Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՙՍատար կանգնենք՚ բարեգործական հասարակական կազմակերպության և Պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Արցախում կազմակերպվեց ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված սերժանտ Ադամ Սահակյանի հիշատակին նվիրված եռօրյա ծրագիր-միջոցառում։

Մտահղացումը ՙՍատար կանգնենք՚ ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Թարանյանինն էր։ Ծրագրի շրջանակներում Արցախ հրավիրվեցին Ա. Սահակյանի ծնողներ Խաչատուր և Գայանե Սահակյանները։ Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում կազմակերպվեց հանդիպում` նվիրված Ադամ Սահակյանի հիշատակին։ Ներկա էին հերոսի ծնողները, նշյալ կառույցների պատասխանատուներն ու ներկայացուցիչները։ 

Դպրոցի աշակերտները ռազմահայրենասիրական երգ ու պարով, արտասանություններով մեծարեցին ապրիլյան հերոսամարտում նահատակված Ադամ Սահակյանին, մյուս մարտիրոսներին։ Միջոցառմանը ներկա էին նաև նույն դպրոցի սան, ապրիլյան ընդհարումների ժամանակ իր կյանքը նվիրաբերած Դավիթ Գասպարյանի մայրն ու կինը։ Ներկաները մեկ անգամ ևս հիշեցին հայոց քաջարի զինվորների անձնուրաց պայքարն ու հաղթական դրվագները։ Ցավոք, զարկվեցին մեր հերոս տղաներից շատերը։ Նրանցից էր երևանցի Ադամ Սահակյանը, ով պարտադիր ժամկետային զինծառայության էր անցել 2015 թվականին։ Նա Երևանի պետական համալսարանի ուսանող էր։ Զորակոչվելով բանակ և ցուցաբերելով բարձր առաջադիմություն` ստացել էր սերժանտական կոչումը։ Ապրիլի 1-ի առավոտյան Ադամը բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում, տեղի էր ունեցել հակառակորդի հարձակումը։ Սերժանտն իր զինակից 7 ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչեց թշնամու դեմ՝ զգալի կորուստներ պատճառելով նրան։ Սահմանապահ զինվորներն անցան շրջանաձև պաշպանության և մինչև վերջ պայքարեցին, իսկ առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում հերոսի մահով նահատակվեց Ա. Սահակյանը։ Սերժանտի և նրա զինակից ընկերների մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է ընձեռել և կանգնեցնել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը։ 

Մեկ անգամ ևս վերհիշելով Ադամ Սահակյանի և քառօրյա պատերազմի մասնակիցների սխրանքը, միջոցառման կազմակերպիչները շեշտեցին, որ մեր դիրքերում կանգնած են տղաներ, ովքեր անվարան կարող են կրկնել Ադամի ու ընկերների սխրանքը:

Թիվ 7 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ հատկապես, դպրոցի աշակերտների հանդիպումը, շփումը մեր նահատակների հարազատների հետ: Օրհասական պահին, առանց վարանելու, իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների անավարտ երազանքները կշարունակի նոր սերունդը։

Հանդիպման ժամանակ դպրոցականները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Ա. Սահակյանի ծնողներին, հետաքրքրվել հերոսի նախասիրություններով։ Ադամի մայրը՝ Գ. Սահակյանն անչափ հուզված էր, որովհետև առաջին անգամ էր Արցախում և, ինչպես ինքը խոստովանեց, համոզված է, որ այս հողը սուրբ է. ՙՇատ վայրերում  եմ եղել, տարբեր երկրներում, բայց այսպիսի ապահովության զգացողություն, ինչպիսին զգացի Արցախում, երբևէ չեմ ունեցել։ Զգալով արցախցու հզորությունը, հասկացա, որ մենք անպարտելի ենք, և Արցախը միշտ կմնա անառիկ ու մեր նահատակ տղաների արյամբ ազատագրված ոչ մի թիզ հող չենք զիջի թշնամուն։ Հպարտ եմ, որ կա նման սերունդ, հպարտ եմ, որ Ադամի մայրն  եմ և, գտնվելով այստեղ, համոզվեցի, որ մենք հզոր ենք, ինչպես երբեք՚,- նշեց Գ. Սահակյանը։ Ի դեպ, այս վերջին տողերը Ադամի  մայրը գրել էր ուսանողական տարիներին՝ Արցախյան գոյամարտի ժամանակ հանձնարարված շարադրություններից մեկում: Հերոսի մասին հուշերով կիսվեց նաև հայրը՝ Խաչատուր Սահակյանը։ Որդին 6 տարեկանից հաճախում էր գեղարվեստական մարմնամարզության բաժին, պարապում էր գեղասահքով, պարապում էր արևելյան մարտարվեստ, հետո` նաև բռնցքամարտ։ Սովորել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Գերազանց տիրապետում էր անգլերենին, ռուսերենին։ Սիրում էր գծագրություն առարկան, դիտում էր հայրենասիրական ֆիլմեր, և ուզում էր ՊԲ-ում ծառայել տղամարդավարի, ամենահեռու սահմանամերձ դիրքերում։ Չնայած երիտասարդ տարիքին` նա ասում էր, որ մարդ պետք է այնպես ապրի, որ բոլորի համար էլ լավ լինի, թե չէ, ինչի է նման այն մարդը, ով աննպատակ ապրում է100 տարի։ Ծնողներին խնայում էր, չէր տեղեկացնում, որ դիրքեր է բարձրանում: Ա. Սահակյանը ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚, իսկ ՀՀ նախագահի կողմից` ՙԱրիություն՚ պետական մեդալներով։ Հերոսի հայրը վստահեցրեց, որ եթե հանկարծ հակառակորդը հոխորտա և կրկին գնա հերթական արկածախնդրության, ինքը Երևանից անմիջապես կմեկնի այդ նույն դիրքերը և կպայքարի որդու փոխարեն։ 

ԱԺ պատգամավոր, ՊԲ-ին առընթեր կանանց խորհրդի նախագահ Ռ. Դադայանն իր հերթին փաստեց, որ ոչ մի զինվորի կորուստ իզուր չի անցնում. ՙժողովուրդը, որ նման զավակներ է հայրենիքին պարգևել, հավերժ կապրի։ Խոնարհվում ենք բոլորի առջև, նաև նրանց, ովքեր այժմ էլ կանգնած են սահմանին և պաշտպանում են արյամբ ազատագրված հողը՚։ 

Նույն օրը Ա. Սահակյանի ծնողները եղան այն ամենաբարձր դիրքում, որտեղ անձնազոհաբար նահատակվել է իրենց զավակը։ Եվ հպարտորեն նայելով Արցախին, իրենց կոչը հղեցին ամբողջ աշխարհին, որ ինչքան էլ թշնամին զինվի, որքան էլ գերտերությունները զենք մատակարարեն հակառակորդին, միևնույն է, հայ ժողովուրդն ունի ամենամեծ ու ամենահզոր զենքը՝ դա հայի ոգին է, որ ոչնչով կոտրել հնարավոր չէ։ 

Նոյեմբերի 27-ին զորամասի շուրջ 60 նորակոչիկներ մկրտվեցին Շուշի քաղաքում, որոնցից շատերին որպես կնքահայր կանգնեց նաև Ադամ Սահակյանի հայրը։ 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ