[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՄՍՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ինչպես  արդեն  տեղեկացրել ենք,  հանրապետությունում ապրիլի 1-30-ը հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ։ Ստեփանակերտի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ մայրաքաղաքում միամսյակը կազմակերպված անցկացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, մշակվել և հաստատվել է միջոցառումների ծրագիրը՝ ամսվա կտրվածքով։ 
Արդեն չորս օր է՝ միամսյակի շրջանակներում Ստեփանակերտի ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային փողոցներում աշխատանքներ են ընթանում։ Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նշված օրերին բարեկարգման աշխատանքներ են տարվել Վ. Վաղարշյան, Ա. Մկրտչյան, Հ. Բաղրամյան փողոցներում և Ազատամարտիկների պողոտայում, մասնավորապես այն տեղերում, որտեղ ջրագծերի անցկացման հետ կապված նորերս ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։
Ապրիլի 3-ին ՙՊյատաչոկ՚ կոչվող պուրակում ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի կողմից  մաքրման և լվացման աշխատանքներ էին տարվում։ Կ. Գրիգորյանի խոսքերով՝ քաղաքային համայնքի կոմունալ ծառայություններից յուրաքաչյուրին, ըստ ծրագրի, համապատասխան բնույթի ու ծավալի աշխատանք է հանձնարարված։     
Օգտվելով առիթից՝ Կ.Գրիգորյանը կոչ արեց բնակչությանը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերել միամսյակի շրջանակներում ապրիլի 14-ին, 21-ին և 28-ին կազմակերպվելիք համաքաղաքային շաբաթօրյակներին։ 
ՙԱյն, ինչ արվում է այսօր՝  բոլորիս համար է, մեր քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու, բարեկարգ և հրապուրիչ դարձնելու համար՚, - ասաց Կառլեն Գրիգորյանը։
 
Լաուրա  ԳՐԻԳՈՐՅԱՆ