ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

Վան համայնքի (Քաշաթաղի   շրջան) առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրներից  մեկը   ջուրն է։

 Այս  մասին  ասել  է  համայնքի  ղեկավար Էդիկ  Մարկոսյանը։ Նրա  խոսքով՝  ըստ պետական ծրագրի, այս  տարվա հոկտեմբերին   գյուղի   ջրագծերը  պետք  է    վերանորոգվեն։   

Խոսելով  գյուղի  մասին՝   Է. Մարկոսյանը տեղեկացրել է, որ համայնքն ունի 31  տնտեսություն՝  130 բնակչով: Նախորդ տարում այստեղ արձանագրվել է 5 ծնունդ։ Գյուղում   կա   4  բազմազավակ  ընտանիք։ Վերաբնակեցումը նորմալ   է  ընթանում:  Եթե  լինեն ավելի   շատ     բնակարաններ, վերաբնակիչները  կավելանան։

ՙԳյուղի  երկհարկանի   դպրոցն  ունի   38  աշակերտ. նրանց   թիվը   տարեցտարի  ավելանում է։  Այժմ կրթօջախը   վերանորոգվում  է։  Արդեն   տեղադրել  ենք նոր  տանիք, փոխել լուսամուտները,     մոտ 10  օրից   էլ   կսկսենք    ներքին  հարդարման  աշխատանքները,- մանրամասնել է   Է.  Մարկոսյանը: - Սակայն մանկապարտեզ  չունենք։  Պետական  միջոցներով  այս  տարվա    հուլիսից  գյուղում  կառուցվում  են  համայնքային  կենտրոն  և բուժկետ. դրանք   նախատեսվում  է  ավարտին  հասցնել մինչև  տարեվերջ։   Վանի    բնակիչների  50%-ը    պետության    կողմից անվճար   տրամադրված   շինանյութով   վերանորոգել է  տները։ 2017  թվականին  էլ    գյուղում  վերակառուցվել է  6  տուն,  իսկ  այս  տարի՝   3, որից   մեկինը   իրականացվել  է  ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի  միջոցներով։ Այստեղ  հասանելի  է համացանցը։  Գազամատակարարումը  դեռևս  երազանք  է բոլորիս  համար։ Միջհամայնքային ճանապարհները  նորմալ   վիճակում   են։ Գյուղի  բնակիչներն  օգտվում  են   Կովսական-Ստեփանակերտ երթուղուց.  այն    գործում  է   շաբաթական  մեկ  օր՚։ 

Ըստ   համայնքի   ղեկավարի՝   բնակչության   հիմնական   զբաղմունքը   հողագործությունն  է։  Մեծ  մասը  զբաղվում  է  ձմերուկի  մշակությամբ։ Այս  տարի  վանեցիները  մշակել  են      60  հա   ձմերուկ, որից  ստացել  են     շուրջ   2000  տոննա  բերք։  Այն  իրացնում  են  Արցախի  և  Հայաստանի  շուկաներում։  Կա   նաև  շուրջ   10  հա   պտղատու  այգի։ ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի միջոցներով համայնքում այս տարվա գարնանը հիմնվել է 5 հա արքայանարնջի այգի, տնկվել է շուրջ 2500  տնկի։ 

ՙՑանել  էինք  նաև   350  հա  աշնանացան   գարի, որը,  ցավոք,  կարկտահարության  պատճառով  100%-ով    տուժել  է։   Պետությունը հողօգտագործողներին    1  հա-ի  դիմաց փոխհատուցել  է    30  հազար  դրամ՚,-ավելացրել  է  գյուղապետը։ 

 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ