Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ

Հրավիրած մամուլի ասուլիսին արդարադատության նախարար Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ներկայացրել է նախորդ տարում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները, նախանշվող ծրագրերը:

 Ըստ նրա` 2018թ. շարունակվել են ԱՀ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը: Գերատեսչության աշխատանքներում կարևոր տեղ է գրավել իրավա-օրենսդրական դաշտը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը: ԱԺ նիստերին մի շարք օրենքների փաթեթները ներկայացնելուց ու պարզաբանումներ տալուց բացի, կազմակերպվել են նաև այցելություններ հանրապետության բոլոր շրջաններ, որտեղ նախարարը հանդիպել է ստորաբաժանումների ղեկավարներին, ծանոթացել առկա խնդիրներին, տվել անհրաժեշտ ցուցումներ: Հաշվետու տարում նախարարությունում մուտքագրվել է 7174 նամակ-գրություն՝ նախորդ տարվա 5885-ի դիմաց, դրանք ստացվել են ինչպես պետական մարմինների և նախարարության տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ու տարբեր քաղաքացիների կողմից: 

Ըստ նախարարի՝ հաշվետու տարում պետական իրավական փորձաքննության է ենթարկվել 88 գերատեսչական նորմատիվ ակտ, 85-ը պետական գրանցման է ենթարկվել, իսկ 3-ի գրանցումը մերժվել է: Փորձաքննության և պետական գրանցման է ենթարկվել տեղական ինքնակառավարման մարմինների 165 նորմատիվ իրավական ակտ: Պետական իրավական փորձաքննության է ենթարկվել նաև ԱՀ օրենսդրական ակտերի 394 նախագիծ, որոնցից 54-ը՝ ԱՀ օրենքների, իսկ 340-ը` ԱՀ կառավարության որոշումների առնչությամբ: Դրանց վերաբերյալ տրվել են բանավոր և գրավոր առաջարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է: ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդին են ներկայացվել ԱՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ: Նախարարն այդ շարքից առանձնացրել է ՙՀավաքների ազատության մասին՚, ՙԵրեխայի իրավունքների մասին՚ և ԱՀ այլ օրենքների նախագծեր: Ուսումնասիրվել են նաև Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված` ԱՀ տարբեր օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ներկայացվել համապատասխան առաջարկություններ: Գերատեսչության ղեկավարի խոսքով` տարվա ընթացքում աշխատանք է տարվել կադրերի ընտրության, նրանց ստաժավորման, ատեստավորման և որակավորման բարձրացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում առօրյա մեթոդական և կազմակերպական ղեկավարման է ենթարկվել ՔԿԱԳ տարածքային բաժինների գործունեությունը: Ընթացքավորվել է 430 հարցում` քաղաքացիական կացության ակտային գրանցումների պատճեններ, վկայականների կրկնօրինակներ և ակտային գրանցումների առկայության կամ բացակայության, ինչպես նաև աշխատանքի և աշխատավարձի չափի մասին տեղեկություններ ստանալու մասին տեղեկանքներ: ՔԿԱԳ տարածքային բաժիններում կատարվել է 4850 գրանցում: Նախորդ տարվա համեմատ ամուսնալուծությունների թիվը 23-ով նվազել է, արձանագրվել է նման 204 գրանցում: Ըստ վերլուծությունների` ամուսնալուծություններից 92-ը տեղի է ունեցել զույգերի համատեղ դիմումի, 111-ը` դատարանի վճռի և մեկը` ամուսիններից մեկի դիմումի հիման վրա: Ամուսնալուծվողների միջին տարիքը 34 է, նման դիմումներով ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 133 զույգ ունի անչափահաս երեխա: ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցված տվյալների համաձայն` 2018թ. հանրապետությունում գրանցվել է 1185 մահվան դեպք, 2017-ի համեմատ այդ թիվը նվազել է 53-ով: Հաշվետու տարում Արցախում ծնվել է 2336 երեխա, այդ թիվը ևս նվազման միտում ունի: Հանրապետությունում 2018-ին ստեղծվել է 899 ընտանիք` նախորդ տարվա 961-ի դիմաց: ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից գրանցվել է նաև օտարերկրյա քաղաքացիների ամուսնության թույլտվության 22 նյութ: Ըստ Ա. Դանիելյանի՝ 2019թ. նախատեսվում են շարունակել ՔԿԱԳ արխիվի թվայնացման աշխատանքները, ինչը կնպաստի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացվող գործընթացների պարզեցմանը: ԱՀ նոտարական գրասենյակների կողմից 2018թ. կատարվել է 16857 նոտարական գործողություն, գանձվել է 23062800 դրամ պետական տուրք: Պետական ռեգիստրի ոլորտում կշարունակվի համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան գործակալության հետ` e-register.am էլեկտրոնային համակարգի ընդարձակման և կիրառման հետ կապված խնդիրների լուծման նպատակով: ՙՆախարարության հիմնախնդիրներից է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, ուստի շարունակվելու են բոլոր ոլորտներում գործընթացներն առավել դյուրին ու մատչելի դարձնելուն, ժամկետների կրճատմանը և քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքները, ինչը կնպաստի քաղաքացիների համար անհարմարություններ ստեղծող գործոնների վերացմանը՚,- նշել է Ա. Դանիելյանը:
Այս տարի նախատեսված է սկսել հանրապետության քրեակատարողական հիմնարկներն Արդարադատության նախարարության իրավասությանը հանձնելու գործընթացը, որի անհրաժեշտության մասին վերջին տարիներին շատ է բարձրաձայնվել:
Ասուլիսի ընթացքում լրագրողների հնչեցրած հարցերը հիմնականում կապված էին նոր Սահմանադրության ընդունմանը հաջորդած իրավա-օրենսդրական դաշտի փոփոխությունների մանրամասներին: Լրագրողները պարզաբանումներ են ստացել նաև մեզ մոտ գործողության մեջ դրված ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ԱՀ համապատասխան օրենսգրքով փոխարինելու շուրջ տարվող աշխատանքների մասին: Նախարարը մանրամասներ է նաև հաղորդել` կապված քրեակատարողական հիմնարկներն արդարադատության համակարգ տեղափոխելու ժամկետների ու իրականացվող նախապատրաստական աշխատանքների հետ:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ