[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԽՈՍՔ՝ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ստեփանակերտում երկու թաղամաս է կառուցվելու՝ ավելի քան 500 բնակարանով։ Մինչեւ տարեվերջ տարածքների նախապատրաստման, նախագծերի պատրաստման աշխատանքերը կավարտվեն։ Բուն շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2019-ին։ 

 500 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Տարածքը, որտեղ հոկտեմբերի կեսերից աղմկում ծանր է տեխնիկան, ամիսներ անց դառնալու է ոչ միայն Ստեփանակերտի, այլեւ ողջ հանրապետության ամենամեծ շինհարթակներից մեկը։ Օր առ օր, երբեմն՝ ժամ առ ժամ թարմացող գծագրերի, էսքիզների տրցակն էլ վերջին շրջանում քաղաքաշինության նախարարի աշխատասեղանից անպակաս է։ Ստեփանակերտում երկու նոր թաղամաս կավելանա։ Տարածքներն արդեն ընտրվել են։  Առաջինը մոտ երկուսուկես հեկտար մակերես է զբաղեցնում։ Գտնվում է Թումանյան փողոցի հարակից տարածքում, սպայական թաղամասի հարեւանությամբ։ Առաջին թաղամասի շինարարությունն իրականացնելու է ՙՊորտալ՚ ընկերությունը՝ Արցախից։ Հենց այս կազմակերպությունն է իրականացրել սպայական թաղամասի նախագծման աշխատանքները։ Ձեռագրը նույնը կլինի. առավել եւս, որ երկու թաղամասերը բաժանվելու են ընդամենը մեկ փողոցով, նշում է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

Նոր թաղամասի համար ընտրված երկրորդ տարածքը գտնվում է Տիգրան Մեծ-Ալեք Մանուկյան խաչմերուկի հարեւանությամբ եւ մոտ երեքուկես հեկտար մակերես է զբաղեցնում։ Այս թաղամասի ճարտարապետական նախագիծը ռուսաստանաբնակ Մաքսիմ Աթայանցի ճարտարապետական արվեստանոցը կկազմի։ Քաղաքաշինության նախարարը դեռ փակագծերը չի բացում, բայց ակնարկում է՝ սա կլինի ուրույն ոճով թաղամաս՝ հետաքրքիր լուծումներով։ Այս փուլում դեռ որոշ մանրամասներ են քննարկվում։ Ընդ որում, այդ աշխատանքի դիմաց ստացած ողջ գումարը կմնա Արցախում, ավելի կոնկրետ՝ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում։ Հենց այդտեղից են Աթայանցի արմատները։ ՙՆա իր հայրենի գյուղում արդեն իսկ որոշակի ներդրումներ է արել եւ նախատեսում է նախագծի համար ստացած ողջ վարձատրությունը եւս ներդրել Քարագլխում՚,- մանրամասնում է Կարեն Շահրամանյանը։

Աշխատանքների ավարտին՝ Ստեփանակերտը երկու նորակառույց թաղամաս կունենա՝ 8-ից 5 հարկանի շենքերով։ ՙՈւնենալու ենք նվազագույնը 500 բնակարան՚,- ակնկալիքներն է ամբողջացնում քաղաքաշինության նախարարը։

Հաշվի առնելով, որ այս բնակարանները պետք է հատկացվեն արտոնյալ պայմաններով, շուկայականից անհամեմատ ցածր գներով, աշխատելու են ցածր ինքնարժեք ունենալ։ Դա, սակայն, չի ազդելու որակի վրա, վստահեցնում է քաղաքաշինության նախարարը։ ՙՈւնենալու են բոլոր հարմարությունները։ Անգամ բնակարանների չափերը էապես չեն տարբերվի ընդունված չափանիշներից։ Պարզապես աշխատելու ենք հատկապես արտաքին հարդարման գործում, այսպես ասած, համեստ լինել, իսկ տարածքի բարեկարգման, ենթակառուցվածքների անցկացման աշխատանքների զգալի մասին պետությունն է մասնակցելու։ Այս ամենի արդյունքում ունենալու ենք անհամեմատ ցած ինքնարժեք, ինչն էլ թույլ կտա բնակարաններն իրացնել ավելի ցածր գնով՚,-իր լավատեսությունն է հիմնավորում Կարեն Շահրամանյանը։

Այս պահին շինարարության համար ընտրված տարածքների սեփականատերերի հետ բանակցություններն են ավարտին մոտենում։ Զուգահեռ՝ ընթանում են շինարարության նախապատրաստման, տարածքի մաքրման աշխատանքները։

Զուգահեռ՝ շարունակվելու են նախագծման աշխատանքները։ Դրանք եւս նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ։ 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2020Թ.

Հակառակ, տպավորիչ ծավալներին՝ Ստեփանակերտում երկու թաղամասների շինարարությունը սեղմ ժամկետներում է ավարտվելու։ Ավելի ուշ տված մեկնաբանություններում շինարարության վերջնաժամկետներն է հստակեցրել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ թաղամասերը պատրաստ կլինեն արդեն 2020թ., շինարարության մեկնարկից հաշված մոտ երկու տարվա ընթացքում։

ՄԱՏՉԵԼԻՆ՝ ԹՎԵՐՈՎ

Երկու թաղամասերի կառուցման ֆինանսավորման աղբյուրները տարբեր են։ Ներգրավվել են օտարերկրյա ներդրողների գումարներ, կլինեն նաեւ պետական համաֆինանսավորում եւ վարկային միջոցներ։ Նորակառույց բնակարանների մի մասը կտօրինվեն՝ ըստ պետական սոցիալական ծրագրերի եւ կհատկացվեն թիրախ հայտարարված սոցիալական խմբերի ներկայացուցիչներին։ Բնակարանների մեծ մասը նախատեսված է վաճառքի համար։ ՙԿունենանք 15 միլիոն դրամից մինչեւ 26 միլիոն դրամ արժողությամբ բնակարաններ, որոնք այսօր առկա են հին բնակֆոնդում՚,- մանրամասնում է Գրիգորի Մարտիրոսյանը։ Ոչ միայն էժան կլինի, այլեւ կառաջարկվի ավելի մատչելի պայմաններով։ Հիփոթեքային ծրագիրը վերանայվում է եւ փոփոխված տարբերակով ուժի մեջ կլինի դեռ մինչեւ նոր թաղամասերի շինարարության ավարտը՝ 2019-ի հունվարի 1-ից։ ՙԳործող կարգով պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսագումարի 50 տոկոսը։ Մեր կողմից առաջարկվում է սահմանել այնպիսի կարգ, որ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ տոկոսագումարի սուբսիդավորումն ավելանա եւս 5 տոկոսով։ Արդյունքում կստացվի այնպես, որ 3 երեխա ունեցող ընտանիքը կարող է հիփոթեքային վարկ ստանալ ընդամենը 4-5 տոկոս տոկոսադրույքով՚,- նորամուծություններից մեկն է մատնանշում պետնախարարը։ Կշարունակվի եկամտային հարկի վերադարձի ծրագիրը եւս։ Վերանայվել է նաեւ կանխավճարի հարցը։ Երկու տարբերակ է առաջարկվելու. ՙԱռաջին տարբերակի դեպքում կմուծվի 10 տոկոս կանխավճար, եւ վարկը կձեւակերպվի 20 տարով։ Ըստ երկրորդ տարբերակի՝ կանխավճար կմուծվի 5 տոկոսի չափով, սակայն վարկի ժամկետը կլինի 15 տարի՚։ Արդյունքում՝ հիփոթեքը մատչելի կլինի միջին աշխատավարձ ստացող ընտանիքին, վստահեցնում է պետական նախարարը. ՙՕրինակ՝ երկու սենյականոց բնակարանի դեպքում ամսավճարը կկազմի շուրջ 60 հազար դրամ, 3 սենյականոց բնակարանի դեպքում՝ 80 հազար դրամ, 4-սենյականոց բնակարանի դեպքում՝ 100 հազար դրամ՚։ Չեն անտեսվել նաեւ գյուղական բնակավայրերերը: Հիփոթեքը հնարավոր կլինի հատկացնել հինգ տոկոս կանխավճարով եւ 1 տոկոս տոկոսադրույքով։ Փոփոխությունները նախատեսվում են միայն առաջնային շուկայի համար եւ կտարածվեն նաեւ արդեն գործող պայմանագրերի վրա։

 

Նորայր Հովսեփյան