[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐ

Յուրաքանչյուր տնտեսական տարի Մարտունու շրջանում կապիտալ շինարարության բնագավառում ծավալուն աշխատանքներ են իրականացվում, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։

2017թ. կատարված և ընթացիկ տարում նախատեսված շինարարական աշխատանքների  և առկա հիմնախնդիրների շուրջ զրույցի հրավիրեցինք Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի  քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ 

Արարատ ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆԻՆ։ 

Իմ զրուցակիցը նշեց, որ  2017թ. շինարարության բնագավառում իրականացված կապիտալ ներդրումները կազմել են   2144745 հազ. դրամ: Ընդ որում` բնակարանաշինության ոլորտում ներդրվել է  298 մլն 263 հազ. դրամ։ Դրանից շուրջ 64 մլն դրամը հատկացվել  է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներից։ Կրթության ոլորտում ծախսվել է ավելի քան 301 մլն դրամ: Հասարակական ու վարչական նշանակության շենքերի կառուցման, գնման, վերանորոգման, տարածքների բարեկարգման  և շինանյութերի հատկացման համար հատկացվել է 387 մլն 174 հազ. դրամ: 

Ա. Սուլեյմանյանի տեղեկատվությամբ` խմելու ջրամատակարարման, ջրահեռացման համար ծախսվել է 131 մլն 178 հազ. դրամ, այդ թվում՝ որոշ գյուղերում շահագործման են հանձնվել  ջրամատակարարման համակարգեր, կատարվել է ներքին ցանցի դիտահորերի և ջրահաշվիչների տեղադրում, աշխատանքներ են ընթանում արտաքին ջրատարի փոխարինման համար: Շարունակվում է 3-րդ պաշտպանական շրջանի զորամասի տարածքի ջրահեռացման համակարգի կառուցումը։            

Ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման ու պահպանման  համար օգտագործվել է 576 մլն 907 հազ. դրամ: 

Նշվեց, որ, պարբերաբար ստուգայցեր կատարելով շինարարական օբյեկտներ, վեր են հանվում  թերություններ, անորակ աշխատանքներ, նախագծերից, շինարարական նորմերից ու կանոններից շեղումներ և համապատասխան խորհուրդներով ու վարչական մեթոդներով կառուցապատողներին պարտադրում վերացնել դրանք։ 

Շինարարական օբյեկտներում ընթացող  աշխատանքների նկատմամբ ԱՀ  քաղաքաշինության նախարարության և շրջվարչակազմի կողմից պարբերաբար իրականացվող հսկողությունը, տեսչական ստուգումները և վերահսկողությունն ունենում են դրական ազդեցություն՝  աշխատանքների պատշաճ որակն ապահովելու  համար։  Արդյունքում ակնառու է շինարարության տարեցտարի բարելավվող որակը։ 

Թերի ու անորակ կառուցված կամ վերանորոգված օբյեկտները շահագործման են ընդունվում թերությունները վերացնելուց հետո միայն։         

Առայժմ չի հաջողվում պատշաճ վերահսկողություն իրականացնել բնակավայրերում կատարվող անհատական շինարարության որակի, շենքերի կամ շինությունների ճարտարապետական տեսքի ապահովման հարցում: Այդ բացը լրացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Քաղաքաշինության բնագավառի գործունեությունը բարելավելու համար, ըստ Ա. Սուլեյմանյանի, անհրաժեշտ է համագործակցություն և իրավասության սահմաններում յուրաքանչյուրին վերապահված պարտականությունների պատշաճ կատարում։ ՙԱյժմ դժվարությունների ենք հանդիպում կառուցապատման համար անհրաժեշտ հողատարածք ընտրելու ժամանակ՝  բնակավայրի և նրա սահմանամերձ տարածքները  որպես գյուղատնտեսական նշանակության տարածք տրամադրված լինելու կամ բնակիչներին սեփականաշնորհված լինելու պատճառով։ Հետևաբար՝ բնակավայրի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է ընտրել ու գոտիավորել համապատասխան հողատարածքներ ու սահմանված կարգով կատարել հողատեսքի փոփոխություն՚,- ասաց նա:    

Բնակավայրի լավագույն տեսքն ապահովում են ոչ միայն գեղեցիկ ու արդիական շենքերն ու շինությունները, այլ  նաև մաքրությունը, բարեկարգ փողոցներն ու մայթերը, որոնք շրջանի շատ բնակավայրերում բացակայում են։ Դրանք հնարավոր է ապահովել թե՜ համայնքի միջոցներով և թե՜ բնակիչների ջանքերով: 

Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են բազմաթիվ տների, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակների ուսումնասիրություններ, կազմվել են արատային ակտեր և նախահաշվային փաստաթղթեր։ Շրջանի բնակավայրերում կառուցապատողներին տրվել են մասնագիտական եզրակացություններ և խորհուրդներ, համայնքների ղեկավարներին` մեթոդական օգնություն ։

Մշակվել են սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, ներկայացվել  շրջանի հիմնախնդիրների լուծման առաջարկություններ, որոնք ներկայացված են ԱՀ կառավարություն` հնարավորության սահմաններում առաջիկայում   իրագործելու համար։ 

2018թ. կշարունակվեն  Կարմիր Շուկայի դպրոցի  մարզադահլիճի, Մարտունի քաղաքի մարզադաշտի   կառուցման, շրջկենտրոնի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու երիցտան և հոգևոր դաստիարակության կենտրոնի տարածքի բարեկարգման, զոհված ազատամարտիկների ու սոցիալական այլ խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բնակավայրերի բարեկարգման, Եմիշճան գյուղի ջրամատակարարման արտաքին ջրագծի փոխարինման աշխատանքները, կվերակառուցվի Թաղավարդ գյուղի ջրամատակարարման համակարգը։

Կլուծվեն հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող որոշ բազմազավակ  ընտանիքների համար տների կառուցման կամ նոր բնակարանով ապահովման խնդիրները։  Ճարտար քաղաքում կկառուցվի բուժկետի շենք։ 

Վերջում Ա. Սուլեյմանյանը նշեց այն հիմնախնդիրները, որոնք փորձելու են լուծել առաջիկա տարիներին: Մասնավորապես, որոշ բնակավայրերում (Ճարտար,  Խերխան,  Զարդանաշեն, Պառավաթումբ, Մյուրիշեն)` ջրամատակարարման խնդիր, Մարտունի քաղաքում` ջրահեռացման համակարգի ընդլայնում, ընդհանուր օգտագործման  և բնակավայր տանող ճանապարհների վերանորոգում, էլեկտրամատակարարման արտաքին համակարգերի բարելավում և ընդլայնում, ոռոգման համակարգերի ընդլայնում ու նորերի ստեղծում, Սարգսաշեն-Զարդանաշեն, Թաղավարդ-Զարդանաշեն, Կոլխոզաշեն-Մսմնա-Կավահան,  Եմիշճան, Պառավաթումբ  գյուղեր տանող ճանապարհահատվածների վերանորոգում: Նախատեսվում է նաև վերանորոգել Մարտունու հ.2 մանկապարտեզի շենքը,  Կոլխոզաշենի դպրոցը: Մշակույթի օջախներ կամ համայնքային կենտրոններ կկառուցվեն  Աշան, Ծովատեղ, Ավդուռ, Կոլխոզաշեն, Քերթ, Սոս  գյուղերում, երկու վթարային շենքեր կքանդվեն Մարտունի քաղաքում: Կբարելավվեն զոհված ազատամարտիկների, 1-ին կարգի հաշմանդամների, բազմազավակների, փախստականների ընտանիքների բնակարանային պայմանները։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի