[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԲԱՐԵՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս հանդիսավորությամբ իր դռները բացեց Մարտակերտի վերանորոգված մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, որի սաները աղուհացով և ազգային պարերով դիմավորեցին ՙՀայրենիք՚ միության գործադիր մարմնի ատենապետ Հակոբ Ալեքսանյանին, Միության մի խումբ անդամների:

Բացմանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, այլ պատասխանատուներ, քաղաքի երկու հանրակրթական դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ։

Ի դեպ, Կենտրոնը կրում է ազգի նվիրյալ Սարգիս Հացպանյանի անունը, ով նաև մի շարք շինարարական ծրագրեր է իրականացրել շրջանում, կառուցել է բուժկետ, համայնքային կենտրոն:

ՙՀայրենիք՚ միության գործադիր մարմնի անդամ Հակոբ Բաշմակյանը ելույթում նշեց, որ իր համար պատիվ է ներկա գտնվել այս հանդիսավոր արարողությանը: ՙՍփյուռքը ձեզ հետ է, այդ ճանապարհից հետդարձ քայլ չկա, շնորհակալ ենք բոլորից այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար՚,- հավելեց Հ. Բաշմակյանը։

Կենտրոնի տնօրեն Ռիմա Իզմայիլյանը շնորհակալություն հայտնեց Հակոբ Ալեքսանյանին` շենքի վերանորոգումը ֆինանսավորելու համար և կոլեկտիվի անունից հուշանկար նվիրեց նրան, շնորհակալություն հայտնեց նաև շինարարներին որակով աշխատանք կատարելու և այն ժամանակին ավարտելու համար։ 

Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը հրապարակեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, համաձայն որի ազգի նվիրյալ Սարգիս Հացպանյանին` Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, Հաղթանակի տոնի, ԱՀ ՊԲ կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու շնորհվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալ: Այն Սարգիս Հացպանյանի այրուն` տիկին Հասմիկ Պողոսյանին,  հանձնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը։ 

Սարգիս Հացպանյանի անունը կրող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի բացման պատիվը տրվեց տիկին Հասմիկ Պողոսյանին և Կենտրոնի սան Լիանա Չալյանին։

Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղի կողմից անցկացվեց Կենտրոնի օծման արարողություն, որից հետո ներկաները ծանոթացան վերանորոգված շենքին։

 

Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ք. Մարտակերտ