ՀԱՅՐՈՒՄՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
Հայրենասիրությունը ժառանգներին փոխանցվում է գեներով, ծնողների անձնական օրինակով և դաստիարակչական աշխատանքով. ասվածի վառ ապացույցն է հին ստեփանակերտցիներից մեկի՝ Խաչատուր Հայրումյանի գերդաստանի պատմությունը։

Խաչատուրը դեռ մանկության տարիներից ուսման ծարավի էր և երազում էր լինել կիրթ ու գրագետ մարդ։ 1890-ական թվականներին գյուղում շատ քչերն էին կարողանում կրթություն ստանալ. պատճառը ծնողների աղքատությունն էր և ռուսական դպրոցների առկայությունը։ Խ. Հայրումյանն ուսում ստանալու նպատակով տեղափոխվում է Շուշի և ընդունվում քաղաքի երկդասյա ռեալական դպրոցը։ Երկու տարվա ընթացքում նա ձեռք է բերում որոշակի գիտելիքներ ու կարողություններ, իսկ ամառային արձակուրդներին գյուղ էր վերադառնում։ 1898թ. հանկարծամահ է լինում հայրը՝ Սահակը, և ընտանիքի հոգսն ընկնում է ավագ եղբոր՝ Սարգսի ուսերին։ Խաչատուրը թողնում է ուսումը և եղբորն օգնելու նպատակով մեկնում Պյատիգորսկ քաղաքը, քրոջ՝ Սոֆյայի մոտ, որի ամուսինն առևտրական ընկերության տնօրեն էր, ուներ մի քանի խանութներ։ Խաչատուրին ապահովում են աշխատանքով։ Իր ընդունակությունների շնորհիվ նա կարճ ժամանակամիջոցում կարողանում է հմտանալ գործի մեջ, և քրոջ ամուսինը, գնահատելով նրա աշխատանքը, առատաձեռն վարձատրում է։ Այնուհետև Խաչատուրն արդեն ինքն է խանութ բացում և սկսում ֆինանսապես օգնել մեծ եղբորը՝ Սարգսին։ 1906թ. Խ. Հայրումյանին զորակոչում են ռուսական բանակ, որտեղից էլ վերադառնում է 1910թ.՝ ՙկապրալ՚ զինվորական կոչումով։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ եղբոր հետ միասին ձեռնամուխ է լինում պապենական թթենու այգու ընդարձակմանը։ Նրանք նաև կառուցում են նոր աղբյուր՝ ի պատիվ ազգի նահապետ Սարգսի։ Այդ աղբյուրն ու թթենու այգին՝ Հայրումանց բաղը, այսօր էլ մնում են։
Հայրումյանները համոզված էին, որ համատեղ ջանքերով կունենան շոշափելի արդյունքներ։ Սակայն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Խ. Հայրումյանը կրկին զորակոչվում է ռուսական բանակ՝ ծառայության անցնելով Կովկասյան ռազմաճակատում գործող հեծյալ գնդերից մեկում՝ որպես էսկադրոնի հրամանատարի օգնական։ Գնդի հրամանատարությունը նրան է վստահում մարտական բարդ առաջադրանքներ, որոնք նա միշտ էլ կատարում է ժամանակին ու անթերի՝ գիտակցելով, որ այդ ամենն անուղղակիորեն նպաստում է օսմանյան կայսրության լծի տակ տառապող իր հայրենակիցների վիճակի թեթևացմանը։ Ռուսական բանակի հրամանատարությունը բարձր գնահատեց Խ. Հայրումյանի անձնվեր ծառայությունը՝ նրան պարգևատրելով սկզբից 3-րդ, իսկ այնուհետև՝ 2-րդ աստիճանի Գեորգիևյան խաչերով, իսկ 1916թ. նրան շնորհվում են ՙպոդպորուչիկի՚, 1917թ. էլ՝ ՙպորուչիկի՚ զինվորական կոչումներ։ Նա կարող էր հիանալիորեն դասավորել իր ռազմական կարիերան, սակայն այս անգամ էլ ռուսական հեղափոխությունն ամեն ինչ տակնուվրա արեց, և կազմալուծվեց բանակը։ Ռուսական զորքերը լքեցին մարտական դիրքերը և նահանջելով՝ անպաշտպան թողեցին հայությանը։ Հայկական զորամիավորումներն ի վիճակի չէին պաշտպանել ազատագրված տարածքները և հարկադրված նույնպես նահանջեցին։ Նրանց թվում էր նաև Խ. Հայրումյանը, որը խոր վշտով իր սպայական ուսադիրներն ու մարտական պարգևները թաքցնում է Թուրքիայի տարածքում։ Նա պետք է վերադառնար հայրենիք, որին բռնի ուժով և կեղծ հեղափոխական գաղափարներով ուզում էին տիրանալ քողարկված թուրք մուսավաթականները։ Չէ՞ որ ինքը կռվել էր թուրքերի դեմ, և հնարավոր էր՝ ցարական Ռուսաստանի սպան ենթարկվեր ռեպրեսիայի։ 1918թ. մեծ դժվարություններ հաղթահարելով՝ նա վերադառնում է հայրենի Խաչմաչ գյուղը։ Լինելով գյուղի միակ ռազմագետը՝ Խաչատուրը ձեռնամուխ է լինում գյուղի պաշտպանությանը թուրք-ազերի մուսավաթականներից, որոնք անվերջ ճնշումներով ցանկանում էին արցախահայությանը ստիպել ընդունել իրենց գերիշխանությունը։ Պայքարը շարունակվում է մինչև 1920թ. ապրիլի 28-ը՝ Ադրբեջանի խորհրդայնացումը։ Խորհրդային կարգեր հաստատվեցին բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից, և Լեռնային Ղարաբաղում սկսվեցին հեղափոխական կոմիտեների ընտրությունները։ Խ. Հայրումյանն ընտրվեց Խաչմաչ գյուղի հեղափոխական կոմիտեի նախագահ, իսկ 1930թ., երբ ստեղծվեցին գյուղական խորհուրդները, նա դարձավ գյուղխորհրդի նախագահ։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են մարզկենտրոն ու նրա բազմազավակ ընտանիքին տրամադրում բնակարան Կնունյանցների փողոցի 22 տանը (նախկինում՝ Օգոստոսի 10-ի փողոց)։




Ճիշտ պապիկի թոռն է նաև Էմմայի ավագ որդի Ալբերտ Մաղաքելյանը, ով Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Վիրավորվել է երկու անգամ, 2-րդ խմբի հաշմանդամ է։ Մարտական առաջադրանքները գերազանց կատարելու և թշնամու ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար նա պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով։
Կրտսեր Հայրումյանները սրբությամբ են պահպանում պապիկի, նահատակված հորեղբայրների հիշատակը և իրենց զավակներին դաստիարակում ճիշտ այն ոգով ու կարգախոսով, ինչպիսին իրենք են դաստիարակվել։
Հայրումյանները ուսանելի օրինակ են մեր ազգի համար, նման մարդկանց գնահատելն ու հիշելը մեր սրբազան պարտքն է։
Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ