[ARM]     [RUS]     [ENG]

ԻՎԱՆՅԱՆ. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ

Հանրապետության այլ բնակավայրերի համեմատությամբ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքը աշխարհագրական դիրքով բավականին շահեկան վիճակում է. գտնվում է շուրջ 10 կմ` մայրաքաղաքից և 6 կմ` շրջկենտրոնից հեռավորության վրա: Վերջին տարիներին համայնքի բնակչությունն աճել է 500-ով:

Այս փաստը համայնքը 2007-ից ղեկավարող Բորիս Ղահրամանյանը ոչ առանց հպարտության է շեշտում` հավելելով, որ մայրուղուն մերձ լինելն ու բարեբեր կլիման ու հողը ևս վճռորոշ են այս հարցում: Այսօր Իվանյանն 1515 բնակիչ ունի, 364 ընտանիք:

Համայնքապետը քաջատեղյակ է գյուղի պատմությանը, գյուղի առաջին` օդանավակայանին մոտ գտնվող թաղամասի տեղում, դեռևս 20-րդ դարի առաջին կեսին, հայկական բնակավայր կար, այսօր համայնքում ապրող մի քանի ընտանիքներ նախկին բնակիչների սերունդներն են, վերադարձել և շարունակում են ապրել պապերի ծննդավայրում: Ազատագրումից անմիջապես հետո՝ 1992-ին է սկսել համայնքի վերաբնակեցման գործընթացը: ՙԱյսօր մեր բնակիչները նախկին Խորհրդային Միության գրեթե ողջ քարտեզն են ընդգրկում` Ղազախստանից մինչև Աբխազիա, և նրանք բոլորն էլ խոր արմատներ ունեն Արցախում՚,- ասում է համայնքապետը: Նախորդ տարվա ընթացքում ՌԴ-ից ևս ներգաղթող է եղել: Ըստ Բ. Ղահրամանյանի՝ գյուղը տարբեր ուղղություններով զարգացնելու համար արվածը քիչ չէ: Համայնքում պետական և բարեգործական միջոցներով տարբեր աշխատանքներ են իրականացվել: Իվանյանը գազիֆիկացված է, վերջին տարիներին մտահոգիչ էր ճանապարհների վիճակը, սակայն այդ խնդիրը մասամբ լուծվել է: Ոռոգման ջրի պակաս ևս համայնքը չունի, շատ բակերում փորված ջրհորերի շնորհիվ իվանյանցիները սեփական բանջարանոցներից ու ջերմոցներից գրեթե ողջ տարին բերք են ստանում: Խնդրահարույց է խմելու ջրի հարցը, օրական չորսուկես ժամ ջուր ստանում են բազմաբնակարանոց շենքերը: Բորիս Ղահրամանյանի խոսքով` համայնքի ջրամատակարարումը բարելավելու ուղղությամբ ծրագիր կսկսի գործել ընթացիկ տարում, մինչ այդ արդեն կատարվել են արտեզյան ջրհորերի միջոցով շուրջօրյա ջուր ապահովելու նպատակով նախագծային աշխատանքները: Իվանյանի բնակչության հիմնական մասը երիտասարդ ընտանիքներ են: 12 բազմազավակ ընտանիք է ապրում գյուղում, յոթ երեխա ունեցող մեկ ընտանիքը վերջերս է տեղափոխվել կառավարության միջոցներով կառուցված բնակարան, ինը երեխաներով ընտանիքի հիմնանորոգված երկհարկանի տուն է հատկացվել: Համայնքում վարձով բնակվող վեց երեխա ունեցող ընտանիքի համար ևս նորակառույց տուն է ձեռքբերվել պետության միջոցներով:
Ըստ համայնքապետի` սեփական սուղ միջոցներով անհնար է մեծ ծրագրեր նախաձեռնել, աշխատում են հաղթահարել բնակիչների համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող խնդիրները: Համայնքային բյուջեի մնացորդներով խաղահրապարակների, կանգառների, հուշարձանների հարակից տարածքներն են վերանորոգում, վերջերս մայրուղուց սպայական թաղամաս տանող ճանապարհն է կարգի բերվել: Համայնքի առաջին թաղամասի բնակիչները համայնքի կենտրոն հասցնող ճանապարհն են շաբաթօրյակների միջոցով վերանորոգել: Նույն թաղամասում նաև ջրագիծ է անցկացվել, ծորակ տեղադրվել, որով խմելու ջրի հարցն է մասամբ կարգավորվել:
Իվանյանում ուրախացնող իրողությունների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի. ալրաղաց, սեփական հացի փուռ, վարսավիրանոց, մեծածախ ու մանրածախ խանութներ, ուր գները կարող են մրցել մայրաքաղաքի հետ: Գործում են նաև ՙՂարաբաղ Տելեկոմի՚ և ՙԱրցախփոստի՚ հենակետեր: Համայնքի փողոցները մաքուր են, կատարվում է կանոնավոր աղբահանություն:
Իվանյանում ամենատեսանելին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ներկայությունն է` գեղեցիկ մանկապարտեզ, հարմարավետ համայնքապետարան, որը նախորդ տարում է շահագործման հանձնվել: Այն երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը լրիվությամբ կահավորված է, ապահովված ջեռուցման և օդափոխության համակարգերով: Ըստ համայնքի ղեկավարի՝ համայնքապետարանի կառուցմամբ լուծվել են գյուղի մի շարք խնդիրներ ու ապահովվել համայնքային կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: 250-տեղանոց հանդիսությունների սրահում արդեն առաջին ուրախ արարողություններն են կազմակերպվել: Իվանյանի՝ ապրիլյան պատերազմի հերոս Օնիկ Գրիգորյանի անունով անվանակոչված դպրոցի դասասենյակներն արդեն չեն բավականեցնում, արտաժամյա պարապմունքների, երգ ու պարի խմբակների համար համայնքապետը տրամադրում է վարչական շենքի սենյակները:
Բ. Ղահրամանյանի պնդմամբ՝ համայնքում զբաղվածության խնդիր, որպես այդպիսին, գոյություն չունի: Համայնքի փողոցներով շրջեք` պարապ երիտասարդ չեք գտնի: Իվանյանում տարբեր ուղղություններով գործունեություն ծավալած ութ ՍՊԸ-ներ կան: Գինեգործարան, ջերմոցային 3 խոշոր տնտեսություն, ՙՄասիս Տաբակո՚ ընկերության ծխախոտի մթերման տեղամաս՝ չորանոցներով: Վերջերս էլ պահածոների նոր արտադրամաս է սկսել գործել, աշխատանքի խնդիր ունեցող կանայք այդտեղ են ներգրավվել:

Իվանյանում հողը բեքատու է, այստեղ ամեն ինչ կարելի է աճեցնել: Մշակովի մեծ հողատարածքների բացակայության պայմանները նպաստել են, որպեսզի համայնքի բնակչությունն ավանդական գյուղատնտեսության այլընտրանքներ փնտրի ու յուրացնի ջերմոցային տնտեսության նրբությունները: Արցախյան պատերազմի ողջ թոհուբոհով անցած Արմեն Ամիրյանը վարձակալության հիմունքներով ժամանակավոր պարապուրդից հանել է ՙԱրտ Ռիդ՚ ջերմոցներն ու 1000քառ.մ տարածքում հիմնականում վարունգ է աճեցնում: Իվանյանի ջերմոցներից 3-4 օրը մեկ 350 կգ վարունգ է մատակարարում Ասկերան ու Ստեփանակերտ: Մինչ այդ` 2018-ի սկզբին տնտեսվարողն Ուղտասարի տեղանքում 18մլն դրամի ներդրում է իրականացրել և հիմնել ավելի մեծ տարածք զբաղեցնող ջերմոց, որը, սակայն, բնական աղետի՝ քամու և կարկուտի հետևանքով մեծ վնասներ է կրել: ՙԻմ կրած վնասը գյուղնախարարությունը 150 հազար դրամ է գնահատել, ինչ ասեմ, դժվար է, սակայն չեմ հուսահատվում: Արդեն յոթ տարի է` բնության հետ կռիվ տալով աշխատում եմ, Աղդամում էլ ջերմոց ունենք: Անվերջանալի վարկերով, տուն ու ունեցվածքի գրավի միջոցով ենք կարողանում դիմանալ՚,-անկեղծանում է ջերմոցատերը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ հողագործի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի: Պետության օգնությունն էլ, շատ հաճախ, պարտք ու ապառքների մեջ հայտնվածներին սնանկ ճանաչելու պատրաստակամությամբ է արտահայտվում: Ջերմոցատերը խնդրեց անպայման նշել, որ նախկին վարչապետ Արա Հարությունյանն է մի քանի անգամ օգնության ձեռք մեկնել, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորում նվիրել:
Վերջին տարիներին Իվանյանում նաև գինու գործարան է կառուցվել: ՙԿարատ՚ ընկերության արտադրամասի պետ Արամ Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայում գործարանը հայտնի է իր 5 տեսակի գինիներով` ՙԱրևիս՚ և ՙԱրևսար՚ սպիտակ ու կարմիր, ՙԱրևիս՚ սպիտակ գինին: Ըստ ընկերության տնօրենի, իրենց արտադրանքը բացառիկ է, քանի որ որպես հումք օգտագործում են ոչ միայն սեփական խաղողայգիների բերքը, այլև հայաստանյան լավագույն խաղողի հումքը: Գործարանը հագեցած է անհրաժեշտ հոսքագծերով եւ սարքավորումներով, որոնք ներկրվել են Իտալիայից ու Բուլղարիայից: Գլխավոր գինեգործը Հայաստանում ճանաչված մասնագետ Գ. Սամվելյանն է, նրա գլխավորությամբ գործարանի 15 հիմնական աշխատողները հետևում են գինու ստացման ողջ գործընթացին: Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ այս գինու առավելությունը ոչ միայն հայկական ազնիվ խաղողի տեսակներն ու նորագույն տեխնոլոգիաներն են, այլև այն, որ դրանք շշալցվում են տեղում:
Ծննդավայրում ընտանեկան բիզնես հիմնելու, սեփական արտադրություն ունենալու համարձակ ու տեղացիներին ոգեշնչող օրինակ է ՙՍվետլանա՚ ապրանքանիշով կաթնամթերքի արտադրամասը: Արման Ներսիսյանն սկսել է սեփական անասնապահական ֆերմայից, հետո, տան բակում համապատասխան շինություն կառուցելով, հընթացս նաև զգալի վարկային միջոցներ ներգրավելով՝ համապատասխան սարքավորումներ է ձեռքբերել ու սկսել արտադրությունը: Սկզբում ընկերությունն արտադրում էր միայն մածուն ու թթվասեր, հետագայում կարողացան պանրով ու սերուցքով ընդլայնել տեսականին: Բացառապես տեղում մթերված կաթով պատրաստված ՙՍվետլանա՚-յի կաթնամթերքը տարբերվում է իր համով ու որակով: Փոքրիկ արտադրամասը մենք միայն մուտքից ենք ուսումնասիրում, քանի որ միայն աշխատողներն այնտեղ մուտքի իրավունք ունեն: Առայժմ երիտասարդ ձեռներեցի փոքրիկ արտադրամասը երկու օրը մեկ է կարողանում կաթնամթերք մատակարարել, հետագայում, երբ կհաջողվի ընդլայնել արտադրատարածքը, կավելանա նաև արտադրության ծավալը, և անարատ կաթնամթերքն ավելի տեսանելի կլինի հանրապետության վաճառքի կետերում:
Արման Ներսիսյանի նման մտածող երիտասարդներ շատ կան Իվանյանում, ովքեր համոզված են, որ սեփական հաջողության պատմություն կարելի է կերտել նաև հարազատ ծննդավայրում` արժանավայել ապրելու հնարավորություն ստեղծելով նաև ուրիշների համար:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ