[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Նոյեմբերի 17-ը 1946թ. Պրահայում, Ուսանողների համաշխարհային կոնգրեսում ամրագրվեց որպես տոն: 1939-ի նույն օրը ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Փակվեց Պրահայի համալսարանը:

Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը: 

2 տարի անց` 1941թ.-ին եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր` հիմք ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը: Ամեն տարի թե՜ Հայաստանում և թե՜ Արցախում նշվում է այս տոնը: Տոն, որ կարծես ևս մեկ անգամ շեշտում է մեր ուսանողների ներուժն ու եռանդը: Ինչպես գիտենք, ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման և առաջընթացի կարևորագույն երաշխիքը, նամանավանդ որ ապրում ենք մի այնպիսի դարաշրջանում, երբ մեզ ուղղված բոլոր մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն մեր գիտելիքներով: Ամեն մի ուսանող պետք է սիրի այն հաստատությունը, որտեղ նա սովորում է, նաև այն մասնագիտությունը, որ նա ընտրել է իր ամբողջ կյանքի համար և որից կախված է իր գալիք օրը:  Չէ՞ որ ցանկացած գործ, եթե սրտանց ես անում, ամբողջությամբ նվիրվում ես նրան, ապա անպայման հաջողվում է: Դրա հետ մեկտեղ որքան հաճելի է լինում, երբ արածդ գործը գնահատվում է: Մեր ուսանողները մշտապես գտնվում են երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում: Ինչպես գիտենք, ամեն տարի մեր հանրապետության Նախագահը պարգևատրում է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և ուսանողներին: Դա նրանց ոգեշնչում և ուժ է տալիս, որպեսզի ավելի լավ սովորեն ու նվիրվեն գիտելիք ստանալու այդ սրբազան գործին:

 

Թամար ԿԱՐԱԽԱՆՅԱՆ