[ARM]     [RUS]     [ENG]

ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ, ԱՊԱ ՈՒՐԻՇ Ո՞Վ

altՄեր թերթի էջերում մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ վերջին տարիներին  հանրապետության իշխանությունների աջակցության շնորհիվ վերածնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հնագույն մասը։ 
Ինչպես հայտնի է, Տողասարի (ծովի մակարդակից մոտ 1500մ բարձրության վրա)  շրջակայքը հարուստ է մշակույթի եզակի հուշարձաններով։ Գյուղն ինքը տեղակայված է սարի հարավ-արևմտյան ստորոտում և ժամանակին եղել է Խամսայի մելիքության (18 դ.) Դիզակի Ավան-Եգան մելիքի նստավայրը։ Գյուղում իշխանական պալատական համալիրից բացի կա երեք եկեղեցի, որոնք կառուցվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Սարի հյուսիս-արևմտյան ստորոտում գտնվում է Գտչավանք վանական համալիրը (13դ.)։
Կառավարության կողմից որոշում ընդունվեց ողջ այդ տարածքը պատմաճարտարապետական արգելագոտի ճանաչելու մասին։ Երեք տարի շարունակ հնագիտական պեղումներից բացի այստեղ տարվում են Ավան-Եգան մելիքի ընդունարանի վերականգնման աշխատանքները։ Զուգահեռաբար իրականացվում է Գտչավանք վանական համալիրի փուլ առ փուլ վերականգնումը։ Մնացած շինություններն առայժմ ՙսառեցված՚ են և, ինչպես ասում են, սպասում են ավելի լավ ժամանակների։ 
Սակայն պատմական հուշարձաններով հարուստ այդ գյուղում տեղ են գտել և այսօր էլ տեղի են ունենում որոշ միջադեպեր, իրադարձություններ, որոնց մասին հնարավոր չէ լռել։ 
ՙՊատմական միջավայրի պաշտպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության ներկայացուցիչ Ռուզաննա Խաչատրյանը ցավով ու վրդովմունքով է պատմում այն մասին, թե ինչպես են  որոշ բնակիչներ միանգամայն գիտակցաբար  վնաս հասցնում այդ հուշարձաններին։ Այսպես, Ռ.Խաչատյրանի ջանքերով Անապատ եկեղեցին մաքրվել է տարիների կենցաղային աղբից, կեղտից...Դրանից հետո մուտքը (որը ժամանակի ընթացքում ավերվել էր) փակեցին՝ ինչով հնարավոր էր՝ գոնե որոշ ժամանակ կարգ ու կանոն ապահովելու համար։ Իսկ մինչ այդ եկեղեցին, ինչպես բազմաթիվ այլ գյուղերում, ծառայում էր որպես անասնագոմ։ Սակայն Անապատ եկեղեցուն կարճատև ժամանակ է բախտ  վիճակվել մնալու մաքուր։ Հարևան տների բնակիչներից մեկը ՙմաքրեց՚ մուտքը և անասունը կրկին քշեց այնտեղ։ ՙՊատմական միջավայրի պաշտպանության պետական ծառայության՚  ներկայացուցչի դիտողությանը նա պատասխանել է. ՙԲա անասունները ուրիշ որտե՞ղ հանգստանան, եթե ոչ եկեղեցում, որտեղ զով է ու չոր՚։ 
Գյուղացիները հաճախ են այցելում Սբ Ստեփանոս եկեղեցի՝ մատաղ անելու։ Եվ ամեն անգամ հերթական ավանդական արարողությունից հետո եկեղեցու մուտքի ողջ տարածքն ու ներսը վերածվում է իսկական աղբանոցի։ Ռ. Խաչատրյանի խոսքերով` ոչինչ չի օգնում. ո՜չ չաղտոտելու մասին պատերին փակցված հայտարարությունները, ո՜չ հորդորները, ո՜չ պատվիրանները։ Մխիթարում է միայն մի բան. երբեմն օգնության են գալիս դպրոցականներն իրենց ուսուցիչների հետ։ 
Պարզվում է, սակայն, եկեղեցիները մաքրելով խնդիրները չեն սպառվում։ Երկու ամիս առաջ Ռ. Խաչատրյանը հայտնաբերել է, որ ոմն մեկը գողացել է պալատական համալիրի շենքերից մեկի 2-րդ հարկը պահող փայտե հենասյուները։ Ոստիկանությունը պարզել է, որ հարևաններից մեկը գողություն է արել (ընդ որում՝ ոչ առաջին անգամ), և փոխանակ խոստովանի իր մեղքը և այլևս նման բան չկատարի, նեղացել է, որ իր անունը հրապարակ է հանվել։ 
Այս ամբողջ տխուր պատմության մեջ ավելի շատ ցնցում է այն փաստը, որ գյուղի բնակիչների մեծ մասը բոլորովին անտարբեր է պատմական հուշարձանների ճակատագրի, իրենց նախնիների մշակութային ժառանգության հանդեպ։ Եթե ոչ մենք, ապա ուրիշ ո՞վ պետք է պահպանի մեր մշակույթի հուշարձանները։ Նման իրավիճակն, անշուշտ, մեկ օրվա արդյունք չէ։ Խորհրդային իշխանության ՙմարտնչող՚ աթեիզմի 70 տարիներն արել են իրենց սև գործը։  Բայց չէ՞ որ այսօր մենք հնարավորություն ունենք շտկել անցյալի բազմաթիվ սխալներ, փոխել վերաբերմունքը կրոնի նկատմամբ և գոնե չավերել մեր հուշարձանները։ 
Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ոչ թե օրենքը, ոչ թե պետությունը, այլ հասարակ մարդիկ հարգանքով ու պատկառանքով վերաբերվեն մեր իսկ պատմության` մեզ հասած անխոս վկաներին։ Հեռու չէ այն օրը, երբ Տողի պատմաճարտարապետական արգելավայրը կդառնա տեսարժան և գրավիչ վայրերից մեկը զբոսաշրջիկների համար, որոնք, ի դեպ, պատրաստ են հաղորդակցվել մեր մշակույթին, մինչդեռ ինքներս պատրաստ չենք նույնիսկ պահպանել այն։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ