[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ. ԵՐԱԶԵԼՈՎ ԱՍՖԱԼՏԻ ՄԱՍԻՆ

Թեպետ գրեթե ամեն օր տարբեր լրատվամիջոցների օգնությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանն ու պատկան այլ մարմիններ  հնչեցնում են մայրաքաղաքի ծայրամասային փողոցներում ասֆալտապատման ու  բարեկարգման այլ աշխատանքների մասին, այնուամենայնիվ, այդ փողոցներից բողոքները չեն նվազում:

Վերջերս մեր խմբագրություն են դիմել Տեր-Գաբրիելյան փողոցի բնակիչներ, ովքեր մինչ այդ հնարավոր բոլոր հասցեներով են հասցրել նամակներ ուղարկել ու մնալ անպատասխան: ՙՄենք  տեսնում  ենք,  թե  ինչպես  են  բարեկարգվում  հարևան  փողոցները,  կենտրոնը,  ասֆալտապատվում պարբերաբար,  իսկ  վերջերս  նույնիսկ  ասֆալտը  քանդում,  սալահատակում  են: Ուրախանում  ենք, երբ մեր  քաղաքում խաղահրապարակներ  են  ավելանում,  բայց  և  տխրում,  որովհետև   չգիտենք՝ հերթը  երբևիցե  կհասնի՞  մեր  երեխաներին,  որոնց  հայրերն  ու մայրերը, տատիկներն  ու  պապիկներն  էլ  են  այս  նույն  հարցը  բարձրացրել ու  մնացել  անպատասխան: Վիրավորանք  ու  անզորություն  ես  զգում,  երբ  տեսնում  ես  փոշու  կամ  ցեխի   մեջ  խաղացող  երեխաներին՚,-գրված է նամակում:

Տեր-Գաբրիելյան փողոցը պայմանականորեն կարելի է ծայրամասային համարել, Մետաքսագործների փողոցի շարունակություն կազմող այս հատվածից տաս րոպեում կարելի է  Թումանյան փողոց հասնել`՝ հատելով նաև քարուքանդ վիճակում գտնվող Սպանդարյան փողոցը: Մեր՝ խնդրին տեղում ծանոթանալու օրն անձրևոտ չէր, սակայն փողոցում դեռևս թարմ էին նախօրեին տեղացած անձրևի հետևանքով առաջացած ցեխն ու  ջրափոսերը: Տեղեկանալով, որ հանրապետական թերթից ենք, բնակիչներ են հավաքվում և տարիների ընթացքում բարկության վերածված դժգոհությունն ու բողոքները թվարկում: Անգամ խորհրդային տարիներին Տեր-Գաբրիելյան փողոցը երբևէ չի ասֆալապատվել, ավելին, բնակիչների բողոքներին ի պատասխան քաղաքային որևէ պաշտոնյա հետզհետե ավերակի վերածվող փողոցում երբևէ չի եղել, խնդրին չի արձագանքել Քաղաքաշինության նախարարությունը:

ՙՏասնամյակներ շարունակ   բարձրացրել ենք  այդ  հարցը. պարբերաբար ԱԺ ընտրությունների  նախօրյակին  մեզ  շռայլել  են  խոստումներ,  որոնց  վաղուց  արդեն չենք  հավատում,  պարբերաբար  հիշեցրել  ենք,  սակայն  ստացել  նույն  պատասխանը՝  ձեր  հերթը  դեռ  չի  եկել,  դուք դեռ ցուցակում չկաք։  Այս   փողոցը  կարծես  խորթ  զավակ  լինի՚, -ասում է  փողոցի բնակիչներից Ա. Բաղդասարյանը:  Երեք երեխաների հայր Մելսիկ Հովսեփյանը նաև կատակում է` մարդիկ ինչերի մասին են երազում, մեր երազանքն էլ տարիներ ի վեր ասֆալտն է:

Գյուղական ճանապարհ հիշեցնող փողոցում բացակայում են մայթերն ու եզրաքարերը: Բնակիչներից ոմանք մայթերի համար նախատեսված ու տների ցանկապատերին կից հատվածները  նաև  շինանյութի, փայտի և այլ անհրաժեշտ պարագաների համար  ժամակավոր հանգրվան են դարձրել: 

Ասենք նաև, որ միայն փողոցի քարուքանդ վիճակը չէ Տեր-Գաբրիելայնցիների մտահոգությունն ու ցավը: Բնակիչների խոսքով` հատկապես շոգ եղանակին այդտեղ շնչելն անհնար է դառնում մոտակա ձորը թափվող կոյուղաջրերի պատճառով: Փողոցը ներառված չէ քաղաքային ուղևորատար տրանսպորտային ցանցի որևէ երթուղում, բացի այդ, այստեղ հրաժարվում են հասնել տաքսիները, դժվարությամբ են տեղ հասնում շտապօգնության մեքենաները: 

Ինչպե՞ս և ինչու՞ է փողոցը հայտնվել մայրաքաղաքի իշխանությունների ծայրահեղ անուշադրության կենտրոնում. այս հարցն ուղղեցինք  Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանին:  Վերջինս շտապեց թվարկել այն բազմաթիվ թաղամասերն ու փողոցները, որոնք ոչ վաղ անցյալում Տեր-Գաբրիելայն փողոցից վատթար վիճակում էին, իսկ այսօր արդեն նախանձելի տեսք ունեն: Նրա  խոսքով` փողոցի խնդրին տեղյակ են, սակայն հստակ չեն կարող ասել, թե երբ են այնտեղ համապատասխան աշխատանքներ սկսվելու, քանի որ  փողոցների բարեկարգման առաջնահերթությունը կառավարության և Քաղաքաշինության նախարարության կողմից է հաստատվում: Մեր կարճատև հեռախոսազրույցից տպավորություն էր, որ քաղաքապետարանում փողոցների ու թաղամասերի խնդիրների լուծման սեփական պատկերացումներն ու առաջարկությունները բացակայում են։ 

Քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինական քաղաքականության բաժնի ավագ մասնագետ  Մհեր Համբարձումյանը չանդրադարձավ  մայրաքաղաքի փողոցների վերանորոգման առաջնահերթությունը որոշելու համար անհրաժեշտ չափորոշիչներին ու սկզբունքներին` փոխարենը միայն նշելով, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում իրականացված աշխատանքները հսկայածավալ են, սակայն անելիքները նույնպես քիչ չեն, ուստիև բնական են բնակչության շրջանում հաճախակի  հնչող բողոքները: Ըստ նրա` գալիք տարվա ծրագրում ներառված է միայն հարակից Սպանդարյան փողոցը, որը քաղաքի թեքադիր հատվածներից է և վերջին սելավներից շատ է տուժել: Հնարավոր է, Տեր-Գաբրիելյան փողոցում ևս այդ ընթացքում որոշակի աշխատանքներ իրականացվեն:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ