[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՊԵՏ ՆԵՐՍԵՍ. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏՔՍ ԿԸՆԵՄ

-Բարև, վարպետ Ներսես։ Գործ-մործ լինո՞ւմ է հետծննդյան այս օրերին (առանց հրավերի սպասելու նստում եմ)։

 Չի զարմանում ո՜չ այցիս, ո՜չ հարցիս համար։ Մասնագիտությանը հատուկ զրուցասեր է, շփվող։

-Ոչինչ, -ո՜չ դժգոհում է, ո՜չ գոհունակություն հայտնում։

-Աս գործը սեզոնային է, իրար վրա տված տարվա մեջ 3-4 ամիս կաշխատինք։
-Նայիր, լիքը գործ է, -ցույց է տալիս կոշկակարանոցի անկյունը։ -Արված-պատրաստ է, չեն գար տանելու։ Մեկ-երկու տարի է՝ ետևեն եկող չկա։ Ձեռները փող չկա։
Մտնում-դուրս են գալիս. մեկի՝ կոշիկը, մեկի՝ կաշվե պայուսակը... Ոչ հաճախորդներն են երկա՛ր-բարակ հարցեր տալիս կամ սակարկում, ոչ` ինքը։ Վստահության մթնոլորտ է՝ ոչ շատ հաճախ հանդիպող կենցաղային սպասարկման ծառայության կետերում։
Գործից չի կտրվում. հա՜մ աշխատում է, հա՜մ հաճախորդներին ճամփու դնում, հա՜մ ինձ հետ զրուցում։
-Երևում է՝ գործդ լավ է գնում։
-Ոչինչ։ Հացի փող կաշխատիմ։ Աս գործը չիմանայի՝ ինչ պիտի ընեի։ Տունը պիտի նստեի։ Եղբորս պես։ Էրեխեքը կպահին։
-Այս կողմերում քեզ ճանաչում են, վարպետ Ներսես:
-Արդեն 3-4 տարի է, էս կողմում կաշխատիմ, Արցախի պետական համալսարանին, ՙԱզատության՚ հրապարակին մոտիկ։ Բայց Շուշի կապրինք` մայրս, 100 և 4 տարեկան է, գաղթեն մազապուրծ, կինս, ես...
-Ինչո՞ւ Շուշի,- հարցս ինքնաբերաբար հնչեց։
-Ստեփանակերտը Փարիզ է, վարձավճարը շատ թանկ է։
-Որտե՞ղ ես կոշիկի գործը սովորել։
-Լիբանան։ Սկզբում աշակերտ եղած եմ հայ վարպետին մոտ։ Լիբանան, Բուրջհամուտ կոշկի գործը նշանավոր է հայերու շնորհիվ։ Ամենեն արհեստը հայերու ձեռքն է՝ դերձակություն, կոշկակարություն, ավտոյի ու երկաթի գործ, կտավի գործ, փայտի գործ։ -Մտքերը շեշտակի այլ ուղղություն ստացան։ -Լիբանան փող վաստակելու համար ամեն անօրեն գործով կզբաղվին՝ թղթախաղ, հաշիշ, կոկաին... Հայերը՝ ոչ։ Միջին Արևելքին մեջ լավ վարպետները հավաքված են, քանի որ գործ կա։ Որտեղ գործ՝ մարդիկ կհավաքվին։ Գործ չլինի՝ կցրվին։ Եթե արհեստավոր ես, գլուխդ կպահիս, կապրիս։ Ես ալ աս արհեստը չունենայի՝ գյուղը ինչ պիտի ընեի։ Վերաբնակ եմ։ Վազգենաշեն, Մարտունու շրջան, 2000 քառ. մետր տնամերձ տվին, նաև բավական հող վարել-ցանելու համար։ Մի քանի հեկտար ցանեցի, կարկուտը եկավ, ունեցած-չունեցածս տարավ։ Այգի գցեցի, ամեն տեսակ ծառեր տնկեցի, զեյթունի ծառ ալ տնկել եմ։
-Եթե լրիվությամբ զեյթունի ծառեր տնկեիր, գո՞ւցե բիզնես կունենայիր...
-Չհասցրի։ Բիզնեսն ինձ մոտ կարծես թե չէր հաջողեր։
-Գյուղում ուրիշ աշխատանք չե՞ս փորձել։
-Փորձել եմ։ Բարի մարդիկ օգնեցին, մեկը՝ Ռուսլան Իսրայելյանն օգնեց, բենզինի կետ բացեցի, չստացվեց, հետո շորի-մորի առևտուր սկսեցի, աս ալ չստացվեց։ Քիչ թե շատ աս գործը ստացվեց։
-Գյուղում մնայիր...
-Գյուղում ինչ կոշկի գործ` ժողովուրդ չկա, փող չկա։ Գյուղը լավ էր, մամայիս համար շատ լավ էր, բայց կինս հիվանդացավ, անբուժելի հիվանդությամբ: Գյուղը թողեցի։
-Լիբանանում կոշկի գործդ լա՞վ էր գնում։
-Հա։ Խանութ ունեի։ Նոր տուն գնեցի։ Ես դիզայներ-մոդելյոր եմ։ Իտալական կոշիկներու։ Մինչև պատերազմը լավ էր, պատերազմը սկսվեց, սաղ թողեցինք, դուրս եկանք։ Նորից՝ Սիրիա։ Մոդելներ կպատրաստեի՝ բանվորները կաշխատեին։ Հետո նորից պատերազմ, հետո եկանք հայրենիք։ Էստեղ ալ՝ նկար կբերին, նկարին պես կոշիկ կսարքիմ։ Ես մաքուր կաշխատիմ։
-Այսինքն։
-Ես թուրքական ապրանք չեմ բերեր։
-Ինչո՞ւ։ Թուրքականը վա՞տ է...
-Վատ է, բա ինչ է։ Նրանց ինչն է լավ, որ ապրանքը լավ ըլլա։ Նրանք իրար և ուրիշներու մորթել գիտեն... Ես նրանց՝ ալ, նրանց լավին՝ ալ... Ես կա՜մ հայկական, կա՜մ իսպանական կաշվով կաշխատիմ։ Հալալ կաշխատիմ, հալալ կապրիմ։ Հայրս մե լավ խոսք ուներ. երբ գիշեր-ցերեկ կաշխատեինք, կըսեր՝ էս սենյակին չափ ոսկի ունենաս, պիտի թողնես՝ աշխարքեն երթաս։ Երկու բան է, որ կմնա. կամ ետևեդ վատ պիտի խոսին, կամ պիտի ըսեն՝ ասիկա լավ մարդ էր։ Կյանքը աս է։ Այդչափ թագավորներ ունեցած ենք, ինչու Տիգրան Մեծի մասին կխոսինք։ Որովհետև ազգին մասին մտածած է, իր անձին մասին չէ մտածած։ -Ապա մի պահ կտրվում է գործից, ասում.-Մենք խելացի ժողովուրդ չենք։
-Ինչո՞ւ։ Ինչքան հանճարներ, տաղանդներ...
-Օտարներու համար են։ Օտարներուն ծառայելու համար են։ Մենք դարերու պետություն չենք ունեցեր։ Խելացին պետություն կունենար։ Էսօր Ղարաբաղ ազատագրած ենք, Լեռնայինը միայն։ Բայց մեր սահմանը Քուռ-Արաքսն է, չէ՞։ Նյութապաշտ ժողովուրդ ենք, որ էս օրին հասած ենք։ Սփյուռքին մեջ ավելի նյութապաշտ ու նախանձ ենք։ Խելացի լինելը գիտե՞ս որն է, ազգին շահը ամենեն բարձր դասելն է։ Դարերով պետականություն չենք ունեցել, ստրուկ եղած ենք։ Նյութապաշտությունը ստրուկութիւնեն, չտեսութիւնեն եկած է։ Մարդու աչքը կուշտ պիտի ըլլա։ Այ, էն գրածները կարդա...
Ներս մտնելուն պես հայացքս գրավել էին սիրուն ձևավորված ցուցանակները, որոնց բովանդակությունը սովորական կոշկակարանոցներին հատուկ չէր. ՙԵրբ չի լինում ոչ մի ճար, խենթերն են գտնում հնար՚։ ՙՀեղափոխական զինյալ պայքարով կա միայն հայապահպանում՚։ ՙԵրջանիկն ան է, ով իր տան մեջն է՚։ ՙՄի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի հայրենիքը դառնալ՚։ Պատի կենտրոնական տեղում հայոց այբուբենն է հայ միջնադարյան ոճով զարդարված։
-Քո մտքե՞րն են, վարպետ Ներսես։
-Գիրք կարդալ կսիրեմ։ Րաֆֆի շատ կկարդամ, ինձ դուր եկած մտքերը գրի կառնիմ, որ երիտասարդությունը կարդա, սովրի... Սիրիա, Արաբկունար ծնված եմ, միայն հայեր են, հազարից ավել ընտանիք։ Նախակրթարան սովրած եմ։ Արաբկունարը Թուրքիայի սահմանեն է, շատ մոտիկ, չորս կողմը՝ քյուրդեր, ոչ թե արաբներ։ Հարձակումներե վախեցած՝ գաղթեցինք Լիբանան, որտեղ հայոց առաջնորդարանը մեզի կրթություն կուտար։ Մինչև 6-րդը սովրած եմ, չշարունակեցի։ Ես արհեստ սովրեցի, որ ընտանիքս օգնեմ։ Եղբայրս համալսարան կսովրեր, նրա ընկերը ինձ Մոնթեի հետ ծանոթացրեց, Բեյրութ դպրոցին մեջը դաս կուտար։ Մոնթեն ընկերս է...,- նկատելով թերահավատ հայացքս, ասում է.-Դրսում, օտարության մեջ որ հայ կհանդիպիս, ընկերդ կըլլա... Մոնթեի քրոջ, եղբոր հետ ալ ծանոթ եմ։
-Ինչպիսի մարդ էր, վարպետ,-փորձում եմ ծանոթ լինելու չափը հասկանալ։
-Մոնթեն սովորական հայ մըն է։ Ամերիկան թողեց, եկավ...-Ազգային հերոսի մասին արտահայտվում է ներկա ժամանակով:
-Բա դա դառավ սովորակա՞ն, վարպետ։
-Բա ի՞նչ։ Ամեն հայու պարտականություն է ազգին ծառայիլ։
-Բա քիչ առաջ ասում էիր` վախկոտ ազգ ենք։
-Մեկ ծաղկով գարուն չգար։ Ազգովի քաջ պիտի ըլլանք։ Որ քաջ ենք՝ ծովեն ծով Հայաստանը ո՞ւր է...
-Ծնողներիդ մասին չպատմեցիր։
-Հորս կողմը, գերդաստանը մետաղի գործ արած են։ Էստեղից է մեր ազգանունը` Դեմուրչյան: Զենքի հետ կապ ունեցած են, սաղ ջարդի ենթարկված են, ոչ մե մարդ չփրկավ։ Ավագ քույրը փետերի մեջ փոքր եղբորը (հորս) թաքցրել է։ Տղան տեսել է, թե ինչպես սպանվեցին հայրը, մայրը, եղբայրները... Գիշերը փետերեն դուրս ելած է, շուրջը՝ դիակներ, հասած է Ուրֆա քաղաք, սկսած է հաց մուրալ։ Նրան և նրա բախտակիցներուն՝ 7-8 երեխա, քյուրդերը բռնել¬տարել են, որ բանեցնեն: Քյուրդի կինը հայ եղած է, կտոր մը հաց, կտոր մը պանիր տվավ, ասաց՝ աս ճամփան կբռնիս, հայերուն մոտ կհասնիս: Հետո որբանոց, հետո...
-Ինչո՞ւ հենց Արցախն ընտրեցիր, վարպետ Ներսես։
-Հայոց պատմություն շատ կսիրեի, դեռ դպրոցեն գիտեի Հայկ ու Բելից մինչև Խամսայի Մելիքություններ։ Աշոտ Երկաթի կինը Բերդաշեն գյուղի բերդից իրեն գցել է, որ արաբներու ձեռքը չընկնի...
-Լեգենդը բոլորս գիտենք, վարպետ։ Բանավոր մեզ է հասել, բայց որ Աշոտ Երկաթի կինն է եղել, ոչ մի տեղ գրած չկա...
-Ես կարդացել եմ,¬ փորձում է հիշել գրքի անունը,¬ գյուղի անունը՝ Կըզկալա, իշխանուհու պատմությունից է։ Բերդաշենցիները Բագրատունյաց տոհմից են...,¬ հեքիաթի նման է հնչում վարպետի խոսքը:
-Ինչո՞ւ հենց Արցախ, վարպետ Ներսես,-կրկնում եմ հարցս` շեղելով թեման:
-Եկա Արցախ, որ ժողովուրդը շատնա:
-Մի ընտանիքո՞վ։
-Նաև մեկով՝ ինձնով։ Էստեղի և՜ լավն է մերը, և՜ վատը։ Ազգային պարտքս կընեմ։


(դիմանկարի էսքիզ)
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ