[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԾՆՈՒՆԴԸ

Սուրբ Մարիամ Աստվածածնի ամենօրհնյալ ծնունդը նշվեց Կարմիր գյուղի ՛՛Սուրբ Աստվածածին՛՛ եկեղեցում:

Մի քանի տասնյակ հավատացյալներ սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտից ուխտով ժամանել են Կարմիր գյուղ, մասնակցելու Օրհնյալ Կույսի ծննդյան կապակցությամբ մատուցվող սրբ. Պատարագին, որին ներկա էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազան Մարտիրոսյանը: Պատարագը մատուցվեց Արցախի փոխառաջնորդ Հայր Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ:

Պատվավոր հյուրն  էր  Ռուսաստանից ժամանած  գրող, հրապարակախոս, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,  Ռուսաստանի գրողների միության անդամ Վլադիմիր Զախարովը:  Սուրբ Պատարագին մասնակցեցին նաև համագյուղացիներ:

Սուրբ Պատարագի ավարտին սրբազան Հայրը օրհնելով և շնորհավորելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանցի հայ ժողովրդի բարեկամին իր ներկայության համար, ինչպես նաև տիկին Էլմիրային, ով իր նախանձախնդրությամբ պայքարել է տեղի եկեղեցու վերանորոգման և շահագործման պատասխանատու գործի համար, որն էլ ի դեպ կազմակերպել է ուխտագնացությունը դեպի Կարմիր գյուղ: 

Ամենավերջում ներկաների համար մատաղի հյուրասիրություն պատրաստվեց:

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Այս տոնը առաջագույն տոներից է, որովհետև «Աստվածածնի միջոցով նորոգվեց ողջ մարդկային ցեղը և նախամայր Եվայի տխրությունը՝ ուրախության վերածվեց»: Հայ եկեղեցում Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից: