[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԵԶՆՈՅԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաց դռների օր

 Արդեն երրորդ անգամ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մի խումբ առաջատար բժիշկներ Ստեփանակերտի բուժհաստատություններում իրականացնում են անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` վիրահատական միջամտություններ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի համագործակցության շրջանակներում հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում բուժսպասարկումն իրականացվել է դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և թերապևտի կողմից, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` մանկաբարձ-գինեկոլոգի, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում՝  մանկական ուրոլոգի, ատամնաբույժի, և Ուռուցքաբանական դիսպանսերում` վիրաբույժ ուռուցքաբանի կողմից: Վիրահատությունները կատարվել են նաև լապարոսկոպիկ եղանակով:Ծրագիրը  հովանավորել է Ֆրեզնոյի ՀՀ հյուպատոսարանը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ յուրաքանչյուր մասնագետ օրվա ընթացքում հետազոտել է շուրջ 60 քաղաքացու և անհրաժեշտության դեպքում կազմակերպել բարդ վիրահատություններ։ Բացի հայազգի բժիշկներից` խմբում ներգրավված են նաև օտարազգի բուժաշխատողներ, ովքեր արդեն երրորդ անգամ են իրենց ներդրումը բերում Արցախի առողջապահական ոլորտին։ Պ. Աբգարյանի պարզաբանմամբ` այս տարի 32-հոգանոց բուժանձնակազմը մեկ շաբաթ աշխատել է Հայաստանում, այնուհետև 22 մասնագետներով այցելել են Արցախ ու բացի բուժօգնությունից ոլորտին նվիրաբերել դեղորայք։ ՙՀայազգի բժիշկների հետ զուգահեռ մեծ ջանասիրությամբ ու հաճույքով աշխատում են նաև օտարազգիները, ովքեր, կապվելով Արցախի հետ, միշտ պատրաստակամ են կրկին այցելել և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։ Իսկ մեզ համար դա ուխտ է, ու ամեն տարի այցելելով հայրենիք` փորձում ենք հնարավորինս աջակցել նեղ մասնագիտական տարբեր ոլորտներում և հուսով ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի՚,¬ նշեց ՀՀ պատվավոր հյուպատոսը։ Հոկտեմբերի 8-ին  ԱՄՆ բժիշկներին ընդունել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ով բարձր  է գնահատել Ֆրեզնոյի բժիշկների առաքելությունը, քննարկել հետագա շարունակական ծրագրերը։ Համաձայն պայմանավորվածության` այսուհետ Արցախ կայցելեն այն բժիշկները, որոնց կարիքը խիստ զգացվում է ոլորտում։ ԱՀ այցելած բժիշկների 11-հոգանոց խումբն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով` առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ երեկո, իսկ առաջին օրերին բարդ վիրահատություններ են կատարվել նաև գիշերային ժամերին։ Պ. Աբգարյանի հավաստմամբ` բացի բուժօգնության ծրագրերից, հնարավորության սահմաններում օտարերկրացի բժիշկների համար կազմակերպվել են այցեր Շուշիի պատմամշակութային վայրեր, որպեսզի տեղում նրանք ծանոթանան Արցախի պատմությանը, ազատագրական պայքարին, բերդաքաղաքի ազատագրման և այլ պատմական կարևոր դեպքերի։ Նրանք տեղեկացել են նաև մեր երկրում տիրող իրավիճակին, վերջին քաղաքական իրադարձություններին։ Հայ ժողովրդի պատմական կարևոր դեպքերին տեղեկանալով` օտարերկրացի բժիշկներն էլ ավելի պատրաստակամություն հայտնեցին վերադառնալ ՀՀ և ԱՀ` մասնագիտական և այլ աջակցություն ցուցաբերելու համար։ 

Ֆրեզնո քաղաքի հայազգի ատամնաբույժ և ծրագրի կազմակերպական հարցերով օգնական Վաչե Վասիլյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ նախատեսված է կատարել շուրջ 65 վիրահատություն։ Արցախ այցելած 22-հոգանոց բուժանձնակազմի 11 բժիշկները կաշխատեն վերոնշյալ բուժհաստատություններում` իրենց նպաստը բերելով Արցախի ազգաբնակչության առողջության պահպանմանը։ Թերապևտ Արա Սողոմոնյանն էլ նշեց, որ հետազոտությունների արդյունքներով` բնակչության մեծ մասն ունի հիպերտոնիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի, ասթմայի և շնչուղիների հետ կապված մի շարք խնդիրներ։ Հետազոտության ընթացքում հիվանդները տեղում ստացել են անհրաժեշտ դեղորայք։ 

Անոթային վիրաբույժ, ծագումով պարսիկ Սեմի Էքպալիեն առաջին անգամ է Արցախում։ Նա անչափ տպավորված է տեղի ժողովրդի ջերմ ընդունելությամբ, բուժանձնակազմի վերաբերմունքով։ ՙԵղբայրս  անցած տարի Ֆրեզնոյի բժիշկների հետ եկել էր Արցախ և տեղեկանալով, որ ոլորտում կա անոթաբանի կարիք, առաջարկեց ինձ էլ իր հետ գալ այստեղ և ցուցաբերել բուժօգնություն։ Այստեղ ես ինձ շատ  հարազատ եմ զգում, մանավանդ մոտիկից տեղեկանալով այս երկրի պատմությանը, անչափ զգացված եմ և պատրաստակամ ուժերիս ներածին չափով աջակցել՚,¬ ասաց Ս.Էքպալիեն։ Բժշկի պարզաբանմամբ` հետազոտությունները ցույց են տվել, որ անոթային խնդիրներ ունեցող տղամարդիկ ավելի շատ են՝ կապված ծխելու չարաշահման հետ, իսկ կանայք ավելի շատ տառապում են վարիկոզ հիվանդությամբ։

Ֆրեզնոյի բժիշկները խոստացան կրկին այցելել Արցախ և խմբի մեջ ներառել նաև  այն բժիշկներին, որոնց բուժօգնությունը խիստ անհրաժեշտ է տեղի առողջապահական ոլորտին։ Կմշակվեն նաև ծրագրեր հետագա համագործակցության համար։  

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ