ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ
Երիտասարդ տարիքում մենք ոչ միայն փորձում ենք ուսանել և լավագույնս տիրապետել մասնագիտական ունակություններին։ Դա մի ժամանակահատված է, որի ընթացքում տեղի է ունենում նաև ճաշակի ձևավորումը։
Երիտասարդի շրջապատը կարևոր խթան է հանդիսանում թե՜ մտածելակերպի, թե՜ ճաշակի ձևավորման հարցում։ Խոստովանենք, որ 21-րդ դարի երիտասարդը հետևում է մոդայի միտումներին. նրա հագուկապը գեղեցիկ է, նորաձևության վերջին ճիչին համապատասխան։ Մանավանդ որ մայրաքաղաքում հագուստի շատ խանութներ կան, ընտրանին էլ բավականին մեծ է։
Ցավալին այն է, որ մենք, անգիտակցաբար թե գիտակցաբար, թուրքական հագուստեղենի դիմաց վճարում ենք մեծ փողեր, քանզի հեղինակություն վայելող խանութներում միայն այս երկրի արտադրած հագուստն են առաջարկում։ Ամոթալի է նայել այն երևույթին, թե շոպոմանիայով (խանութից խանութ ընկնելու մոլուցքը) ինչպես են տառապում իմ սերնդակիցները։ Մեզ մտահոգող հարցերի պատասխանն ստանալու համար դիմեցինք ԱրՊՀ ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ։
-Թուրքական հագուստն ու կոշիկը թեպետ հրապարակավ չեն գովազդվում, բայց մեզ մոտ պահանջարկ են վայելում։ Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ինչ-որ ձևով ազդել մեր ազգային հոգեբանության վրա։
- Ընդհանրապես, հագուստը, մասնավորապես` տարազը, էթնոտարբերակիչ գործառույթ է կատարում՝ առաջացնելով զուգորդությունների մի ամբողջ համակարգ։ Ի դեպ, մուսուլմանական նվաճողները, տիրապետության հասնելով քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ, հաճախ պահանջել են կրել իրենց հագուստը։ Կամ, օրինակ, Իսպանիայում մուսուլմանական տիրապետության շրջանում հրեաները պարտավոր էին դեղին հագուստներ կրել։ Նրանք տյուրբան կրելու իրավունք չունեին։ Բարեբախտաբար, ձեր առաջադրած հարցն այդպիսի սպառնալիքներ չի պարունակում, որովհետև մենք, այլընտրանք չունենալով, պարզապես ստիպված ենք լինում գնել արևելյան արտադրության ապրանքները։ Չեմ կարծում, թե դա կարող է ինչ-որ ձևով ազդել մեր ազգային ինքնագիտակցության վրա, բայց ինքս էլ կցանկանայի այլընտրանք ունենալ։
- Իսկ ի՞նչ կասեիք այն մասին, երբ երիտասարդը նախապատվություն է տալիս արևելյան մեղրածոր երաժշտությանը։
- Առհասարակ, միջմշակութային շփումները կարող են լուրջ փոփոխություններ առաջացնել ազգերի հոգեկան աշխարհում։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, որ մշակույթի անբաժանելի մասն է, այն թափանցում է ունկնդրի հույզերի ու զգացմունքների աշխարհ։
Բնավ հակված չլինելով ինքնամեկուսացման գաղափարին, ասեմ, որ կարելի է ծանոթանալ ու հաղորդակցվել այլ մշակույթների, սակայն պահպանել ազգայինը։ Բայց երբ օտարասիրությունը շեշտված երանգներ է ստանում, մենք կարող ենք գործ ունենալ հոգեբանական այնպիսի մի տհաճ երևույթի հետ, ինչպիսին ազգային մանկամտությունն է։ Ավելին, այստեղ կարելի է խոսել նաև ողբերգական հետևանքների մասին, երբ ազգային ինքնագիտակցությունը կարող է խոցելի դառնալ։
Մշակույթն ազգային հոգեբանական ուժեղ պաշտպանական մեխանիզմ է և պետք է մաքուր, ամբողջական ու անխոցելի լինի, այլապես մենք նախադրյալներ կստեղծենք օտարացման համար։
- Մենք սոցիալական ցանցերում սկսել ենք շփվել օտար երիտասարդների հետ։ Արդյո՞ք դա վտանգավոր երևույթ չէ։
- Այո, վտանգավոր է այն առումով, որ կարող է թուլացնել ազգային հոգեբանական, կառուցվածքային, ինչու չէ, նաև ֆիզիկական պաշտպանվածությունը։ Եթե երիտասարդների շփումը տեղի է ունենում հուզական համապատկերին, ապա սա ինքնավերիչ հետևանքների կարող է բերել։ Մեր երիտասարդները պետք է ամուր պահեն ազգային ինքնագնահատականն ու ինքնահարգանքը, այլապես ստիպված կլինենք գործ ունենալ ազգային տհասության, հետևապես և, ազգային վարքի մոտիվացիայի տհասության հետ։
Մենք հաղթանակած երկիր ենք, և արյամբ ձեռք բերված արժեքների կոխկրտումը հավասարազոր է սրբապղծության։
Մարինե ՍԱՖԱՐՅԱՆ
ԱրՊՀ լրագրության բաժնի
4-րդ կուրսի ուսանողուհի