[ARM]     [RUS]     [ENG]

Նոր թաղամաս

268 ընտանիք, 1100 բնակիչ ունեցող Կարմիր Շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղը Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան երկու շենք է կառուցվում։ 

 Ինչպես տեղեկացանք շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնից՝ շենքերի շինարարությունն իրականացնում է ՙՌաֆո՚ ՍՊ ընկերությունը  (տնօրեն՝ Կարեն Ալավերդյան)։ 

  Ընկերության աշխղեկ Լյովա Աթայանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ աշխատանքները սկսվել են սույն թվականի փետրվար ամսից։ Նախագծով նախատեսված է կառուցել քառահարկ երկու շենք՝ 3 և 4-սենյականոց 32 բնակարանով։ Նախատեսված է նաև նկուղային հարկ։ Յուրաքանչյուր շենք կունենա 4-սենյականոց 8 3-սենյականոց 8 բնակարան։ 

  Այսօրվա դրությամբ առաջին շենքի նկուղային հարկի աշխատանքներն ավարտվել, իսկ առաջին հարկինն  ավարտական փուլում են, զուգահեռ ընթանում են երկրորդ շենքի նկուղային հարկի աշխատանքները։ 

  Լյովա Աթայանը հավաստում է, որ կձևավորվի նոր թաղամաս, որը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի: 

  Բնակարանները կտրամադրվեն հիփոթեքային վարկավորմամբ, նաև կհատկացվեն  սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների։

  Կարմիր Շուկան Արցախի զարգացող բնակավայրերից է։ Վերջին տարիներին համայնքում կառուցվել և շահագործման են հանձնվել ինքնատիպ և առանձնացող կառուցվածքով հարմարավետ համայնքային կենտրոն և դպրոցական շենք։

  Բնակիչները լիահույս են, որ կառուցվող նոր թաղամասը զգալիորեն կնպաստի բնակավայրի զարգացմանն ու բնակչության թվաքանակի ավելացմանը։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ