ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 1-ից ՙՂարաբաղ Տելեկոմը՚ վերոնշյալ ուսումնական հաստատություններին ինտերնետային ծառայություններ է մատուցում գործող վճարներից 30 տոկոսով ցածր սակագներով: DSL մոդեմով, ինչպես նաև ռադիոմոդեմով անլար կապով անսահմանափակ մուտքով ինտերնետ ծառայության նոր սակագները` ըստ արագությունների կազմում են.
128 կբիթ/վրկ արագության դեպքում` 1960 դրամ` գործող 2799 դրամի փոխարեն,
256 կբիթ/վրկ արագությամբ` 3360 դրամ` գործող 4799 դրամի փոխարեն:
Ցանկը շարունակվում է: Այս սակագներից կարող են օգտվել Արցախի տարածքում գործող միջին մասնագիտական և բարձրագույն 12 ուսումնական հաստատություններ: Նշենք, որ մեկ ամիս առաջ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ նման ակցիա է կատարել հանրակրթական դպրոցների համար, սակայն առայժմ 27 դպրոցներ են միացված համացանցին, չնայած այդ նպատակով պետական բյուջեով գումարներ են հատկացված բոլոր դպրոցների համար:
Հանձնաժողովը հաստատեց ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի մեթոդիկաները։ Հարցը ներկայացնող հանձնաժողովի համապատասխան բաժնի պետ Ա. Մուսայելյանը նշեց, որ քննարկումներին մասնակցել են ինչպես շահագրգիռ կազմակերպությունները, այնպես էլ ԼՂՀ-ի հետ ՀՀ կարգավորող մարմնի մասնագետները։ Էլեկտրաէներգիայի կորուստների վրա ազդեցություն են ունենում մի շարք գործոններ, ինչպիսիք են էներգիայի ծախսի մեծությունը տվյալ ժամանակամիջոցում, էլեկտրաէներգիայի բաշխման և սպառման անհամաչափությունը օրվա ընթացքում, բերվածքի գրաֆիկների տարբերությունը ըստ առանձին ֆազերի և այլն։
Հանձնաժողովը հաստատեց լիցենզավորված անձանց կողմից ԼՂՀ բնական գազի ներկրման առավելագույն սակագինը։ Գազակարգավորման ոլորտում Արցախում գործում է երկու իրավաբանական անձ՝ Էյ-Ջի ՍՊԸ-ն և ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ն։ Էյ-Ջի-ն Հայաստանից ներկրում է բնական գազ և առուվաճառքի պայմանագրի համաձայն, վաճառում ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ին։ Ներկրման սակագնի վերանայումը, հանձնաժողովի հավաստմամբ, չի ազդի սպառողներին մատուցվող գազի սակագնի վրա։
Հանձնաժողովը լսեց աշխատակազմի հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի բաժնի 2011թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Մասնավորապես էներգետիկայի բնագավառում հանձնաժողովը գործունեության լիցենզիա է տվել հինգ կազմակերպությունների` ՙՍյունիք-1՚, ՙՍյունիք-2՚, ՙՄատաղիս-1՚, ՙՄատաղիս-2՚, ՙԹրղի-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանների համար, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է 19,5 մգՎտ, և դրանք տարեկան կարտադրեն 115,7 մլն կՎտ/ժամ էլեկտրէներգիա:
ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ին տրվել է ոռոգման գործունեության լիցենզիա, որով իրականացվում է 6500 հա հողատարածքի ոռոգում. Ասկերանում` 4325հա, Մարտունում` 1717 հա, Մարտակերտում` 358 հա, Հադրութում` 100հա:
Կարգավորման ոլորտում գտնվող ընկերություններն ապահովում են ԼՂՀ պետական բյուջեի մուտքեր, լիցենզիայի տուրքեր, որոնք 2011թ. կազմել են 18մլն 985 հազար դրամ:
Հանձնաժողովը հաստատեց մի քանի այլ որոշումներ ևս։
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ