[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ՝ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐԻՆ

Նորաձև երևալու համար  անգամ քրիստոնյաներն են վերադառնում հեթանոսական արմատներին։ Զարմանալի չէ, որ ժամանակակից տեխնիկայից բացի, աշխարհում համարյա ոչինչ չի փոխվել։ Զարգանալու փոխարեն, ռեգրեսիա ենք ապրում։

Դեռ ոչինչ, եթե փորձեինք վերադարձնել հին լավ ավանդույթներն ու սովորույթները, բայց՝ ոչ, ամեն գնով փափագում ենք դեգրադացվել՝ կրկին ծնունդ տալով հեթանոսական ՙմումիաներին՚։ 

Դիմում ենք տգետ գուշակներին, ԶԼՆ-ներով տարածում աստղագուշակություններ՝ մարդկանց նետելով կախվածության թակարդ, հիմա  էլ մեծ շուքով նշում ենք օտարածին Հելլոուինը։ Մեր երկրում այս տոնը նշողների թիվը գնալով աճում է, չնայած, որ ազգի համար ցավող մարդիկ ամեն տարի հակաքարոզչությամբ ջանքեր են գործադրում՝ սթափեցնելու կույրերին։ Ինչպես ասում են` եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Ամեն մարդ պետք է սթափ մտածի ու ինքն իրեն հաշիվ տա, թե դա ինչ է տալու իրեն, և՝ հակառակը՝ ինչից է զրկվելու դրա պատճառով։ Հոգևոր գիտելիքներից զուրկ մարդիկ օտարոտի, քրիստոնեությանը խորթ այս տոնը նշելու հակումով վարակվում են սոցկայքերում լայքեր հավաքելու նպատակով զետեղված նյութերով, պարզունակ հեռուստասերիալներով, որոշ առևտրականների կողմից հասկանալի պատճառներով տարածած գովազդներով, ամերիկյան և եվրոպական, այսպես կոչված, ՙզարգացած՚ երիտասարդների հետ ինտեգրման փափագով և այլն։ Ինչու՞ է մեր երիտասարդությունը անիմաստ առիթներ փնտրում իբր հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Արդյո՞ք չի կարելի ընտանեկան և ընկերական ջերմ հավաքներ կազմակերպել, ձգտել մեր գեղեցիկ տոները նշել ու դրանք տարածել աշխարհով։ Ինչու՞ են Հելլոուինի գիշերը ձգտում նմանվել հրեշների, մարդասպանների և այլ սարսափազդու կերպարների։ Հոգեբաններն ասում են, որ ԱՄՆ-ում մանուկների շրջանում առավել տարածված է Հելլոուինի ֆոբիան։ Դրանք առաջացնում են ոչ միայն վախ, այլև ագրեսիա, չար մտքեր, որոնք էլ հետագայում հանցագործ վարքի /դեվիանտ/ պատճառ են հանդիսանում։ Եվ դրան նպաստում են հելոուինի հետնորդները: 

Եկեք մեր կյանքը մաքրենք սին բարքերից։ Պետք չէ ամեն ինչում ընդօրինակել Արևմուտքին, հատկապես երբ կան բաներ, որոնք նպաստում են ազգակործան գաղափարների արմատավորմանը, ընտանեկան և մարդկային կայուն արժեքների քայքայմանը։ Փաստորեն Հելլոուին նշողները հիպնոսացվելով որոշ մարդկանց շահերից բխող տեղեկատվությամբ, կորցնում են շատ բան, այդ թվում նաև իրենց ֆինանսները։

 Հելլոուինը կելտական (կելտերը ներկայիս Իռլանդիայի տարածքում էին ապրում) արմատներ ունեցող տոն է, որը սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ։ Տոնը կոչվում էր Սամհեյն։ Կելտերը տարին բաժանում էին երկու ժամանակահատվածների` լուսավոր եւ մութ։ Մութ ժամանակաշրջանն սկսվում էր նոյեմբերով եւ նշանավորվում էր տոնով։ Այս տոնին բնորոշ է երկրային եւ անդրշիրիմյան աշխարհների միջև սահմանների թուլացումը. ըստ տոնի գաղափարի` հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերն իբր հայտնվում են երկրի վրա։ Կելտերը մութի զոհը չդառնալու համար հագնում էին կենդանիների մորթիներից կարված տարօրինակ հագուստներ, անջատում էին տների լույսերը և իրենց սարսափելի տեսքով փորձում էին վախեցնել ուրվականներին։ Ոգիների համար նրանք հյուրասիրություններ էին պատրաստում, ուտեստը թողնում փողոցում, իսկ իրենք, հավաքվելով խարույկի շուրջ, պատմում էին սարսափելի պատմություններ, կենդանիներ զոհաբերում, գուշակություններ անում։ Քրիստոնեություն ընդունելով` տեղի ժողովուրդները հրաժարվեցին հեթանոսական տոներից, իսկ ահա Սամհեյնի մասին չմոռացան։ 7-րդ դարում հայր Բոնիֆացի 4-րդը նոյեմբերի 1-ը հայտարարեց ՙԲոլոր սրբերի օր՚` ցանկանալով անգլիացիներին հետ պահել հեթանոսական սովորույթներից։ Սակայն նրա ՙհանճարեղ գաղափարը՚ չիրականացավ, որովհետև ՙԲոլոր սրբերի օրվա՚ նախօրյակը ժողովուրդը հռչակեց մեկ այլ տոն` Հելլոուինը։ Այն կոչվեց All Hallows Even (Բոլոր սրբերի երեկո), կրճատ` Hallowe’en։ Այժմ ԱՄՆ-ում այն Սուրբ Ծնունդին համարժեք հեղինակություն վայելող տոն է, որտեղից էլ արագ տարածվում է աշխարհով մեկ։ 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ 

Հոգեբան