[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Համաճարակաբանության և հիգիենայի Մարտունու պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործում են համաճարակաբանության, միջատաբանական, սանիտարական, լաբորատոր, ախտահանման ենթաբաժիններ:

Ներկայում բաժնինն ունի 18 հաստիք, որից 3-ը՝ բժշկի, 12-ը` միջին բուժաշխատողների, 3-ը` այլ աշխատողների:

Կազմակերպության տնօրեն Ռ. Բաղդասարյանի խոսքով` կառույցի գործունեությունը վերահսկվում է ԱՀ առողջապահության նախարարության և համաճարակաբանության տեսչության կողմից:

2017թ.-ին շրջանում չի արձանագրվել հատուկ վտանգավոր հիվանդության որևէ դեպք: Չեն արձանագրվել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են որովայնային տիֆը, մանկական պարալիչը, դիֆթերիան, սիբիրյան խոցը և այլն: Չի արձանագրվել նաև մանկական մահացության դեպք ինֆեկցիոն հիվանդություններից: Արձանագրվել է վարակիչ և մակաբուծական հիվանդությունների ընդհանուր թվի նվազում, որը պայմանավորված է պլանաչափ իմունացման գործընթացով: Հաջողությամբ են ի կատար ածվում պոլիոմելիտի, դեղնախտի, կարմրուկի, կարմրախտի դեմ պայքարի ծրագրերը: Մի խոսքով` տարվա ընթացքում համաճարակաբանական իրավիճակը եղել է հանգիստ, առանց ինֆեկցիոն բռնկումների: Գրանցվել են աղիքային հիվանդությունների 47, մաշկային հիվանդության  59, քոսի 14, բրուցելյոզի  3, լեշմանիոզի  2,  վերքեր, որոնք ստացվել են վայրի կենդանիների կամ շների հետ շփումից` 145 դեպք: Կատարվել է կատաղության նկատմամբ 145 պատվաստում, պայմանական` 103, ոչ պայմանական` 42: Արձանագրված հիվանդությունների բոլոր օջախները ենթարկվել են ախտահանման, հիվանդների հետ շփվողները` բժշկական և լաբորատոր քննության: Բացի դրանից, կան մի շարք վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են սիբիրյան խոցը, տուլարեմիան, բրուցելյոզը, պարազիտային հիվանդությունները, որոնք մարդկանց են փոխանցվում հիվանդ անասունների կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք օգտագործելուց: Բրուցելյոզի 3 դեպք է արձանագրվել Սպիտակաշեն, Գիշի, Հերհեր գյուղերում: Ընտանիքի անդամներից 16 հոգուց արյուն է վերցվել բրուցելյոզի հետազոտության համար: Բոլոր հիվանդները ենթարկվել են հոսպիտալացման, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով:

Հիվանդներին պատկանող ընտանի կենդանիներն անասնաբուժական ծառայության կողմից ենթարկվել են ստուգման:

Մեր զրուցակիցը նշեց, որ շրջանի ոչ մի բնակավայրում անասունների մորթ իրականացնելու հատուկ վայր չկա, այն իրականցվում է բակերում, միսը սպառման օբյեկտներ են տեղափոխվում պատահական մեքենաներով, շատ հաճախ այդ գործընթացներն իրականացնում են մսավաճառները:

Կառույցն ամենօրյա կապի մեջ է անասնաբուժական ծառայության հետ և հնարավորության սահմաններում աշխատում է մթերքները վերահսկել, հետազոտել լաբորատոր քննության և նոր թույլատրել վաճառքի:

Համաճարակային ծառայության աշխատանքներում մեծ տեղ է հատկացվում պատվաստումներին և լաբորատոր հետազոտություններին: Ստուգման են ենթարկվում բոլոր ինֆեկցիոն հիվանդները, սպասարկվում են շրջանի տարածքում տեղակայված զորամասերը, շրջանի բուժպրոֆիլակտիկ հիմնարկներն ու քաղաքացիները:

2017-ին ծառայության լաբորատորիաների կողմից կատարվել է 4059 հետազոտություն, որից 289-ը` դրական արդյունքով:

Առանձնակի ուշադրություն է դարձվում արյան քննությանը, վիրաբուժական, վիրակապական նյութերին, ծննդատան լաբորատոր քննությանը, ատամնաբուժական կաբինետներին, ինչպես նաև խմելու ջրերի լաբորատոր հետազոտությանը:

4059 հետազոտություններից 3696-ը կատարվել է աղիքային, 347-ը` օդակաթիլային, 38-ը` մալարիա հիվանդությունների նկատմամբ: Հայտնաբերված հիվանդները բուժվել և գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո:

Սուր-շնչառական վիրուսային վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումները յուրաքանչյուր տարի  ավելի են ուժեղացվում: Դրանց նկատմամբ ժամանակին կազմակերպված մոնիթորինգի շնորհիվ հաջողվել է հաղթահարել բոլոր բռնկումները: Արձանագրվել են 1861 վերին շնչական ուղիների գրիպի և հարբուխի դեպքեր:

Պատվաստումները կատարվում են համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի և համաձայն տարեկան օրացույցի: 45 օրը մեկ ծառայությունը պատվաստանյութերը ստանում է հանրապետական կենտրոնից, սառնարանային վիճակում տեղափոխում շրջանի բոլոր բուժական կետերը, նախօրոք կազմված պատվաստվողների թվին համապատասխան չափաբաժիներով:

Այդ գործընթացը կազմակերպվում է 5-6 օրվա ընթացքում, ընգրկելով շրջանի բոլոր բուժամանկաբարձական կետերը: 

Պատվաստման են ենթակա շրջանի մինչև 56 տարեկան անձինք` 12 վարակիչ հիվանդությունների բացահայտման նպատակով, որոնք են տուբերկուլյոզը, հեպատիտ ‘’Բ’’-ն, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմելիտը (մանկական պարալիչ), ռոտավիրուսը և այլն: Նոր ներմուծված ՙՊենտա՚ հնգավալենտ պատվաստանյութը 1 սրսկումով երեխային վարակազերծում է հինգ հիվանդությունից, իսկ 2017թ.-ին պատվաստման օրացույց են մտցվել նոր պատվաստանյութ ռոտավիրուս և պնևմակոկ վակցինաները որոնք կատարվում են 1,5 – 3 ամսեկան երեխաներին` աղիքային վարակներից և թոքաբորբերից պաշտպանելու նպատակով:

Պատվաստումների ընդհանուր առաջադրանքը կատարվել է 98-99 տոկոսով:

Բացի բնակչության պրոֆիլակտիկ պատվաստումներից, զորակոչիկների և նախազորակոչիկների շրջանում իրականացվում են կանխարգելիչ պատվաստումներ (թվով 6 պատվաստում) համաճարակային ծառայության վերահսկողությամբ: 

Զինկոմիսարիատը կցագրված կազմակերպություններին տրամադրում է պատվաստման ենթակա զորակոչիկների տարիքային կազմը, որոնց պատվաստումն իրականացվում է 2 ամիս առաջ` մինչև զորակոչը, հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

Ծառայության կողմից մշտական հսկողություն է սահմանված հանրային սննդի, տեղում ստացվող մթերքների արտադրման և իրացման օբյեկտների աշխատողների նկատմամբ: Շրջանում ներկայում գործում է 7 սննդի արտադրություն: Հացի 7 արտադրամաս այն սպառողին է հասցնում համապատասխան մեքենաներով: 2017թ.-ին հանրապետական լաբորատորիա է ուղարկվել հացամթերքի 15 նմուշ, որից 4-ը չի համապատասսխանել պետական չափանիշներին: Հանրապետության Գյուղնախարարության կազմում ստեղծված  սննդի անվտանգության պետական ծառայությունը վերահսկում է սննդամթերքի, հատկապես մսի, մսամթերքի, կաթնամթերքի որակական կազմը:

Տեսչության հետ համատեղ ստուգվել են շրջանի որոշ մանկապարտեզները, հանրային սննդի օբյեկտները, բուժհիմնարկները, ատամնաբուժական կետերը, հացի թխման և մսի վաճառման կետերը: Հայտնաբերված թերությունները գրանցվել և համաապատասխան ժամկետ են տրվել դրանք վերացնելու համար: 

Ջրի 520 նմուշի ստուգում է իրականացվել քիմիական, միկրոկենսաբանական ցուցանիշներով` ընդգրկելով աղբյուրներն ու ընդհանուր ցանցը: Օրվա դրությամբ անհանգստության առաջնահերթ խնդիր է համարվում բնահողի կեղտոտման աճող գործնթացը: Տարվա ընթացքում պարբերաբար բողոքներ են ստացվում տարբեր համայնքների բնակիչներից շրջապատի հակասանիտարական պայմանների վերաբերյալ: Բողոքները ստուգում են տեղում՝ համայնքի ղեկավարի մասնակցությամբ: Այդ գործում մեծ օգնություն են ցուցաբերում ոստիկանության տեղամասային լիազորները: 

Ընկերությունը պայմանագրային աշխատանքներ է կատարում շրջանի 142 օբյեկտներում:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի