[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ` ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Շրջանի բնակավայրերի տեսքը թերի կլիներ, եթե այն պատշաճ կերպով չվերահսկվեր  համաճարակաբանության և հիգիենայի  Հադրութի շրջանային բաժնի կողմից։ Խնդրի առնչությամբ զրույց ունեցանք բաժնի պետ Արևիկ ԲԱԼԱՅԱՆԻ հետ: 

 Ըստ Ա. Բալայանի, ամեն տարի ապրիլ ամիսը հայտարարվում է սանիտարական մաքրման միամսյակ, որի ընթացքում կազմակերպված շաբաթօրյակներին կատարված աշխատանքները տեսանելի են։ Միաժամանակ կազմակերպվել են բակային շրջայցեր ինչպես համայնքներում, այնպես էլ  շրջկենտրոնում, արդյունքում երևան հանված աղբակույտերը տեղափոխվել են անվտանգ տարածքներ և ինչպես այրման, այնպես էլ հողածածկման  միջոցով չեզոքացվել։ Ցավալի է, որ այդ աշխատանքներն  ամենուր չէ, որ  պատշաճ մակարդակի վրա են։ Մի շարք կառուցապատող կազմակերպություններ շինարարական թափոնը մեքենաներով  թափում են հենց ճանապարհների եզրերին: Նման թափոններ կան մինչ այսօր կառուցված բազմահարկ շենքի տարածքում։ Դեռևս չեն ցանկապատվել առկա 2  աղբանոցները, պայմաններ չեն ստեղծված հողածածկում իրականացնելու համար։ Մինչև այսօր լուծված չէ Հադրութ քաղաքի կոյուղու համակարգի մաքրման կայանի կառուցման հարցը:

 Ամառվա տապին ի՞նչ աշխատանքներ են տարվում վարակիչ հիվանդությունների կանխարգելակման ուղղությամբ։ Մեր զրուցակցի խոսքով` մշտական հսկողության տակ է պահվում  բնահողի, ջրի և օդի սանիտարահիգիենիկ վիճակը: Հողի նմուշները հիմնականում վերցվում են դպրոցների, մանկապարտեզների, զբոսայգիների, մարզադաշտերի տարածքներից։ 

 Խմելու ջուրն առաջնային է բնակչության առողջության  վրա ներգործելու  առումով։ Շրջանի տարածքում  առկա 88  ջրամատակարարման աղբյուրներից  վերցվել է 767 ջրի նմուշ մաներաբանական  և քիմիական  հետազոտության համար, որից 44 –ը չի համապատասխանել խմելու ջրի համար գործող նորմերին։ Մի շարք համայնքներում  մակերեսային աղբյուրների (գետերի) ջրերն առանց մաքրման և ախտահանման օգտագործվում են  խմելու համար։ Որոշ համայնքներում  ջրամբարները  և ջրատար ցանցերը գտնվում են վթարային վիճակում։                          

Նշված  բացերի և թերությունների վերացման նպատակով ի՞նչ առաջարկություններ կան։ 

 Շրջանի տարածքում  սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման  նպատակով  համայնքների ղեկավարներին  առաջարկվել է աղբահանումը կատարել ժամանակին, աղբանոցները վերակառուցել և ցանկապատել, վերացնել թափառող կենդանիների մուտքը զբոսայգիներ և փողոցներ, վերանորոգել ջրամբարները, ջրացանցերը, որոշ գյուղերում օգտագործվող մակերեսային ջրերը փոխարինել արտեզյան ջրերով, կամ այն մաքրելու համար տեղադրել համապատասխան սարքեր, ուշադրություն դարձնել բոլոր աղբյուրների տարածքների մաքրությանը, անցկացնել կենտրոնացված  կոյուղիներ։ Մնում է հուսալ, որ իրականացնելով նշված առաջարկությունները,  շրջանը կունենա սանիտարահիգիենիկ  տեսանկյունից  բարելավված համայնքներ։

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ