխեն արևմտյան ընտանիքին բնորոշ բարքերը՚,- ընդգծեց տիկին Մարիան:
Նա բարձր է գնահատում հայ ընտանիքներում իշխող ամուր կապը, որը դարեր ի վեր պահպանել է ազգային ավանդույթները, հոգեկերտվածքը` երաշխիք լինելով հայ ժողովրդի վերածննդին:
Վերջում տիկին Մարիան շնորհավորեց հայ կանանց Ապրիլի 7-ի` Գեղեցկության և մայրության լուսավոր տոնի առթիվ, որը կապված է Ավետման տոնի հետ, ցանկանալով բոլորին ամենամեծ` մայրանալու պարգևը, քանի որ կյանք պարգևելով, կինը ապրում է երանության անմոռանալի պահեր, ինչը բերում է թե՜ ֆիզիկական, թե՜ հոգևոր գեղեցկության: 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ