[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼՎԻ ՙԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ՚¬Ի ԳՐԱՆՑՈՒՄԸ

altԳլոբալացման երևույթն իսկապես ինչ-որ առումներով կարելի է բնորոշել որպես մութ ուժերի դավադրություն` ուղղված մեր ազգային մշակույթի դեմ: Մասնավորապես, հատկանշական է կրոնական կազմակերպությունների բազմազանության խրախուսումը, որոնց գործունեությունը շատ հաճախ վտանգ է ազգային անվտանգությանը: 
Խոսքը հատկապես ՙԵհովայի վկաներ՚ աղանդավորական կազմակերպության մասին է, որը, հուրախություն բոլորիս և շնորհիվ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի ջանքերի, չի գրանցվել:Ի սկզբանե ասենք, որ  աղանդավորական շարժումներում հիմնականում ընդգրկվում են այնպիսի անհատներ, որոնք չունեն առողջ ինքնագնահատական ու հոգեբանական պատկանելության կայուն զգացողություն, և սոցիալական  ճգնաժամը հաղթահարելու համար մարդիկ փնտրում են  այնպիսի խմբեր ու խմբավորումներ, որոնք հաճախ հակասոցիալական ուղղվածություն են ունենում: Պատահական չէ, որ աղանդների ձեռքերում հաճախ  հայտնվում են սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները: Եվ ՙԵհովայի վկաները՚ նրանց հրապուրում և գրավում են  հոգեորսության առաջին իսկ  պահից. չէ՞ որ եհովայականները վերջիններիս դժվարին իրավիճակից դուրս գալու ՙճանապարհ՚ են խոստանում: Հետպատերազմյան վիճակը, սոցիալական ցնցումները, տնտեսական խնդիրները, բանակում ծառայելու ցանկության  բացակայությունը սոցիալապես խոցելի խավերի որոշ ներկայացուցիչների  մոտ  ներհոգեկան այնպիսի դատարկություն են առաջացնում, որն էլ  նպաստավոր հող է ստեղծում հոգեորսության  համար: 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում, ըստ ՙԽղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՚ ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի, միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բնակչության շրջանում քարոզելու եւ իր դավանանքն ազատ տարածելու իրավունք: Պետական գրանցում ունեցող մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները քարոզչությունն իրականացնում են իրենց հավատացյալների շրջանում, հակառակ դեպքում այն դիտվում է որպես հոգեորսություն (դավանաորսություն):
Եհովայի վկաներն, անշուշտ, շրջանցում են այս օրենքի  և Սահմանադրության այլ կետեր, և դավանաորսություն են կատարում` կիրառելով հոգեբանական ներգործության բոլոր նուրբ ձևերը: 
ԼՂՀ Սահմանադրության 52-րդ հոդվածում գրված է. ՙՍահմանադրության 23-25-րդ, 27-31-րդ հոդվածներում, 32-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 34-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա պիտանի, անհրաժեշտ եւ համարժեք է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար՚: Իսկ ահա ՙՄարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՚ 9-րդ հոդվածում ընթերցում ենք. ՙՍեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների՚:
Աղանդավորական այս շարժման  դավանաբանական կողմնորոշումներն իսկապես խնդրահարույց են: Եվ դրանց անբավարարությունն ու տկարությունը երևում է այն ժամանակ, երբ ազգային բանակում ծառայելուց հրաժարվելու խնդիր է դրվում, երբ արգելք է դրվում արյան փոխներարկման վրա: Եվ արյան փոխներարկման վերաբերյալ նման  մոտեցումները պատճառ են հանդիսանում, որ յուրաքանչյուր տարի հարյուրավոր հավատացյալներ զրկվեն բժշկական օգնությունից և մահանան:
Հաշվի առնելով Եհովայի վկաների առաջարկները՝ 2002 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտել ՙԱյլընտրանքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքը (այդ օրենքի ԼՂՀ¬ում կիրարկելու քննարկումներ են մեզ մոտ ընթանում), համաձայն որի, եհովականները պետք է ծառայեն 42 ամիս: Հիմա Եհովայի վկաները 36 ամիս ծառայելու խնդիր են դնում:
Թող իմ այս գնահատականն անչափ կոշտ չթվա, բայց այս օրենքի ընդունումը անսկզբունքային հանդուրժողականության դրսևորում է: Թուլությունն ու հանդուրժողականությունը չարիք կարող են  դառնալ դեռևս ռազմական դրության մեջ գտնվող Արցախի համար: Եվ առկա փաստարկները պետք է գործեն ընդդեմ աղանդավորական բոլոր այն կազմավորումների, որոնք էթնոդավ քաղաքականություն են վարում:
Եկեղեցու և պետության հարաբերություններում միշտ էլ գերակայել է փոխադարձ հարգանքը, բայց այսօր նույն այդ դասական եկեղեցին` Հայ Առաքելականը, որ ունի կայուն ազգային արժեհամակարգ, լիարժեք պայքար չի մղում դրանց դեմ: Ինչո՞ւ պետությունը չի կիրառում իր վարչական ռեսուրսներն ու հնարավորությունները` արմատախիլ անելու ի սկզբանե նախապաշարված բոլոր այն կրոնական կազմակերպություններին, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը: Արցախը չճանաչված երկիր է, և այս առումով հանդուրժողականություն դրսևորելու խնդիր չունենք, ինչը Եվրախորհրդի պահանջները բավարարող կոմպրոմիս է:
Ազգային ինքնության գաղափարը Եհովայի վկաների համար բացարձակ անհեթեթություն է: Եվ այստեղ ևս Հայ Առաքելական եկեղեցին խոցելի է դառնում, քանի որ կորցնում է հավատք ունեցող իր  զավակներին, որոնք, սակայն, ազգային ինքնություն չունեցող ՙերջանիկ գլոբալիստներ են՚, գաղափարախոս դավաճաններ: Նրանց գաղափարախոսական վկայակոչումներն ընդամենը սեփական վարքն արդարացնելու լայն հնարավորություն են տալիս։ Այս վկայակոչումների մեջ սքողված են էթնիկական մազոխիզմն ու ստրկամտությունը, ինչը թուլացնում է մեր  ազգային  հիմքերը:
Մենք ժողովրդավարության ուղի բռնած պետություն ենք, սակայն ժողովրդավարական որոշ արժեքներ համընդհանուր գաղափարների և ազատականության հեռապատկերի  վրա չպետք է բացարձակացվեն, իսկ  այս պարագայում հանդուրժողականությունը  հարված է պետության ու եկեղեցու միասնությանը, երկրի անվտանգությանը: Ուրեմն, ամեն ինչ պետք է արվի ռազմական դրության մեջ գտնվող Արցախի անվտանգության ապահովման համար:
 
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ