[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ


Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Մարտի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՙՀամայնքային զարգացումը` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով՚ ծրագրի երկրորդ փուլը, որը դասընթացների շարք է։ ՙԱնձի մոտիվացիա՚ վերտառությամբ առաջին դասընթացով, որը վարում էր Արեգ Թադևոսյանը, մասնակիցները պետք է հստակեցնեն, թե ինչու են ուզում զբաղվել սոցիալական ձեռներեցությամբ և, մասնավորապես, ինչ են ուզում անել։ Երկրորդ դասընթացը (դասընթացավար՝ Սուրեն Մխիթարյան, թեման՝ ՙՀամայնքի կարիքների բացահայտում և գնահատում՚) երիտասարդներին հնարավորություն կտա հասկանալ տվյալ համայնքի կարիքները, որոնց հիման վրա պետք է կառուցեն իրենց սոցիալական ազդեցությունը։ Վերջում կխոսեն բիզնես-մոդելի կառուցման մասին։ Կհանձնարարվեն նաև տնային աշխատանքներ, կօգտագործվի էլեկտրոնային ուսուցման հարթակը։ Դրանից հետո մասնակիցները հանդես կգան պատրաստի գաղափարներով և կդիզայնավորեն ամբողջական բիզնես-գործընթացը։ Իսկ տարվա վերջում կտրամադրվի տեղեկատվություն ռեսուրսների, ֆինանսների հայթայթման մասին։ Դասընթացներն ավարտվեցին դասընթացավար Արթուր Գևորգյանի եզրափակիչ դասախոսությամբ։

ՙՀամայնքի զարգացումը` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով՚ ծրագիրն Արցախում մեկնարկել է շուրջ մեկ տարի առաջ։ ՄԵՀԶ նախարարության հրավերով ՙՄիջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի՚ ղեկավար, ծրագրի համակարգող Արեգ Թադևոսյանը տեղի բարձր և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սկսել է դասընթացներ՝ ոլորտը ներկայացնելու, ապա և՝ զարգացնելու հստակ նպատակադրությամբ։
Սոցիալական ձեռնարկատիրությունը (ՍՁ) ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որը սոցիալական խնդիրների լուծումը և սոցիալական շահը դնում է բիզնես-մոդելի հիմքում և շահույթի մեծ մասը ներդնում սոցիալական դրական փոփոխությունների ձևավորման և սոցիալական մարտահրավերների լուծման համար։
Արցախում աննախադեպ է բիզնեսի այս ձևը, որի տարածմանը փորձում է նպաստել ՄԵՀԶ նախարարության երիտասարդության հարցերի բաժինը։ Առաջին դասընթացից հետո իր գործի գիտակ Արեգ Թադևոսյանի առաջարկով և փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետևողական աշխատանքի արդյունքում կազմակերպվեց շրջայց ՀՀ-ում գործող սոցիալական ձեռնարկություններ։
Շրջայցին մասնակցեցին ոլորտով հետաքրքրված արցախցի 30 երիտասարդներ։ Շահառու խումբը եղավ Գորիսի, Կապանի, Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Սևանի, Վարդենիկի այն համայնքներում, որտեղ ձևավորվել և գործում են սոցիալական ձեռնարկություններ։ Ապագա սոցիալ-ձեռնարկատերերին ուղեկցում էր ՄԵՀԶ նախարարության երիտասարդության հարցերի առաջատար մասնագետ Անի Կապլանյանը։ Ձեռնարկատերերից յուրաքանչյուրը երիտասարդների համար հանդես գալով դասախոսությամբ և փորձի փոխանցմամբ՝ խորհուրդ տվեց նախաձեռնությունն սկսելուց առաջ յոթն անգամ չափել, մեկ անգամ կտրել, որպեսզի կարողանան շրջանցել հնարավոր ու անխուսափելի դժվարությունները։
Շրջայցի ավարտին Սևան քաղաքում ՙԲոհեմ՚ ՍՁ-ում երիտասարդները հանդիպել են Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանի հետ։ Բարձրագույն կրթությամբ, տասնվեցամյա մանկավարժական և դասախոսական աշխատանքային փորձով Սաթիկը զուգահեռաբար գործունեություն է ծավալել հասարակական կազմակերպությունների ոլորտում։ Հինգ տարի է՝ զբաղվում է նաև սոցիալական ձեռներեցությամբ և արդեն երեք տարի ղեկավարում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան։ Սաթիկի հիմնական զբաղմունքը ոչ միայն զուտ սոցիալական ձեռներեցությունն է, այլև ոլորտի զարգացումը, սոցիալ-ձեռնարկատիրական արժեհամակարգի տարածումն ու արմատավորումը Հայաստանում։ Այնպես որ, նա ամենայն պատասխանատվությամբ և պարտավորվածությամբ էր պատրաստվել դիմավորելու երիտասարդներին և փոխանցելու փորձի դժվար, բայց և հաջողած գաղտնիքները։
Սաթիկը զրույցը սկսեց սոցիալական ձեռնարկության սահմանումից և ավարտեց ոլորտում սպասվող ապագա ռազամավարության և ակնկալիքների մասին տեղեկատվությամբ.
-Շատ կարևոր է ՍՁ-ով զբաղվողների արժեհամակարգը։ Նրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր ծնվել են աշխարհում որևէ բան փոխելու համար և չեն ձգտում զուտ գումարի։ Եթե ՀԿ-ն ՍՁ է դառնում, ապա գումարների 30 տոկոսից ավելին պետք է գեներացնի ձեռնարկատիրական գործունեությունից, ոչ թե դրամաշնորհից։ Բիզնեսի համար մյուս պայմանը՝ եթե այն գրանցված է որպես ՍՁ, հիսուն տոկոսից ավելի շահույթը պետք է դնի համայնքի զարգացման կամ սոցիալական ծրագրերի մեջ։ Ներքին կառավարման համակարգը պետք է լինի խիստ դեմոկրատական, թափանցիկ ու ներառական։ Անպայման պետք է ունենա չափելի, տեսանելի, վիճակագրությամբ փաստված սոցիալական ազդեցություն։ Չի կարող գործունեություն ծավալել բնությանը վնաս հասցնող՝ ծխախոտի, ալկոհոլի արտադրությունում և հանքարդյունաբերությունում։
ՀՀ շրջայցից հետո երիտասարդներից Մարիամ Գևորգյանը ՄԵՀԶ նախարարություն ներկայացրեց ՙԵրկրորդ կյանք՝ պլաստիկին՚ ծրագիրը, որի մեկնարկը կտրվի մոտ օրերս։ Մարիամը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից է, սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։ Ծրագրին կմիանա քույրը՝ Գրետան, որը նույնպես մասնակցում էր շրջայցին։ Տեխնոլոգիական համալսարանի ագրոէկոլոգիա մասնագիտության մի խումբ ուսանողներ իրենց մասնակցությամբ ևս կաջակցեն ծրագրին։ Մարիամն ընդունել է նաև Ստեփանակերտում բնակվող և բնապահպանական խնդիրներով զբաղվող համախոհների՝ իր հետ գործելու առաջարկը։
Շրջայցի մասնակից Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի բնակիչ Զավեն Մանուկյանը մայիսին ավարտելու է միջնակարգ դպրոցը, քիչ անց՝ զորակոչվելու է բանակ։ Բայց երիտասարդն արդեն զբաղվում է սոցիալական ձեռներեցությամբ։ Բուծում է նապաստակներ։ Ունի հստակ ծրագիր՝ զբաղվելու նաև շինշիլաբուծությամբ։ (Ի դեպ, ճյուղի զարգացմանը վերջերս անդրադարձել է ՙԱզատ Արցախ՚ թերթը.- խմբ.): Զավենը ծանոթ է ոլորտին. քիչ աշխատանք, մեծ եկամուտ։ Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական ուղղությունների զարգացման առումով Արցախում առկա է բավականին լուրջ ներուժ։ Այս առումով շինշիլաբուծության հեռանկարը խոստումնալից է։ Բարձրարժեք մորթու պատճառով շինշիլաները բնության մեջ գրեթե վերացման եզրին են, այդ պատճառով նրանց վանդակներում են բուծում։ Մաքրակենցաղ այս կենդանիներին շատ բան պետք չէ մեծանալու ու բազմանալու համար. օրական մեկ անգամ հատուկ կեր, ջուր և չոր խոտ։ Եղեգնուտցի երիտասարդը Արցախում առաջին համարձակներից է, ով նախագծել է անհետացման եզրին հայտնված կենդանու բուծման ծրագիր։
Շրջայցի մասնակիցներից Համլետ Ավագյանը նույնպես Շահումյանի շրջանում է բնակվում։ Նա իր գործունեությունը կսկսի զբոսաշրջության ոլորտում, նպատակ ունի Արցախի չքնաղ բնությունն ու տեսարժան վայրերը զբոսաշրջիկներին ներկայացնելով՝ ապահովել նաև հայրենի Եղեգնուտ գյուղի զարգացմանն ուղղված ծրագրերին անհրաժեշտ շահույթը։
;