Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՐԴեՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՐԴԻ ՉԱՓԱՆԻՇՆեՐՈՎ

ԱՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքը շահագործման է հանձնվել դեռևս 2017թ. ապրիլի 2-ին՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի աջակցությամբ, ֆրանսահայ բարերար Ռիշար Օհաննիսյանի հովանավորությամբ և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։

 

Իսկ բուժսարքավորումներով համալրման աշխատանքները տևել են 1,5 տարի։ Անհրաժեշտ սարքավորումների մի մասը ձեռք է բերվել պետբյուջեի միջոցներով, մյուս մասն էլ բարերարների աջակցությամբ։ Ս.թ. հոկտեմբերի 15-ից Ուռուցքաբանական դիսպանսերը բուժսպասարկումն իրականացնում է արդեն նոր շենքում,չափանիշներով։

ԱՀ ԱՆ ՙՈւռուցքաբանական դիսպանսեր՚ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանի տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 25-ից ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններում և արդի սարքավորումներով իրականացվում են նաև վիրահատական միջամտություններ։ Բուժհաստատությունն ունի ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնարի նոր ծառայություններ։ Հոկտեմբերի 26-ի դրությամբ դիսպանսերը սպասարկել է 40 հիվանդի։ Ինտենսիվ թերապիայի նոր ծառայության հիվանդասենյակում տեղադրված արդի սարքավորումներն ապահովում են հիվանդի հետվիրահատական, ինչպես նաև ծանր բարդություններ ունեցողների բուժման ընթացքը։ Ինչ վերաբերում է ցերեկային ստացիոնար նոր բաժանմունքին, այստեղ բուժումն իրականացվում է ցերեկային ժամերին նախանշված ժամանակահատվածում, և հիվանդը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվում հիվանդանոցից։ Այս ամենին զուգահեռ դիսպանսերը ձեռք է բերել ժամանակակից քարշիչ-պահարան սարքը, որի շնորհիվ դեղորայքն անհրաժեշտ չափաբաժիններով և ստերիլ պայմաններում փոխանցվում է հիվանդին։ ՙԸնդհանրապես հիվանդների ներարկումներն ուրույն ձևեր ու չափաբաժիններ ունեն։ Տարբեր պաթոլոգիաների ժամանակ դեղորայքը լուծվում է զանազան լուծիչների հետ և ժամանակացույցով (1 ժամ, 5 ժամ, 46 ժամ) տրամադրվում հիվանդին։ Այդ ժամերը կարգավորելը դժվարություններ էր առաջացնում։ Այժմ էլեկտրոնային կառավարման նոր սարքերով տվյալ հիվանդի ներարկման ժամանակահատվածը ճշտվում է և ստույգ ռեժիմով կարգավորվում ներարկումը՚,- նշեց Ա. Հայրիյանը։ Դիսպանսերն ունի նաև գերժամանակակից սարք-լաբորատորիա։ Այստեղ տեղադրվում է քիմիաթերապիայի դեղորայքը, և բուժաշխատողը հատուկ ձեռնոցներով ու ստերիլ պայմաններում, նշված ռեժիմներով պատրաստում է դեղորայքի չափաբաժինը։ Քանի որ նշյալ դեղորայքը պարունակում է տոքսիկ նյութեր, նման անվտանգ սարք-լաբորատորիայի շնորհիվ չեն վնասվում ոչ միայն հիվանդն ու բուժաշխատողները, այլև շրջակա միջավայրը։ Ժամանակակից նոր սարք է տեղադրված դիսպանսերի կլինիկական և բիոքիմիական լաբորատորիայում։ Դրա շնորհիվ կրճատվում է հետազոտության ժամանակահատվածը, իսկ ուլտրաձայնային գերժամանակակից սարքավորման չորս տարբեր տվիչներով հետազոտվում են մարդու օրգանիզմի չորս խմբերի օրգանները: Ընդհանուր առմամբ՝ դիսպանսերի ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ունի չորս մահճակալ, ցերեկային ստացիոնարը՝ 14, իսկ շուրջօրյա ստացիոնար բաժանմունքում տեղադրված է 18 մահճակալ։ Գործադիր տնօրենի պարզաբանմամբ՝ մտադիր են հետագայում ընդլայնել մահճակալային ֆոնդը, որովհետև չի բացառվում, որ ՀՀ Սյունիքի մարզի հիվանդները նույնպես կարող են բուժօգնություն ստանալ ԱՀ-ում։ Բուժսպասարկումը դիսպանսերում իրականացվում է նույն բուժանձնակազմով։ Բժիշկներից երկուսը երկու տարի առաջ վերապատրաստվել են Ֆրանսիայում, իսկ մեկ բժիշկ ու բուժքույր վերջերս են վերադարձել ՌԴ-ում երկշաբաթյա որակավորման ուսուցումից։ Արցախում ուռուցքաբանական ծառայություններն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, սակայն բարորակ գոյացությունների դեպքում այն անձինք, ովքեր ընդգրկված չեն սոցիալական առանձին խմբերում, բուժօգնություն կարող են ստանալ վճարովի հիմունքներով՝ առողջապահության նախարարության կողմից հաստատված վճարովի գնացուցակով։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում և ԱՀ-ում չարորակ նորագոյացությունների թիվն աճում է։ Այդ ախտածին հիվանդությունների բուժման համար կարևոր նշանակություն ունի վաղ հայտնաբերումը, որը, ինչպես նշեց Ա. Հայրիյանը, ոչ միշտ է կախված բուժսարքավորումներից։ Շատ դեպքերում դա պայմանավորված է բնակչության շրջանում սան-լուսավորչական աշխատանքների բացակայությունից և բժշկին ոչ ժամանակին դիմելուց։ ՙՎերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ հատկապես կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման դեպքերի թիվն ավելի բարձր է ԱՀ-ում, քան ՀՀ-ում։ Աշխատանքներ են տարվում սկրինինգային տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Համարյա բոլոր չարորակ գոյացությունները հնարավոր է հայտնաբերել սկրինինգային ծրագրերով։ Իսկ ժամանակին հայտնաբերված հիվանդությունը 95%-ի դեպքում հնարավոր է բուժել՚,-ասաց Հայրիյանը։ Արցախում իրականացվում են կրծքագեղձի մամոգրաֆիայի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սկրինինգներ և ծրագրում են ներդնել հաստ աղիքների և այլ օրգանների նորագոյացությունների հայտնաբերման հետազոտութուններ։ Ընդհանրապես սկրինինգների իրականացումը պահանջում է ֆինանսական մեծ ներդրում, բայց մյուս կողմից էլ հիվանդության վաղ հայտնաբերումը կանխում է հետագայում բարդ հիվանդություններով չարորակ նորագոյացությունների առաջացումը։ Վերոնշյալ բոլոր բուժծառայություններին զուգահեռ Արցախի ուռուցքաբանականը ճառագայթային բուժում չի իրականացնում և անհրաժեշտության դեպքում հիվանդները ուղեգրվում են ՀՀ համապատասխան բուժհաստատություն։ Ճառագայթային բուժման սարքավորումները վերահսկվում են միջազգային կառույցների կողմից, որոնք զբաղվում են ատոմային ռադիոակտիվ նյութերի հսկողությամբ։ Ու, քանի որ ԱՀ-ն չճանաչված պետություն է, այդ հարցը մնում է անլուծելի։ ՀՀ են ուղեգրվում նաև գլխուղեղի և կոկորդի նորագոյացություններով անձինք, որովհետև այդ նեղ մասնագիտություններով Արցախում բժիշկներ չկան։ Ուռուցքաբանական դիսպանսերի գերժամանակակից շենքային պայմաններն ու սարքավորումները հնարավորություն կընձեռեն բուժհաստատության հետազոտություններն ու բուժումներն իրականացնել ավելի որակյալ, սեղմ ժամկետներում, հիվանդների և բուժանձնակազմի համար առավել հարմարավետ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններում։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ