Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Թարգմանչաց  տոնի  առթիվ  օրերս  Հայ  Առաքելական եկեղեցու   քրիստոնեական   դաստիարակության  և  քարոզչության   կենտրոնի   նախաձեռնությամբ  Ստեփանակերտի  Սուրբ  Հակոբ  եկեղեցու  բակից  ուխտագնացություն  կազմակերպվեց  դեպի  Մարտունու  շրջանի  Կաղարծի  գյուղի  Սուրբ  թարգմանչաց  եկեղեցի։

 Ուխտագնացության  մասնակիցները    եկեղեցում  մոմեր  են   վառել, որից  հետո     մասնակցել Մարտունու  Սուրբ  Ներսես  եկեղեցու քահանա   Տեր  Արամ   Թիլիքյանի   մատուցած   պատարագին։ 

Հայ  Առաքելական եկեղեցու   քրիստոնեական  դաստիարակության  և  քարոզչության   կենտրոնի    տնօրեն  Տեր  Մեսրոպ  Խունոյանը  մեզ  հետ    զրույցում  ասել  է, որ  Սուրբ թարգմանչաց  տոնը  նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ  օրը՝  նվիրված հայոց գրերի գյուտին,  թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին։

Մեր    զրուցակցի  խոսքով՝    Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով։  Գրերի գյուտից հետո  թարգմանված առաջին  գիրքը  ՙԱստվածաշունչ՚-ն է, որը  համարվել  է  ՙԹարգմանությունների թագուհի՚, իսկ  առաջին  մեսրոպատառ   նախադասությունը՝ ՙՃանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ՚։

Անդրադառնալով  Սուրբ  թարգմանչաց  տոնին  նվիրված  ուխտագնացությանը՝  Տեր  Մեսրոպ  Խունոյանն   ասել է. ՙՈւխտագնացությունն   ուխտ  կատարելու  մի ձև է, որն   առաջին քրիստոնյաներից եկած  և  այսօր   էլ  իրականացվող    ավանդույթ է։ Ուխտագնացությունը  հոգևոր բարեպաշտական արարողություն է, հոգևոր մի ճանապարհորդություն, որի ընթացքում քրիստոնյան ապաշխարության, ինքնաքննման, ինքնամաքրման  միջոցով որդեգրվում է աստվածային կենսապարգև շնորհներին, վերահաստատում իր ուխտն  Աստծո  հետ, հաղորդակից դառնում աստծո կենդանի խոսքին ու քրիստոնեական ճշմարտություններին։

Ուխտագնացությունն ինքնանպատակ չէ. աստվածաճանաչության ճանապարհին այն անհատին հասու է դարձնում քրիստոնեական հավատալիքներին, սրբավայրերի պատմությանը, հայ ծեսին ու բազմադարյան  ավանդույթների արմատներին՚։ 

Ըստ    Տեր  Մեսրոպ  Խունոյանի՝   վերջին   շրջանում   հասարակության  և  եկեղեցու  միջև  կապն  էլ  ավելի  է  սերտանում։  Նկատելի  է, թե մարդկանց,  մանավանդ  երիտասարդների, ինչպիսի   հոսք  կա      դեպի   եկեղեցի։

Խոսելով  ուխտագնացությունից   ստացած  իր  տպավորությունների  մասին՝  ուխտագնացության մասնակից Հասմիկ   Հայրապետյանն  ասել  է, որ նման   միջոցառումներն   օգնում  են, որ իրենք  էլ   ավելի   մոտենան    Աստծուն  և  եկեղեցուն։   

ՙՑանկալի է, որ  նման   ուխտագնացություններ   հաճախակի  կազմակերպվեն, որովհետև,  ամեն  անգամ  մասնակցելով  պատարագին  և լսելով  հոգևորականների  քարոզները,  յուրաքանչյուրիս  մեջ   հավատն  ու  սերն  առ  Աստված  ավելի  են ամրանում՚,-նշել  է Հ. Հայրապետյանը։      

Միջոցառմանը  մասնակցում  էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ  Աշոտ  Սարգսյանը,  մի խումբ եկեղեցականներ, հավատացյալներ, երիտասարդներ, կաղարծեցիներ։ 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ