[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՈՒՍԱՆՈՂԸ

Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը։ 

 ՙԱպագան պատկանում է երիտասարդներին, իսկ ուսանողը երիտասարդության ջահակիրն է՚։ Դա է ճշմարտությունը. ուսանողությունը յուրահատուկ դեր ունի երիտասարդական դաշտում։ Չէ՞որ վաղն արդեն մասնագետ դարձած ուսանողը մտնելու է կյանք և ուղղորդելու է մեր պետության գերակա ճյուղերը։ Սովորաբար ուսանողությունը համարվում է պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը։ Այն արժեքները, որ կրում է նրանցից յուրաքանչյուրը, մոտ ապագայում կազմելու են մեր պետության  արժեհամակարգը։ Այսօր մենք թևակոխել ենք  զարգացման մի  նոր դարաշրջան, երբ օր օրի  փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմակայել  միմիայն արդիական գիտելիքներով, հաստատուն ազգային արժեքներով ու վեհ գաղափարներով։

Ներկայացնենք մեր զրուցակիցների խոհերն ու տեսակետները Արցախի ուսանողության և նրանց առնչվող հարցերի վերաբերյալ.

Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆ.- ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ.

-Ուսանողն ինձ համար հավաքական կերպար է, ուսումնատենչ մի անձնավորություն, ով նախաձեռնող է, աշխատասեր, տաղանդավոր, նորաոճ  և ճկուն այն փոփոխությունների նկատմամբ, որ ժամանակակից աշխարհն է պահանջում։ Այս ուսանողը  մշտապես  մոտիվացված է արարելու և ստեղծելու նորը, նվիրվելու սիրելի մասնագիտությանն ու սեփական երկրի շենացմանը։ Նրա համար գոյություն չունեն ՙչգիտեմ՚ , ՙչեմ կարող՚...և, առհասարակ, ապագա քայլերն ապակողմնորոշող, ժխտող կամ կասկածի տակ առնող բառերը։

Այսօրվա ուսանողին ինքնահաստատվելու և ինքնակատարելագործվելու համար ավելի մեծ հնարավորություններ են տրված։ Ժամանակակից ուսանողը ցանկություն ունի սովորելու և յուրացնելու նորը, նրա գիտելիքների մակարդակը բարելավվել է, նա դարձել է ավելի բանիմաց։

Սակայն արդարացի կլինի նշել, որ ուսանողները ոչ միշտ են լիովին օգտագործում իրենց տրվածը, հաշվի առնելով, որ նրանք ունեն բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներ և լայն հնարավորություններ։ Ամեն ինչ կախված է յուրաքանչյուրի ընտրությունից։ Բուհը տալիս է տեսական մասնագիտական գիտելիքներ, իսկ հմտությունները ձեռք են բերվում գործնականում։ 

 

Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ.- ՙԳրիգոր Նարեկացի՚ պետական հավատարմագրված համալսարանի իրավագիության ամբիոնի դասախոս, մշակույթի և տեղեկատվության բաժնի պետ, բանաստեղծուհի.

-Սովորաբար, ուսանողական տարիները մարդու կյանքի այն ժամանակահատվածն են, երբ դեռ սկզբունքներն ու գաղափարները ձևավորման փուլում են։ Ուսանողը որքան քննադատող, ընդդիմացող է, նույնչափ օժտված է նուրբ զգացումներով, հետևաբար, ձևավորելով նրա ընթացքը, անհրաժեշտ է չվնասել այդ նուրբ թելիկները։ Արժեքներն արժևորելու երևույթն անհատականացված բնույթ է կրում, և ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է ուսանողը տիրապետում ժամանակի մարտահրավերներին և հնարավորություններին։

Ամենատարբեր հայացքներով ուսանողների եմ հանդիպում, բայց հպարտորեն կարող եմ նշել, որ բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք սիրում են Արցախը, հպարտ են իրենց հայ լինելով, ինչը կարծում եմ, մնացած առաքինությունների ազդարարն է։ 

Մեծ է ուսանողների դերը հասարակական դաշտում. նա է ապագա հասարակություն ստեղծողը, ուստի այսօր պետք է լինի իր ազգային արժեքները կրողն ու տարածողը, ակտիվ լինի մարզամշակութային, գիտաստեղծագործական, բարոյահոգեբանական բոլոր ասպեկտներում։

Ուսանողների հիմնական մտահոգիչ հարցն այսօր կրթության համակարգի կարգավորումն է, գործատուների պահանջը, երբ ուսանողը գիտակցում է, որ պահանջված մասնագիտություն է ստանում և, ներդնելով ամբողջ ջանքերը, հասնելու է կոնկրետ նպատակի։ Աշակերտից ուսանող, ուսանողից աշխատող անցումը պետք է կատարվի ճշգրիտ։

Բարձր է այսօր ուսանողների ինքնագնահատականը, անտարբերությունը և կյանքի հանդեպ անլրջությունը հաճախ ոչ ճիշտ տեղեկատվության արդյունք են և շտկվում են տարբեր ձևաչափերով։ Կյանքում կայանալու համար ինքնուրույն քայլեր ու մեծ ցանկություն է պետք։

Հարուստ ներաշխարհով, տրամաբանող, վերլուծող և հազվադեպ համաձայնող մարդ է ուսանողը, ով ամեն դեպքում գտնում է ելքը։ Ջերմ շնորհավորանքներս նրանց տոնի առթիվ:

 

Անահիտ ՀԱՅՐԻՅԱՆ.- ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս.

-Այսօրվա ուսանողությունն օժտված է նորարարական  հզոր ներուժով և հասարակության զարգացման համատեքստում սոցիալապես կարևոր միավոր է։ Տարբեր է ժամանակակից ուսանողների մտածելակերպը։ Կոնկրետ կրթության առումով ոմանց համար կրթությունն ինքնին արժեք է, մյուսների համար` նյութական բարեկեցության երաշխիք, երրորդների մոտ` մեկ այլ բան։ Այսօրվա ուսանողն ունի լայն մտահորիզոն ու երբեմն անընկալելի աշխարհայացք։ 

Տարեցտարի մեծանում ու կարևորվում են ուսանողների դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացման ասպարեզում։ Ուսանողն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնակից է լինում բուհում իրականացվող  ծրագրերին ու միջոցառումներին, այլև ակտիվ դիրքորոշում ունի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Նրանք անհանդուրժողական են, ընդդիմադիր՝ մեր ազգին անհարիր երևույթների, իրադարձությունների հանդեպ։

Նրանց խնդիրներն այսօր մեծամասամբ կապված են ուսման վարձավճարի կարողունակության հետ։ Բուհ ընդունվելով, ուսանողը գիտակցում է իր ընտրած մասնագիտության պիտանելիությունն ու կիրառումը։ Սակայն բարձր կուրսերում նա հասկանում է, որ տվյալ մասնագիտությամբ դժվար կլինի աշխատանք գտնել։ Այստեղ առաջանում է մեծ խնդիր բուհ-աշխատաշուկա փոխհարաբերության մեջ, ինչի արդյունքում ուսանողը կանգնում է այլընտրանքի առջև։

Ժամանակակից ուսանողների պահանջներն այնքան մեծ են, որ դրանք երբեմն անկարող են բավարարել թե՜ կրթական համակարգը, թե՜ հասարակությունը, թե՜ հաճախ նույնիսկ ընտանիքները։ Այսօրվա ուսանողն ունի անհրաժեշտ կարողություններ, ներուժ ու ցանկություն՝ հասարակությունն ու երկիրն ավելի լավը դարձնելու, համարձակ ձգտումները կյանքի կոչելու. նրանց պարզապես աջակցել է պետք։ Շնորհավորում եմ ուսանողներին միջազգային օրվա առթիվ։ Վստահ եմ, որ նրանց միասնականությունը, երիտասարդական ավյունն ու նվիրումը մշտապես ուղեկից կլինեն նպատակներին հասնելու ճանապարհին։  Մաղթում եմ անկոտրում կամք և մեծ հաջողություններ։ 

 

Արաքս ՄԻՐԶՈՅԱՆ.- ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԱՀ ՙԵրիտասարդական՚ հաղորդման հաղորդավար, ՙՆոր Շահումյան՚ թերթի թղթակից,

-Սովորաբար ուսանողական տարիները կյանքի այն հրաշալի ժամանակներն են, երբ կարելի է սովորել, փնտրել, գտնել, սիրել, հասկանալ և անգամ չհասկանալ։ Այս բոլոր ՙկարելի՚-ների հետ պետք է նաև հավատալ գիտելիքի զորությանը, սեփական ուժերին, լինել վստահ, որ ցանկության դեպքում հնարավոր է իրագործել անհնարինը։ Կցանկանայի, որ ուսանողներս, ավելի շատ հարգենք հենց մեր սովորելու իրավունքը։ Ուսանողը պետք է լինի հետաքրքրասեր հանդիսատես, օրինավոր քաղաքացի և ամենակարևորը՝ լինի ներկա։ Շնորհավոր ուսանողներիս միջազգային տոնը։

Հմուտ և գիտելիքներով զինված երիտասարդներով  են պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը։ Լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք բոլոր ուսանողներին։ Հավատանք նրանց մտքի սլացքին և ուժին։ Տո՜նդ շնորհավոր, ուսանո՜ղ։

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ