Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՇԵՆԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղում համայնքային խնդիրներին լուծում են տալիս պետության և բարեգործների համատեղ ջանքերով։ Գյուղացիները պատմում են, որ արտերկրում հաստատված մեծշենցիները հետաքրքրված են ծննդավայրի ճակատագրով։

Ռուսաստանաբնակ բերդաձորցիների հովանավորությամբ վերջերս հիմնովին վերանորոգվել է գյուղի միջնակարգի՝ մեկ դարից ավելի պատմություն ունեցող շենքը. գրավոր արձանագրությունը հաստատում է, որ այն կառուցվել է 1902 թվականին։ Արտերկրում ապրող համագյուղացիների աջակցությամբ դպրոցը վերանորոգելու գաղափարը միջնակարգի նախկին տնօրեն, այժմ արդեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանինն է. ՙ2017 թվականի մայիսին, երբ ռուսաստանաբնակ բերդաձորցիները ներկայացան ծննդավայր՝ մասնակցելու ենթաշրջանի ազատագրման քսանհինգամյակին, առաջարկել եմ հնարավորության սահմաններում աջակցել դպրոցական շենքըի վերանորոգմանը։ Ճիշտն ասած, մեկնելուց անմիջապես հետո ռուսաստանաբնակ մեր համագյուղացիները Մոսկվայում հավաքվել, խորհրդակցել և որոշել են ծրագրի իրագործման համար կազմակերպել հանգանակություն։ Մեկ ամիս անց տրամադրել են ֆինանսական աջակցությունը, մենք էլ այստեղ կազմակերպել ենք բոլոր աշխատանքները՚,-ասում է Դ. ԴԱՎԹՅԱՆԸ։

Մեծ շենի միջնակարգ դպրոցը հարուստ է ոչ միայն տարիներով, այլ նաև մարդկանցով, որ ուսում են առել այստեղ։ Բավական է մտնել դպրոց ու տեսնել այն քաջերի նկարները, ովքեր Բերդաձորի ենթաշրջանի և, ընդհանրապես, Արցախի ազատության համար չեն խնայել անգամ սեփական կյանքը։ Դպրոցը կրում է նրանցից մեկի՝ Սասուն Դավթյանի անունը։ Գյուղի տարեցներից Սերգեյ Ավետիսյանը հիշում է, որ ժամանակին գյուղում երեխաներն այնքան շատ էին, որ կրթօջախն աշխատում էր երկու հերթով: ՙԱյսօրվա պես հիշում եմ՝ գյուղում ազատ տուն չկար, իսկ երիտասարդներ՝ որքան ասես։ Մեծ շենում բնակիչների թիվը սկսել է պակասել մի պարզ պատճառով. խորհրդային տարիներին, ով զորակոչվում էր բանակ, զորացրվելուց հետո չէր վերադառնում գյուղ։ Մնում էր այնտեղ, ամուսնանում, ընտանիք կազմում: Այդպես էլ սկսեցինք քչանալ՚։

Հակառակ նրան, որ Մեծ շենից շատերն են տեղափոխվել այլ բնակավայրեր, Արցախյան պատերազմի տարիներին գյուղի կամավորական ջոկատը մեծ էր։ Գյուղացիներն ասում են, որ ծնունդով մեծշենցիներն անգամ Երևանից եկել, կամավորագրվել ու պայքարել են այստեղ։ Մեծ շենի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվն այս ուսումնական տարում կազմում է տասներեք, որի մասին մանկավարժները ցավով են խոսում։ Դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանի համոզմամբ՝ այս իրավիճակում միակ ելքը կլինի գյուղի վերաբնակեցումը, իսկ արտասահմանում տասնամյակներ շարունակ ապրող համագյուղացիներին սպասելն ուղղակի ժամանակի վատնում է: 

Մեծշենցիների խոսքով՝ վերաբնակվելու համար գյուղը շատ հարմար է։ Տարածքը հայտնի է մեղվաբուծության և անասնապահության հին ավանդույթներով։ Համայնքի երիտասարդներից Արտակ Զախարյանը համոզված է, որ գյուղացիական տնտեսություններն այսօր ավելի շատ եկամուտ են ապահովում, քան տարբեր հիմնարկներում ստացած աշխատավարձը, պարզապես պետք է աշխատել. ՙՍեփական գյուղատնտեսական մթերքն իրացնելու խնդիր այստեղ չունենք։ Մեր ապրանքը վաճառում ենք թե գյուղում, թե Շուշիում և Ստեփանակերտում։ Ի դեպ, գյուղը Ստեփանակերտ-Գորիս մայրուղուն մոտ է, սա ևս նպաստավոր է առևտրաշրջանառության համար։ Իհարկե, ով աշխատի, նա էլ կապրի։ Եթե չաշխատես, որտեղ էլ լինես՝ գյուղում կամ քաղաքում, չես կարող ապրել: 

Վերաբնակ ընտանիքներ ընդունելու հարցում Մեծ շենում պատրաստ են։ Գյուղացիներն առանձնացնում են միջնակարգ դպրոցի պայմանները, ենթակառուցվածքները, որ տարեցտարի արդիականացվում են նաև համագյուղացի բարերարների աջակցությամբ։ Ներկայումս պետական ու մասնավոր ներդրումներով Մեծ շենում խնդիրները նվազում են։ Հանրային աշխատանքի սկզբունքով վերջերս գյուղի համար կառուցել են նոր ջրատար։ Ըստ համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանի՝ այսօր խմելու ջրի խնդիրը համայնքում մասամբ լուծված է. ՙՏարածքում զգում էինք ջրի պակաս։ Մեկ ջրատարն ի վիճակի չէր ապահովել ամբողջ գյուղը, և ստիպված էինք կառուցել երկրորդը։ Դիմել ենք շրջանի վարչակազմին, վերջինիս ու Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ջանքերով մեզ տրամադրվել է պոլիէթիլենային երկու կիլոմետրանոց խողովակ։ Հանրային աշխատանքի շրջանակներում կազմակերպել ենք աշխատանքների մնացած մասը, և ջրատարը գործում է՚։

Հատկանշական է, որ Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղում ամռանը շատ մարդկանց կարելի է հանդիպել։ Նրանց, որ, ցավոք, ծննդավայրում լինում են միայն արձակուրդներին։ Բայց ամեն տարի ռուսաստանաբնակ բերդաձորցիները հայրենիք են վերադառնում գյուղի զարգացմանն ուղղված նոր ձեռնարկով։ Բարերարների երազանքն է մի օր գյուղը տեսնել մարդաշատ։

 

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ