Logo
Print this page

ՀԱՅՐՈՒՄՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Հայրենասիրությունը ժառանգներին փոխանցվում է գեներով, ծնողների անձնական օրինակով և դաստիարակչական աշխատանքով. ասվածի վառ ապացույցն է հին ստեփանակերտցիներից մեկի՝  Խաչատուր Հայրումյանի գերդաստանի պատմությունը։
altԸնտանիքի ավագը՝ նույն ինքը՝ Խաչատուր Սահակի Հայրումյանը, ծնվել է 1888թ., Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Դեռ շատ փոքրուց կորցրել է մորը՝ Հռիփսիմեին։ Հայրը՝ Սահակը, տքնաջան աշխատանքով էր հոգում ընտանիքի ապրուստը։ Փոքրիկ Խաչատուրի խնամքը հանձն է առնում ավագ քույրը՝ Սոֆյան, որն արդեն ամուսնացած էր և իր կրծքի երեխայի հետ մեկտեղ խնամում է փոքրիկին։ Հետագայում նրանք տեղափոխվում են  Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքը, իսկ հետո՝ Ֆրանսիա։ 
Խաչատուրը դեռ մանկության տարիներից ուսման ծարավի էր և երազում էր լինել կիրթ ու գրագետ մարդ։ 1890-ական թվականներին գյուղում շատ քչերն էին կարողանում կրթություն ստանալ. պատճառը ծնողների աղքատությունն էր և ռուսական դպրոցների առկայությունը։ Խ. Հայրումյանն ուսում ստանալու նպատակով տեղափոխվում է Շուշի և ընդունվում քաղաքի երկդասյա ռեալական դպրոցը։ Երկու տարվա ընթացքում նա ձեռք է բերում որոշակի գիտելիքներ ու կարողություններ, իսկ ամառային արձակուրդներին գյուղ էր վերադառնում։ 1898թ. հանկարծամահ է լինում հայրը՝ Սահակը, և ընտանիքի հոգսն ընկնում է ավագ եղբոր՝ Սարգսի ուսերին։ Խաչատուրը թողնում է ուսումը և եղբորն օգնելու նպատակով մեկնում Պյատիգորսկ քաղաքը, քրոջ՝ Սոֆյայի մոտ, որի ամուսինն առևտրական ընկերության տնօրեն էր, ուներ մի քանի խանութներ։ Խաչատուրին ապահովում են աշխատանքով։ Իր ընդունակությունների շնորհիվ նա կարճ ժամանակամիջոցում  կարողանում է հմտանալ գործի մեջ, և քրոջ ամուսինը,  գնահատելով նրա աշխատանքը, առատաձեռն վարձատրում է։ Այնուհետև Խաչատուրն արդեն ինքն է խանութ բացում և սկսում ֆինանսապես օգնել մեծ եղբորը՝ Սարգսին։ 1906թ. Խ. Հայրումյանին զորակոչում են ռուսական բանակ, որտեղից էլ վերադառնում է 1910թ.՝ ՙկապրալ՚ զինվորական կոչումով։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ եղբոր հետ միասին ձեռնամուխ է լինում պապենական թթենու այգու ընդարձակմանը։ Նրանք նաև կառուցում են նոր աղբյուր՝  ի պատիվ ազգի նահապետ Սարգսի։ Այդ աղբյուրն ու թթենու այգին՝ Հայրումանց բաղը, այսօր էլ մնում են։ 
Հայրումյանները համոզված էին, որ համատեղ ջանքերով կունենան շոշափելի արդյունքներ։ Սակայն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Խ. Հայրումյանը կրկին զորակոչվում է ռուսական բանակ՝ ծառայության անցնելով  Կովկասյան ռազմաճակատում գործող հեծյալ գնդերից մեկում՝ որպես էսկադրոնի հրամանատարի օգնական։ Գնդի հրամանատարությունը նրան է վստահում մարտական բարդ առաջադրանքներ, որոնք նա միշտ էլ կատարում է ժամանակին ու անթերի՝  գիտակցելով, որ այդ ամենն անուղղակիորեն նպաստում է օսմանյան կայսրության լծի տակ տառապող իր հայրենակիցների վիճակի թեթևացմանը։ Ռուսական բանակի հրամանատարությունը բարձր գնահատեց Խ. Հայրումյանի անձնվեր ծառայությունը՝  նրան պարգևատրելով սկզբից 3-րդ, իսկ այնուհետև՝ 2-րդ աստիճանի Գեորգիևյան խաչերով, իսկ 1916թ. նրան շնորհվում են ՙպոդպորուչիկի՚, 1917թ. էլ՝ ՙպորուչիկի՚ զինվորական կոչումներ։ Նա կարող էր հիանալիորեն դասավորել իր ռազմական կարիերան, սակայն այս անգամ էլ ռուսական հեղափոխությունն ամեն ինչ տակնուվրա արեց, և կազմալուծվեց բանակը։ Ռուսական զորքերը լքեցին մարտական դիրքերը և նահանջելով՝ անպաշտպան թողեցին հայությանը։ Հայկական զորամիավորումներն ի վիճակի չէին պաշտպանել ազատագրված տարածքները և հարկադրված նույնպես նահանջեցին։ Նրանց թվում էր նաև Խ. Հայրումյանը, որը խոր վշտով իր սպայական ուսադիրներն ու մարտական պարգևները թաքցնում է Թուրքիայի տարածքում։ Նա պետք է վերադառնար հայրենիք, որին բռնի ուժով և կեղծ հեղափոխական գաղափարներով ուզում էին տիրանալ քողարկված թուրք մուսավաթականները։ Չէ՞ որ ինքը կռվել էր թուրքերի դեմ, և հնարավոր էր՝ ցարական Ռուսաստանի սպան ենթարկվեր ռեպրեսիայի։ 1918թ. մեծ դժվարություններ հաղթահարելով՝ նա վերադառնում է հայրենի Խաչմաչ գյուղը։ Լինելով գյուղի միակ ռազմագետը՝ Խաչատուրը ձեռնամուխ է լինում գյուղի պաշտպանությանը թուրք-ազերի մուսավաթականներից, որոնք անվերջ ճնշումներով ցանկանում էին արցախահայությանը ստիպել ընդունել իրենց գերիշխանությունը։ Պայքարը շարունակվում է մինչև 1920թ. ապրիլի 28-ը՝ Ադրբեջանի խորհրդայնացումը։ Խորհրդային կարգեր հաստատվեցին բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից, և Լեռնային Ղարաբաղում սկսվեցին հեղափոխական կոմիտեների ընտրությունները։ Խ. Հայրումյանն ընտրվեց Խաչմաչ գյուղի հեղափոխական կոմիտեի նախագահ, իսկ 1930թ., երբ ստեղծվեցին գյուղական խորհուրդները, նա դարձավ գյուղխորհրդի նախագահ։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են մարզկենտրոն ու նրա բազմազավակ ընտանիքին տրամադրում բնակարան Կնունյանցների փողոցի 22 տանը (նախկինում՝ Օգոստոսի 10-ի փողոց)։ 
        altԽ. Հայրումյանի անդրանիկ որդին՝ Ստեփան Հայրումյանը, ծնվել է 1919թ.։ Նա ուսման գերազացիկ էր, արվեստասեր, ուներ գրական հակումներ։ Ակտիվորեն մասնակցում էր դպրոցում գործող թատերական խմբակի ներկայացումներին և երազում դառնալ կինոդերասան։ Ավարտելով Ստեփանակերտի  հ.1 դպրոցը՝  աշխատում է մայրաքաղաքի պետական թատրոնում՝ որպես դերասան։ Թատրոնի տնօրենության երաշխավորությամբ հաջողությամբ հանձնելով քննությունները՝ 1939թ. ընդունվում է Երևանի պետական թատերական ինստիտուտը։ Սակայն նույն տարում զորակոչվում է Կարմիր բանակ և մասնակցում ռուս-ֆիննական պատերազմին։ Ըստ ծառայության ժամկետի՝ պետք է զորացրվեր 1941թ., սակայն սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և նա մեկնում է ռազմաճակատ։ Ուկրաինական ռազմաճակատի կազմում նա հասել է մինչև Բեռլին։ Հրետանային գնդի լեյտենանտ, մարտկոցի հրամանատար Ս. Հայրումյանը զոհվել է հերոսի մահով 1945թ. ապրիլի 24-ին՝ Մեծ հաղթանակից մի քանի օր առաջ՝ այդպես էլ չճաշակելով հաղթանակի բերկրանքը։ Ռազմաճակատում ցուցաբերած արիության համար նա պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։  
          altԵրկրորդ զավակը Շահենն էր՝ ծնված 1925թ.։ Ռազմաճակատ է մեկնել 1941 թվականին։ Լինելով հետախույզ՝ առաջադրանքները կատարում էր անթերի։ Գնդի հրամանատարությունը նրան շնորհել է  ՙԳերազանց հետախույզի՚ շքանշան։ Կռվելով հիտլերյան զավթիչների դեմ՝ նա ծառայում է Մերձբալթյան ռազմաճակատում, մասնակցում է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի ազատագրման մարտերին։ Լիտվայում 1944թ. հերոսի մահով  զոհվում է նաև Շահենը։ Նա արժանացել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանի։ 
         altՀայրումյանների 3-րդ զավակը՝ Վարդանը, նույնպես ակտիվորեն մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի ռազմագործողություններին։  Նա բանակ է զորակոչվել 1942թ., կապավոր էր Ուկրաինական ռազմաճակատում։ Մասնակցել է մի շարք կարևոր ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի մի շարք քաղաքների ու ավանների ազատագրմանը,  հասել մինչև Բեռլին։ Զորացրվել է 1946թ. և տուն դարձել որպես առաջին կարգի հաշմանդամ։ Պարգևատրվել է Բուդապեշտի, Բեռլինի գրավման մեդալներով։ Վ. Հայրումյանը հիվանդության պատճառով իր մահկանացուն կնքում է 1963թ.՝  ընդամենը 40 տարեկանում։ Նա հասցրել էր ամուսնանալ և ունենալ երկու արու զավակներ՝ Ալեքսանդրին ու Վլադիմիրին, ովքեր հոր՝ Վարդանի պես խրոխտ ո ւ հայրենասեր, պաշտպանեցին արցախյան սուրբ հողը։ Նրանք Արցախյան ազատամարտում կենտրոնական պաշտպանական շրջանի շարքային զինվորներ էին։ 
        altՈչ պակաս հայրենասեր  էր Խ. Հայրումյանի կրտսեր որդին՝ Ռոբերտը։ Նկարիչ, բանաստեղծ ու մարզիչ Ռ. Հայրումյանը ծնվել է 1937թ.։ Մանկուց տարվել է գրականությամբ, նկարչությամբ ու սպորտով։ 1955թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Նա հրաշալի ու գերազանց մարզիկ էր, ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի առաջին խաղացողներից մեկը։ Ռ. Հայրումյանը (Հայրումով) կենտրոնական հարձակվող էր։ Ղարաբաղում հանրաճանաչ ֆուտբոլի վարպետ Ռազմիկ Պետրոսյանն այսպես է բնութագրում Ռոբերտին. ՙՌ. Հայրումյանը գերազանց ֆուտբոլիստ էր, անփոխարինելի հարձակվող մարզադաշտում։ Երբեք հնարավոր չէր գնդակը նրանից խլել, որովհետև վարպետորեն տիրապետում էր ֆուտբոլային տեխնիկային։ Նրա արհեստավարժությունն  առանձնապես երևում էր այն խաղերում, որտեղ արցախցի ֆուտբոլիստները պայքարում էին դրսից եկած թիմերի հետ՚։ Տարբեր բնագավառներում անուրանալի ձիրքեր ունեցող Ռ. Հայրումյանը եղել է շաշկու գծով հանրապետության չեմպիոն, մարզի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ, մարզային մրցաշարերում միշտ էլ գրավել է առաջնային տեղեր։ Բացի այդ,  նա նաև հիանալի գեղանկարիչ էր։ 1970թ. ընդունվել և հաջողությամբ սովորել է  Մոսկվայի նկարչական ինստիտուտի ինքնուս նկարիչների հեռակա ֆակուլտետում։ Նրա ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են մարզային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին, արժանացել բարձր գնահատականների, մինչև անգամ ցուցադրվել Մոսկվայի նկարիչների համամիութենական ցուցահանդեսում։ Նրա ավագ քույր Էմմա Մաղաքելյանը խնամքով պահպանում է Ռոբերտի՝ իրեն նվիրած կտավները, գրաֆիկական նկարները, որոնք կատարված են մեծ վարպետությամբ։ Ռոբերտ Հայրումյանը տաղանդավոր արվեստագետ էր, բարձր ունակությունների տեր մարդ։ Սակայն նա էլ արժանացավ մեծ եղբայրների ճակատագրին՝ ծանր հիվանդության պատճառով իր մահկանացուն կնքելով 1998թ.։ 
Ճիշտ պապիկի թոռն է նաև Էմմայի ավագ որդի Ալբերտ Մաղաքելյանը, ով Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Վիրավորվել է երկու անգամ, 2-րդ խմբի հաշմանդամ է։ Մարտական առաջադրանքները գերազանց կատարելու և թշնամու ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար նա պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով։  
Կրտսեր Հայրումյանները սրբությամբ են պահպանում պապիկի, նահատակված հորեղբայրների հիշատակը և իրենց զավակներին դաստիարակում ճիշտ այն ոգով ու կարգախոսով, ինչպիսին իրենք են դաստիարակվել։
Հայրումյանները ուսանելի օրինակ են մեր ազգի համար, նման մարդկանց գնահատելն ու հիշելը մեր սրբազան պարտքն է։ 
 
 
Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.