[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԱՄՆ ՙAdventist Health Glendale՚ բժշկական կենտրոնի հետ համատեղ Արցախում առաջին անգամ կազմակերպվեց առողջապահական բազմոլորտ նեղ մասնագիտական հիվանդությունների հետազոտման և վիրահատությունների իրականացման ծրագիր։

Նշյալ բժշկական կենտրոնի շուրջ 65 մասնագետներին սեպտեմբերի 30-ին ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) դահլիճում ողջունեցին  առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ոլորտի պատասխանատուներն ու բժիշկները։ Այնուհետև ամերիկացի բժիշկները ծանոթացան ՀԲԿ-ի շենքային պայմաններին, նախանշեցին 4-օրյա աշխատանքները և տեղի մասնագետների հետ մեկնարկ տվեցին առողջապահական այդ ծրագրին։ 

Սեպտեմբերի 30-ից ամերիկահայ և այլազգի բժիշկները կամավորության սկզբունքով իրականացրեցին հետազոտություններ, ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (մասնավորապես կատարակտի) վիրահատություններ, ծնկան և ուսային հոդերի էնդոպրոթեզավորում, արթրոսկոպիա, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ) և սրտաբանական միջամտություններ, գինեկոլոգիական վիրահատություններ։ ՀԲԿ տնօրեն Արմեն Խաչատրյանի պարզաբանմամբ՝ ամերիկյան առաջատար բժիշկների աջակցությամբ իրականացվող ծրագիրը կյանքի է կոչվում ԱՀ Նախագահի հովանու ներքո։ Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, այս տարվա ամռանը նշյալ ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետների առաջին խումբը եկել էր Արցախ և տեղում ծանոթացել ոլորտի հիվանդանոցային պայմաններին, վիրահատարանների սարքավորումների ու գործիքների առկայությանը։ Այդ ժամանակաընթացքում մշակվել են ծրագրի մանրամասները, հետո էլ համացանցի միջոցով ճշտվել բուժօգնության և վիրահատության ենթակա մարդկանց թիվը, հիվանդների նախնական հետազոտությունների արդյունքները, ըստ այդմ էլ հստակեցվել է բժշկական առաքելության խմբի կազմը։ ԱՄՆ բժիշկներն ձգտեցին իրականացնել ծրագրով նախատեսվածը՝  75 գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա, մինչև 25 ընդհանուր վիրաբուժական միջամտություն, հոդի վնասվածքների 16 վիրահատություն, 16 արթրոսկոպիա, իսկ անգիոգրաֆիկ բաժանմունքում սրտի և գլխուղեղի հետ կապված 13 հետազոտություն և ըստ անհրաժեշտության` վիրահատություններ։ ՙԱմերիկացի առաջատար բժիշկներն իրենց հետ բերել են բավականին նոր սարքավորումներ, մասնավորապես`  4 գաստրոսկոպ-կոլոնոսկոպ, ակնաբուժական ՙInfinity՚ մակնիշի ֆակոէմուլսիֆիկացիոն ժամանակակից սարքավորում, որը թույլ է տալիս ավելի արդի մեթոդներով կատարել կատարակտի  վիրահատությունը։ Բացի դրանից, նվիրաբերել են ծնկան հոդի թանկարժեք 16 պրոթեզ, շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի սարքավորում և 80 հազար դոլար արժողությամբ դեղորայք, բժշկական պարագաներ։ Հուսով ենք, որ այս սարքավորումներով տեղի մասնագետները կշարունակեն առաջնորդվել բուժօգնության արդի մեթոդներով, իսկ ամերիկյան բժիշկների համագործակցությունն էլ կկրի շարունակական բնույթ՚,-ասաց Ա. խաչատրյանը։ 

ՙAdventist Health Glendale՚ բժշկական կենտրոնի մասնագետներն աշխատել են ծանրաբեռնված ռեժիմով, Արցախում առաջին անգամ իրականացրել բարդ վիրահատություններ, մասնավորապես ՀԲԿ-ի անգիոգրաֆիայի բաժանմունքում տեղի մանսագետների հետ գլխուղեղի զարկերակների անգիոգրաֆիկ հետազոտություններ և միջամտություններ։ Իսկ ծնկան հոդի պրոթեզների տեղադրման բարդ վիրահատությունները նախկինում իրականացվում էին ՀՀ-ից և ՌԴ-ից ժամանած վնասվածքաբանների աջակցությամբ, և տեղի մասնագետները դեռևս ինքնուրույն նման վիրահատական միջամտություններ չէին իրականացնում։ Այս այցի շրջանակներում ամերիկյան բժիշկների հետ նույնպես կատարվեցին նման բարդագույն վիրահատություններ։ Ինչպես տեղեկացրեց ՀԲԿ գլխավոր տնօրենը, Արցախում գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կատարվում էին առանց անզգայացման։ ԱՄՆ մասնագետներն իրենց հետ բերել են այդ հետազոտության համար անհրաժեշտ ժամանակակից դեղորայք և սարքավորումներ, որոնք թույլ են տալիս զննումները կատարել ցավազրկման և ավելի դյուրին մեթոդներով։

 Այցի շրջանակներում ՀԲԿ-ում ժամանակավորապես հետաձգել են պլանային վիրահատությունները, որովհետև տեղի մասնագետների ողջ ներուժը ներդրվել էր նշյալ ծրագրի իրականացմանը։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել ընդգրկվել ծրագրի այս փուլում, հնարավորություն կունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ  բժիշկների հաջորդ խմբի այցի շրջանակներում։ Բացի դրանից, հոկտեմբերի 6-ին Արցախ կայցելի Ֆրեզնոյի բժիշկների մեկ այլ խումբ, որում ընդգրկված նեղ մասնագետները կշարունակեն հետազոտությունները և կկատարեն անհրաժեշտ վիրահատություններ։ Ա. Խաչատրյանը հավաստիացրեց, որ հերթագրված բոլոր հիվանդներին առավելագույնս կփորձեն բուժօգնություն ցուցաբերել։ 

ՙAdventist Health Glendale՚ բժշկական կենտրոնի դեղագործական բաժնի գլխավոր համակարգող Ռոմիկ Իսկանդարյանն արդեն 5-րդ տարին է կամավորության սկզբունքով այցելում ՀՀ և առաջին անգամ` Արցախ։ Բացի դեղորայքից, բժշկական սարքավորումներից ու այլ պարագաներից նա կարևորեց փորձի փոխանակումը, նորագույն բուժօգնության գործելաոճը, ինչպես նաև հայազգի գործընկերների հետ շփումը, հայրենակիցներին աջակցելը, ծառայելը։ Նույն բժշկական կենտրոնի ինվազիվ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Միքայել Գրիգորյանը կարևորեց Արցախում առաջին անգամ կատարված եզակի վիրահատությունները։ Նրա խոսքով՝ այս ամենի նպատակն է օգնել ազգակից եղբայրներին, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան բուժվել ժամանակակից մեթոդներով, մասնավորապես` ուղեղի, անոթների զանազան հիվանդությունների վերջին սերնդի մոտեցումներով։ 

Ամերիկացի բժիշկները պատրաստակամ են շարունակել համագործակցությունը: 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ