[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար տվյալներ է հրապարակում եվրոպական տարածաշրջանի երկրներում արձանագրվող գրիպի և սուր շնչառական վարակների (ՍՇՎ) առումով։

Դիտարկումները փաստել են, որ լաբորատոր հաստատված դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գրիպի Ա H1N1 (խոզի գրիպ) և H3N3 ենթատեսակներով և 1%-ը՝ Բ տեսակով։ Նույն պատկերն է մեր տարածաշրջանի երկրներում, ընդ որում՝ Վրաստանում բավականին խուճապային իրավիճակ է, հատկապես Ա H1N1 վիրուսով պայմանավորված գրանցվել է մահվան 11 դեպք։ Այդ երկրի համարյա բոլոր բուժհիմնարկներում հայտարարվել է կարանտին, և արտակարգ ռեժիմով աշխատում է շտապօգնության ծառայությունը։ Այդ առումով Հայաստանի պետական սահմանների օդային և ցամաքային բոլոր անցակետերում ուժեղացվել է հսկողությունը, կատարվում են ստուգումներ։ Տեղադրվել են ջերմացուցիչ հատուկ սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերել ջերմող հիվանդներին։

Հայաստանում ՍՇՎ-ի և գրիպանման հիվանդությունների վիճակը մասնագետները տվյալ սեզոնին բնորոշ են համարում։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ¬ում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Հունվարի 14-ի դրությամբ՝ ՍՇՎ-ով պոլիկլինիկական ծառայության դիմել է 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում են ստանում 837 քաղաքացիներ, որոնց 95%-ը երեխաներ են: Ա H1N1 վիրուսով պայմանավորված` ՀՀ-ում գրանցվել է մահվան 2-րդ դեպքը։ Վերջինը ՀՀ հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտթոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդն էր, որի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած:
Մասնագետները հավաստում են, որ չնայած ՀՀ¬ում նշյալ հիվանդությունների առումով ակտիվություն է արձանագրվել, սակայն վիճակն օրինաչափ է ներկայիս ժամանակաշրջանին և վերահսկվում է։ Իրականացվում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ։
Նմանատիպ կանխարգելիչ աշխատանքներ կատարվում են նաև ԱՀ առողջապահության նախարարության կողմից։ Համաձայն ընդունված որոշման, յուրաքանչյուր նոյեմբեր ամսից վերսկսվում են գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների մշտադիտարկումները և վերջնական տվյալները հաղորդվում ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն։ Հաշվի առնելով ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսված ուսումնական գործընթացը, գրիպի և ՍՇՎ-ի տարածումը կանխելու համար թե՜ ՀՀ¬ի և թե՜ ԱՀ¬ի նախադպրոցական և ուսումնական հաստատություններում իրականացվում է ՙհամաճարակային ֆիլտր՚։ Դա նշանակում է, որ ամեն առավոտ այդ հաստատությունների բուժքույրերը պարտավոր են ստուգել երեխաների առողջական վիճակը և գրիպանման երևույթների առկայության դեպքում կատարել համապատասխան միջոցառումներ։
ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի պարզաբանմամբ՝ առողջապահության նախարարը հունվարի 10-ին ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում հանդիպել է մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ ՙհամաճարակային ֆիլտրը՚ լիարժեք և պատասխանատվությամբ իրականացնելու համար։ Ախտահանման ռեժիմը պահպանելու նպատակով նախադպրոցական և հանրակրթական բոլոր հաստատությունները, ինչպես նաև բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, ախտահանիչ նյութերով և բժշկական պարագաներով։ Առկա դիտարկումները փաստում են, որ Արցախում համաճարակաբանական վիճակը հանգիստ է, ավելին` արձանագրված գրիպի և ՍՇՎ-ի հիվանդությունների դեպքերը երկու անգամ ավելի քիչ են անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Հունվարի 15-ի դրությամբ՝ ԱՀ տարածքում գրանցված ՍՇՎ-ի 30 դեպքից 19-ը երեխաների շրջանում էր։ Հիվանդներից 11-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը` երեխաների շրջանում։ 2018թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 61 դեպք (27-ը` երեխաների մոտ), որից 28-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Այսպիսով՝ հիվանդների թիվը նվազել է 2 անգամ, իսկ թոքաբորբերը` 17-ով։ Անցած շաբաթվա տվյալներով՝ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում ՍՇՎ-ի պատճառով բացակաների թիվը կազմել է 1,5%: Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող ՍՇՎ-ի ակտիվությունը, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունները հորդորում են պահպանել հիգիենայի տարրական կանոնները և խուսափել գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից։ Հիվանդության ախտանշանների՝ բարձր ջերմության, հազի, գլխացավի, հարբուխի դեպքում պետք է մնալ տանը, իսկ եթե հիվանդ է երեխան, թույլ չտալ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Հիվանդ վիճակում աշխատանքի չպիտի հաճախեն հատկապես այն անձինք, ովքեր անմիջական կապ ունեն երեխաների, հիվանդների, այցելուների հետ։ ԱՀ առողջապահության նախարարությունը գրիպանման ախտանշանների դեպքում խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժմամբ, այլ հորդորում է անհապաղ դիմել բժշկի, հատկապես քրոնիկ հիվանդություններով տառապողներին։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ