[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Արցախի ժուռնալիստների միության 5-րդ համագումարում

 Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության բոլոր նախաձեռնումներն, ըստ Կ. Գաբրիելյանի, իրականացվել են լրագրողների անմիջական մասնակցությամբ և ուղղված են եղել Արցախում մեդիա դաշտի կայացմանը, լրագրության՝ որպես մշակութային բաղադրիչի արժևորմանը և լրագրողի հասարակական դերի բարձրացմանը։

Նա մասնավորապես ներկայացրեց այն կարևոր ձեռնարկումները, որոնք համարվում են համատեղ ձեռքբերում։ 

Արդեն քանի տարի՝ Միության վարչությունը ձեռնամուխ է եղել Արցախի մամուլի պատմության համապարփակ ուսումնասիրմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրամասի մեդիան հարուստ պատմություն ունի։ Դեռևս նախորդ համագումարի ժամանակ լրագրողներին իրազեկվել էր նոր լրագրողական հանրագիտակի՝ նոր պրակի կազմման աշխատանքների ընթացքի մասին. այսօր այն արդեն պատրաստ է և շուտով պետք է տպագրության հանձնվի, ընդ որում՝ նախորդի համեմատ կրկնակի մեծ ծավալով ու Արցախի մամուլի պատմության վերաբերյալ տվյալների նոր բազայով համալրված։ ԱրԺՄ նախագահը հպարտությամբ փաստեց, որ դա մի պատկառելի հանրագիտարան է, որի նմանօրինակը չկա անգամ Հայաստանում։ Նա իր երախտագիտությունը հայտնեց Միության վարչության անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանին, ում ջանքերի շնորհիվ հաջողվել է գործը գլուխ բերել։ 

Կ. Գաբրիելյանը ձեռքբերում համարեց նաև ԱրԺՄ նոր գրասենյակը, որն աչքի է ընկնում իր հարմարավետությամբ և որտեղ պարբերաբար տարաբնույթ թեմաներով քննարկումներ, շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Այդ ամենի մասին տեղեկատվություն կա Միության կայքէջում, որն, ի դեպ, նույնպես գործում է հասարակական հիմունքներով և մեծ արձագանք է գտել տեղեկատվական դաշտում։ 

Բնականաբար,  Միության վարչությունն այդ ընթացքում կազմակերպել է նաև գործնական, ճանաչողական կամ ուսուցողական բնույթի հանդիպումներ, որոնք չեն լուսաբանվել լրատվամիջոցների կողմից։ Դրանց շարքում նշվեցին ապագա լրագրողների հետ տարբեր ձևաչափերով տարվող աշխատանքներն ու հանդիպումները՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի սահմաններից դուրս։ Կ. Գաբրիելյանի խոսքով՝ մասնագետների գնահատմամբ դրանք շատ օգտակար են, ուստի Միության վարչությունը խոստանում է նմանօրինակ միջոցառումները դարձնել շարունակական։ 

Հաշվետու ժամանակաշրջանում ԱրԺՄ տեսադաշտից դուրս չեն մնացել շրջանային թերթերի խնդիրները։ Դրանց շրջանակում Միության օժանդակությամբ ստեղծվել է Քաշաթաղի շրջանի ՙՄերան՚ թերթի կայքէջը։ Մինչ այդ ստեղծվել էր Ասկերանի շրջանի ՙԲերդ՚ թերթի էլեկտրոնային տարբերակը, և դրանք երկուսն էլ ծառայում են բուն նպատակին։ Միության նախագահի հավաստմամբ՝ խնդիր է դրվել նպաստել նաև մյուս շրջանային թերթերի կայքէջերի ստեղծմանը, ինչը հիմնականում կախված է խմբագիրների ցանկությունից. դեռևս ոչ բոլորն են համաձայն տպագիր մամուլը  էլեկտրոնայինով փոխարինելու գաղափարին։ Բայց այսօրվա դրությամբ տպագիր թերթերը մեծամասամբ չեն հասնում գյուղաբնակներին, և ստացվում է, որ խնդիրն ամենևին էլ նրանց տեղեկատվություն հասցնելը չէ։ Խնդիրն ավելի շատ սփյուռքահայերին տեղեկատվություն տրամադրելուն է վերաբերում՝ ինչպես անել, որ նրանք իրազեկված լինեն Արցախում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Համացանցային ԶԼՄ-ների լսարանն, անկասկած, մեծ աշխարհագրություն ունի, սակայն առավել արդյունավետության համար անհրաժեշտ է, որ կայքէջերն ունենան ավելի շատ այլալեզու տարբերակներ՝ նկատի ունենալով արտաքին լսարանի համար դրա քարոզչական նշանակությունը։

Միության կարևորագույն խնդիրներից մեկն էլ եղել և մնում է լրագրողների սոցիալական վիճակի բարելավումը։ Լրագրողական արտադրանքն այսօր կարծես շատ ավելի էժան է գնահատվում։ Այս ուղղությամբ տեսանելի քայլեր արվել են։ Միության նախագահն ու վարչության անդամները՝ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միասին, եղել են Արցախի Հանրապետության Նախագահի մոտ, ներկայացրել լրագրողներին հուզող հարցերը։  Արդյունք եղել է, բայց ընդհանուր առմամբ` լրագրողը սոցիալապես դեռևս մնում է խոցելի։ ԱրԺՄ նախագահն այս առնչությամբ առաջարկներ ունի ԱՀ կառավարությանը. լրագրողների կարգավիճակն ու աշխատավարձը հավասարեցնել տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների աշխատողների կարգավիճակին (քաղծառայող կամ պետական ծառայող) ու աշխատավարձին։

Ժուռնալիստների միությունն այսօր  միակ լրագրողական ընտանիքն է Արցախում, ինչի մասին ցավով նշեց Կ. Գաբրիելյանը։ Մի քանի տարի առաջ կար նաև Ստեփանակերտի մամուլի ակումբը, որը, ըստ բանախոսի, բավական լավ ու պատկառելի աշխատանք էր կատարում։ Ուստի, որպես միակ լրագրողական հասարակական կազմակերպություն, ԱրԺՄ առաքելությունն ավելի պարտավորեցնող է։ Դա է վկայում նաև Միության անդամների օրեցօր ավելացող թիվը։ 

Կ. Գաբրիելյանը լրագրողներին կոչ արեց լինել նախաձեռնող, համերաշխություն ցուցաբերել լրագրողական ընտանիքում։

Համագումարի պատվիրակները լսեցին նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանի հաշվետվությունը միության 2015-2017թթ. ֆինանսական գործունեության մասին։ Նշված տարիներին ԱրԺՄ-ն պետբյուջեից ստացել է 4մլն 500 հազար դրամ, որից խնայված գումարների թիվը կազմել է 956 հազար 836 դրամ։ Ըստ զեկուցողի՝ Միությունը վարել է հավասարակշռված ու խնայողական ֆինանսատնտեսական քաղաքականություն։  

Ելույթ ունեցողներն անդրադարձան այն կարևոր խնդիրներին, որոնց լուծմամբ Արցախի լրատվադաշտում շոշափելի առաջընթաց կարող է արձանագրվել։ Ասկերանի շրջանի ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը խոսեց շրջանային թերթերին հուզող խնդիրների մասին։ Նրա կարծիքով՝ տպագիր մամուլն ինչ-որ տեղ սպառել է իրեն. թերթը տպագրվում է, բայց ընթերցողին չի հասնում, արդյունքում ստացվում է, որ պետության` շրջանային թերթին տված 7մլն դոտացիան նպատակային չի օգտագործվում։ Տպագիր մամուլին զուգահեռ՝ ՙԲերդը՚ նաև կայքէջ ունի՝ ավելի շատ ընթերցողներով։ Այս առումով լրատվամիջոցի խմբագիրն իր առաջարկներն ունի, որոնք պատրաստվում է ներկայացնել շրջվարչակազմի ղեկավարին։

ԱՀ գյուղնախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Միրզոյանի խոսքով՝ երկրի համար քաղաքական այս բարդ իրավիճակում լրագրողները պատկառելի ներուժ ունեն՝ ազդեցության լուրջ լծակ դառնալու համար։ Ըստ Կ. Միրզոյանի՝ լրագրողների գործունեության մեջ ժանրերի բազմազանության խնդիր կա. լրատվամիջոցների աշխատանքից գրեթե դուրս է մնացել լրագրողական հետաքննությունը։ Ինչ վերաբերվում է ԱրԺՄ գործունեությանը՝ ելույթ ունեցողը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է բավականին աշխատանք։ ՙՄենք ունենք կուռ կառույց, որը շոշափելի աշխատանք է կատարել նաև Միության անդամներին այս կամ այն կերպ սատարելու համար՚,- ասաց Կ. Միրզոյանը։

Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ, վաստակավոր լրագրող Նվարդ Ալեքսանյանը, բարձր գնահատելով Միության կատարած աշխատանքը, առաջարկեց մոտ ապագայում տպագրվելիք նոր հանրագիտակն ամբողջությամբ տեղադրել կազմակերպության կայքէջում։ Լրագրողը նաև առաջարկեց, որ Միության անդամ յուրաքանչյուր լրագրող կայքում ունենա իր էջը, որտեղ ամիսը մեկ անգամ կկարողանա հանդես գալ իր հետաքրքիր հոդվածով կամ ստեղծագործությամբ։  

ԱՀ ԿԳՍ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը կարևորեց տեղեկատվության անհրաժեշտությունը՝ հատկապես ներքաղաքական լարված իրավիճակներում և կոչ արեց լրագրողներին ակտիվություն և ճիշտ դիրքորոշում ցուցաբերել, ինչը պետք է օրինակ ծառայի հասարակության համար։ Նա անդրադարձավ նաև մեկ այլ կարևոր խնդրի. լրագրության բաժնի շրջանավարտները աշխատաշուկայում խնդիր ունեն, քանզի նրանց մասնագիտական որակավորումը չի համապատասխանում լրատվական դաշտի արդի պահանջներին։ Այս առումով, ըստ Ա. Ղուլյանի, Միությունը պետք է կամուրջ հանդիսանա՝ աջակցելով նոր սերնդի լրագրողների պատրաստմանը։

Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով, ի դեպ, համագումարի աշխատանքների վարողն էր, իր ելույթում անդրադարձավ Արցախի տեղեկատվական դաշտի կատարելագործմանը։ Նշվեց, որ այս եզրույթում Միությունն զգալի աշխատանք է ծավալում։ Ըստ Վ. Հակոբյանի՝ լրագրողները մեծ առաքելություն են կատարում՝ եղանակ ստեղծելով կյանքի տարբեր բնագավառներում։ ՙԵթե նկատի ունենանք Արցախի ներկայիս կարգավիճակն ու վերջին տարիները՝ անկախության անցած ճանապարհը, յուրաքանչյուր լրագրող որոշակի հերոսություն է դրսևորել այս տարիների ընթացքում։ Գրիչը զենքին հավասար պայքարել է...՚,- ասաց նա։

ԱրԺՄ համագումարին ողջույնի խոսք ասաց ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց Արցախի ժուռնալիստների միությանը՝ սերտ համագործակցության համար, և որպես ասվածի առհավատչյա՝ Կիմ Գաբրիելյանին պարգևատրեց ԼՂՀ ԱԿԱՀՄ ՙՀայրենիք և հավատ՚ հուշամեդալով։  

 Միության վարչության կատարած աշխատանքը գնահատվեց բավարար։ 

Համագումարի օրակարգային հարցերի թվում նաև ընտրություններ էին։ Բաց քվեարկությամբ ընտրվեց Միության վարչության նոր կազմ։ Վարչության նախագահ վերընտրվեց Կիմ Գաբրիելյանը։  

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ