[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

Արցախի պետական համալսարանի լրագրության  և  գրականության ամբիոնի նախաձեռնությամբ առաջին կուրսի մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ և բնակիչներին  ուրախացրել ոչ միայն նվերներով, այլև իրենց գողտրիկ ելույթներով:

 Համալսարանի լրագրության  և  գրականության    ամբիոնի  դոցենտ, բանասիրական  գիտությունների  թեկնածու Զինաիդա  Բալայանի խոսքով` իրենք  պարբերաբար  այցելում  են տուն-ինտերնատի  բնակիչներին։

ՙ30  տարուց  ավելի է  համալսարանում  գործող     ուսանողական  գրական   խմբակը  մշտական   կապի մեջ  է տուն-ինտերնատի  անդամների հետ։ Մեր այցի նպատակը բնակիչների  հոգիներում ջերմություն և լույս սփռելն է: Այստեղ  ծանոթացանք շնորհաշատ տարեցների, ովքեր մեզ  հետ երգում, պարում  և  արտասանում  էին՚, -ասաց  Զ.  Բալայանը։

ՙՀաստատությունում ապրում է 85 բնակիչ,  մեծ  մասը  տղամարդիկ  են։ Մի  մասն  ունի    հաշմանդամության  կարգ։ Աշխատողների  կողմից որոշ մարդկանց խնամքն իրականացվում  է տնային   պայմաններում։ Նրանք  այն  տարեցներն  են, ովքեր  ապրում  են  իրենց  տներում, բայց  միայնակ  են  և ունեն հոգածության  կարիք։ Տնային խնամք ստանում են ԱՀ աշխատանքի, սոցիալական  հարցերի  և  վերաբնակեցման   նախարարություն դիմած և խնամքի կարիք ունեցող 63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող միայնակ քաղաքացիները։ Տուն-ինտերնատի մշակութային առօրյան բավականին հագեցած է. զբաղվում են ընթերցանությամբ ու շյուղագործությամբ,  հողագործությամբ,  խաղում շախմատ,  այցելում թատրոն, կինո և համերգներ՚,- ասում  է  ավագ բուժքույր Ռիտա Հարությունյանը։

Մարտունու շրջանի Հացի գյուղից  96-ամյա Մարիա Բալայանը մեզ  հետ  զրույցում  ասաց, որ   ամուսնու և աղջկա մահվանից հետո մնացել  է միայնակ  ու   տեղափոխվել  տուն-ինտերնատ։ ՙՇնորհիվ սրտացավ, հոգատար և գործունյա մեր  տնօրեն  Իրինա  Սարգսյանի  և աշխատակազմի՝ մեզ   համար ստեղծված են բոլոր  հարմարավետ պայմանները, որպեսզի  մենք  մեզ   զգանք   ինչպես  տանը՚,- հավելեց Մ. Բալայանը։

Վեհանուշ   ՀՈՎՍԵՓՅԱՆ