[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՆ ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՕՐԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ

 

 

 

Հարցազրույց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Արցախյան պատերազմի մասնակից Մարտին ԱԼՈՅԱՆԻ հետ

 Մարտին Ալոյանը ծնվել է 1957թ., Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգն ավարտել է Երևանում: Հայրը` Գուրգեն Ալոյանը, 1967 թվականի Ղարաբաղյան շարժման մասնակից է: Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներից հալածվելով` տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում:

Մարտին Ալոյանն աշխատում է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որպես դերասան: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚, ՙՇուշիի ազատագրման համար՚, ՙԳարեգին Նժդեհ՚, ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալներով: Ինչպե՞ս մուտք գործեցիք թատերական աշխարհ:

- 1975թ. ավարտելով Երևանի Ավ. Իսահակյանի անվան N 16 միջնակարգ դպրոցը, որոշեցի ընդունվել թատերական ինստիտուտ:

Այդ օրերին Երևանում էր գտնվում ճանաչված բանաստեղծ և մանկագիր, այդ ժամանակ Ստեփանակերտի դրամատիկականի տնօրեն Գուրգեն Գաբրիելյանը: Նա այսպիսի առաջարկ արեց ինձ. ՙԱրի գնանք Ստեփանակերտ, այնտեղ դու կաշխատես որպես դերասան՚: Ես զարմացա. ՙԻնչպե՞ս, առանց կրթությա՞ն՚: Նա բարեհոգաբար ժպտաց. ՙԴերասան դառնում են ոչ թե ինստիտուտում, այլ բեմում՚: Սիրտս ուրախությունից թրթռում էր: Աշխատանքի ընդունվեցի որպես սկսնակ դերասան: Միանգամից դուրս եկա մեծ բեմ: Բեմադրվեց ուկրաինացի դրամատուրգ Նիկոլա Ջառուդնու ՙԾիածան՚ պիեսը, որտեղ ես կատարեցի Սաշկոյի դերը:

- 1988-ի Արցախյան շարժումը լիովին վերափոխեց մեր կյանքը: Շարժումը նաև հոգեաշխարհի փոթորիկ էր: Ինչպիսի՞ անմոռաց դեպքեր էին ուղեկցել Ձեզ այդ տարիներին:

-Մասնակցում էի հավաքույթներին, ձգտում մի բանով օգտակար լինել ժողովրդին և ազգային շարժմանը: Մի օր ձայնային ռեժիսոր Սոս Մայիլյանի հետ մեր տան պատշգամբն էինք նորոգում և միաժամանակ լսում ռադիոլուրերը: Տխուր իրադարձություններ էին զարգանում` ադրբեջանցիները հարձակվում էին հայ հովիվների վրա, քշում-տանում էին ոչխարի հոտերը, ծեծում անմեղ մարդկանց: Այդ ժամանակ էր, որ հասկացանք, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:

Թատրոնի կոլեկտիվը հյուրախաղերով գտնվում էր Երևանում: Երևանյան բեմերում այդ օրերին կայանում էր ՙՏունը վաճառքի ենթակա չէ՚ ներկայացումը, որտեղ ես նույնպես դեր ունեի: Պատրաստվում էինք վերադառնալ Ստեփանակերտ: Աշոտ Ստեփանյանն ասաց. ՙՄարտին, շատ կարևոր բեռ կա, կարո՞ղ ես հասցնել Ստեփանակերտ՚: ՙԻ՞նչ բեռ՚,- հարցրեցի: ՙԻնքնաշեն նռնակների նմուշներ՚: ՙՈրտե՞ղ է ծանրոցը՚,- հարցրեցի ես` ուրախություն ապրելով այն բանի համար, որ ինձ այդպիսի գործ է վստահվում: Գիտեինք, որ Ստեփանակերտի օդանավակայանում տիրություն էին անում ազերի օմոնականները: Ինքնաթիռով այդ բեռը տեղափոխելն անհնար էր, խստորեն ստուգում էին բոլոր ծանրոցները: Փորձեցինք Լաչինի ճանապարհով մուտք գործել Ստեփանակերտ: Մի քանի կիլոմետր էինք հեռացել Տեղ գյուղից, երբ մեր մեքենան կանգնեցրին ոստիկանության աշխատակիցները: ՙԼաչինում ձեզ ձերբակալելու են: Եթե ուզում եք կենդանի մնալ, հետ վերադարձեք՚:

Յուրայի մեքենայով ճանապարհվեցի դեպի օդանավակայան: Օդանավակայանի տնօրենը հայրենասեր մարդ էր, նախապես տեղեկացրի նրան ծանրոցի մասին, խոստացավ օգնել: Բայց ասաց` ամեն օր կգաս օդանավակայան, որ հարմար պահն ընտրենք: 30 կգ կշռող ծանրոցի պարունակությունը բաժանելով երկու մասի` տեղավորեցի արկղերում, ՙքողարկելով՚ մանկական հագուստներով և դպրոցական իրերով: Ճանապարհվեցի դեպի օդանավակայան: Տնօրենն ինձ տեսնելով` հրավիրեց աշխատասենյակ, որտեղ ծանոթացրեց երկու չսափրված մարդկանց հետ: ՙԱյս մարդիկ Ռուսաստանից բերված հարազատի դիակ ունեն: Երիտասարդ տղա է մահացածը, խեղդվել է լճում: Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքի հրամանատարությանը խնդրել ենք զինվորական ուղղաթիռ տրամադրել, որպեսզի աճյունը հասցնենք Շեխեր: Այս մարդկանց հետ դու էլ կուղևորվես: Դա քո միակ հնարավորությունն է՚:

Արկղերը տեղավորեցի ինքնաթիռում` նստելով արկղերից մեկի վրա: Իմ դիմաց նստած էր մի ռուս սպա, որը զննող հայացքով նայում էր ինձ: Հետո իմացա, որ նա Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքի շտաբի պետն է: Ուրիշ ուղևորներ էլ կային: Դագաղն իջեցրինք: Ուղղաթիռը կրկին օդ բարձրացավ և քիչ անց իջավ Խոջալուի օդանավակայանում: Հեռվից նկատեցինք, թե ինչպես էին ազերի օմոնականները մանրակրկիտ ստուգում Երևանից ժամանած ուղևորներին: Աղայան ազգանունով մի տղայի հետ ճանապարհին ընկերացել էի: Նա ինձ օգնեց: Ծառայողական դռնով դուրս եկանք և մոտեցանք տաքսիների կանգառին: Այդպես կատարեցի իմ առաջին առաջադրանքը` Ստեփանակերտ հասցնելով կարևոր նշանակություն ունեցող ծանրոցը:

- Սումգայիթի կոտորածը Հայոց մեծ եղեռնի շարունակությունն էր մեր օրերում: Լսել եմ, որ Դուք Սումգայիթյան եղեռնից անմիջապես հետո բեռնատար մեքենայով մտել եք ՙինտերնացիոնալ՚ այդ քաղաքը և այնտեղից դուրս բերել մի հայ ընտանիքի պատկանող տան գույքը: Ինչպիսի՞ ապրումներ եք ունեցել` մտնելով դժոխքի վերածված այդ քաղաքը:

- Մինչ այդ ես մի քանի անգամ եղել էի Սումգայիթում: Հյուրընկալվել էի իմ հեռավոր ազգականի` Էլֆրիդայի տանը, որը գտնվում էր ծովից հարյուր մետր հեռավորության վրա: Լողանում էի ծովում, հանգստանում: Երբ այլևս վտանգավոր դարձավ Սումգայիթում ապրելը, Էլֆրիդան իր երկու երեխաների հետ տեղափոխվեց Ստեփանակերտ: Նրա ընտանիքը հանգրվանեց երկսենյականոց նկուղային բնակարանում: Դա էլ մի բան էր: Մի օր նա եկավ մեր տուն, հուզված էր ու տխուր և խնդրեց, որ ես իրեն օգնեմ մի հարցում: ՙԻմ  տան գույքը մնացել է Սումգայիթում, այս օրերին պետությունը մեքենա է հատկացնում նրանց, ովքեր ցանկանում են Ադրբեջանի բնակավայրերից իրենց տնային գույքը տեղափոխել… Քեզ եմ դիմում, որովհետև, միակ տղամարդ բարեկամս դու ես… Կարո՞ղ ես ինձ օգնել…՚

 Ես համաձայնեցի: Հաջորդ օրը մտա Բորիս Դադամյանի աշխատասենյակը, որպեսզի պայմանավորվեմ ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հարցում: Նա ոտից գլուխ զննեց ինձ և ասաց. ՙԱլոյան, ո՞վ է ուղեկցելու վարորդին՚: ՙԵ՜ս՚,- ասացի: ՙԱյդ դեպքում գնա հաշվապահություն և մուծիր 110 ռուբլի... Հետո կգաս մոտս, ասելիք ունեմ…՚:

Բ. Դադամյանը հորեղբորս մտերիմ ընկերն էր: Մի քանի կարևոր խորհուրդներ տվեց, անփորձանք ճանապարհ մաղթեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ընդամենը արտաբերեց. ՙՏղա, զգո՛ւյշ կլինես…՚:

Բեռնատար մեքենայի վարորդը 35 տարեկան տղամարդ էր: Սև գանգուր մազերը, խիտ հոնքերը և արծվային հայացքը բացահայտում էին առնական ոգին: Անունն Էդիկ էր: Ճանապարհվեցինք: Զգացվում էր, որ Էդիկն այսպիսի առաջադրանք կատարում էր ոչ առաջին անգամ: ՙՄեքենայից երբեք չես իջնում, ադրբեջանցիների հետ որևէ առնչություն չես ունենում՚,- վարորդն ինձ մի քանի խորհուրդ տվեց, երբ արդեն անցնում էինք Սումգայիթի փողոցներով: Լայն ու ասֆալտապատ ճանապարհները, որոնք անշուշտ կառուցվել էին հայ վարպետների կողմից, առանձնանում էին իրենց որակով: Տագնապն ինքնին մի քանի րոպե համրացրել էր մեզ: Չէինք խոսում: Բայց և լո՛ւռ չէինք: Որոնում էինք Էլֆրիդայի տան ուղղությունը: Ո՞ւմից հարցնել… Ժողովուրդների բարեկամության մասին պատմությունն իրականության ծաղրապատկերն էր: Մայթով մի ռուս տղամարդ էր անցնում` որդու ձեռքը բռնած: Իջա մեքենայից և ռուսերեն ողջունելով նրանց, հարցրի մեր որոնած փողոցի տեղը: Ռուս տղամարդը երկյուղած հայացքով նայեց ինձ և անխոս ու արագ հեռացավ` տղային քարշ տալով իր ետևից: Բարձրահարկ շենքերի պատուհաններից սևեռուն հայացքով մեզ էին նայում: Տրոփող տագնապ կար: Այս ոճրագործ քաղաքում այլևս հայ չկար: Բայց հայի շինարար ձեռքի հետքերը դեռ շատ կապրեն այստեղ: Այս թշնամական ու լարված մթնոլորտում իսկույն ընդգծվում և առանձնանում էր հայն իր ներկայությամբ: ՙԻնտերնացիոնալ՚ քաղաքում հայը տեղ չուներ: Սումգայիթն այլևս նախկինը չէր: Նա ազատվել էր գաղափարական վարագույրներից և իր թուրքական ժանիքները ցցել… Հայի արյունն էր ներկել փողոցները: Եվ քաղաքն այդ ձեռք էր բերել բարբարոսի վարք: ՙԴեպի ո՞ւր քշեմ՚,- հարցրեց վարորդը: ՙԴեպի անորոշություն՚,- իմ փոխարեն կարծես պատասխանեց օտար փողոցը: Որոնող հայացքով սկսեցի փնտրել ծանոթ ճանապարհը: Կեսժամյա պտույտից հետո վերջապես գտանք անհրաժեշտ փողոցը: Մեքենան կանգնեց փողոցում: Էլֆրիդան այս հասցեն էր տվել: Բարձրացա երրորդ հարկ և սեղմեցի դռան կոճակը: Դուռը բացեց մի միջահասակ կին: Ադրբեջաներեն լեզվով տեղեկացրի գալուս նպատակը: Տանտիրուհին ժպտաց և ներս հրավիրեց: Ասացի մենակ չեմ, դրսում վարորդն է սպասում: ՙԹող վարորդն էլ ներս գա՚,- ասաց կինը: 

Իջա բակ, մոտեցա վարորդին: ՙԵս պիտի մնամ այստեղ,- ասաց վարորդը,- պիտի հսկեմ մեքենան, թուրքի լակոտները իմանալով, որ ղարաբաղյան մեքենա է, անպայման մեխեր կտեղադրեն անվադողերի տակ, որպեսզի չկարողանանք տեղ հասնել՚: Դիմացի փողոցով մի տարեց թուրք էր անցնում` ետևից քարշ տալով մի մատաղացու ոչխար, որի եղջյուրներից կարմիր ժապավեն էր կապած: Թուրքի լակոտները ուրախ կանչերով ուղեկցում էին նրան: Հավանաբար որդին բանտից էր փրկվել կամ էլ ազատվել ռուս զինվորի ձեռքից… Կոտորածներ հրահրած, բայց անպատիժ մնացած թուրքի ուրախությո՛ւն…

Տանտիրուհին զանգեց Էլֆրիդայի քրոջ ամուսնուն, որ ադրբեջանցի է: Շուտով նա եկավ երկու ընկերոջ հետ: Բարևեց ռուսերեն լեզվով: Արագ բարձեցինք մեքենան: Ընկերները հեռացան` ինչ-որ բանից զգուշանալով... Էլֆրիդայի քրոջ ամուսինը մեզ ուղեկցեց: Ճանապարհին հայհոյանքներ թափեց իր ազգի գլխին. ՙԽայտառակվեցինք աշխարհի առաջ: Ինչքա՛ն դիակներ են փոսերի մեջ լցրել, ասֆալտապատել...՚:

Ես լսելով նրան` ավելի խորն ու ուժգին ատեցի Կասպից ծովի ջուրը, որին կուլ էին գնացել մեր հայրենակիցները: Սումգայիթից դուրս եկանք: Բաքվում հյուրընկալվեցինք վարորդ Էդիկի բարեկամի տանը: Ժամանակ անց ճանապարհվեցինք դեպի Ստեփանակերտ: Կեսօրին տեղ հասանք: Գույքը իջեցրինք Էլֆրիդայի տան մոտ: 

Ես ու վարորդ Էդիկը (հետագայում նա զոհվեց Արցախյան պատերազմում) վերջին հայերն էինք, որ հեռացանք դժոխային Սումգայիթից:

 

 Ռոբերտ ԵՍԱՅԱՆ