ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԵԾ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ

Օրերս կրկին Արցախում էին ԵՊՀ-ի ներկայացուցիչները։
Տարիների ընթացքում Արցախում ծառատունկի իրականացումը սովորական միջոցառումից մի ողջ արարողության է վերածվել: Սկզբում` ավանդական գինեձոնն էր ու ավանդական աղոթքը:
Առաջին ծառն էլ հենց Գուրգեն Մելիքյանը տնկեց: Մեկը այն շուրջ 400 ընկուզենիներից եւ սոսիներից, որ Երեւանի պետհամալսարանի ներկայացուցիչները պահ տվեցին արցախյան հողին: ՙԱյս ավանդույթն արդեն մոտ 10 տարվա պատմություն ունի,- վերհիշում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:- Իհարկե, ամեն տարի փորձում ենք ավելացնել Արցախ այցելողների թիվը, նոր մասնակիցներ ընդգրկել: Եվ հուրախություն մեզ, այս տարիների ընթացքում հայկական երկրորդ հանրապետություն այցելած հարյուրավոր ուսանող-ոսանողուհիներից ոչ մեկից դժգոհության նշույլ անգամ չենք նկատել: Առանց բացառության` նրանք բոլորն էլ բառիս բուն իմաստով սիրահարված են Ղարաբաղին՚: ՙԱյդ ծառատունկն էլ հենց նման սիրո արտահայտություններից մեկն է, ու միաժամանակ` մեր պարտքը հայրենի բնության հանդեպ՚,- լրացնում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՙԱռաջին անգամ ծառատունկին մասնակցել եմ, երբ դեռ երկրորդ կուրսում էի սովորում,- պատմում է այսօր արդեն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ Ծովինար Կարապետյանը:- Ես այն երջանիկ ուսանողներից եմ, ովքեր բախտ են ունեցել մի քանի տարի անընդմեջ մասնակցել արցախյան ծառատունկին: Գուցե շատերին կարող է թվալ, որ ամեն տարի նույն գործով զբաղվելը ձանձրալի կլիներ, բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն ծառատունկներից, այլեւ տնկած ծառերից յուրաքանչյուրն է յուրահատուկ: Դա լավ են զգում հատկապես նրանք, ովքեր պարբերաբար են մասնակցում միջոցառմանը՚:
Դժվար է կողմնորոշվել` հատկապես որ իրադարձությանն է նվիրվելու այս տարվա ծառատունկը: Ե՜վ տարին է հոբելյանական, ե՜ւ տարածքն է պարտավորեցնող: Կյանքի Ճանապարհի հարեւանությամբ ծառ են տնկում` Շուշիի ազատագրման 20-ամյակի նախօյակին: ՙԱյս տարվա ծառատունկը մի լրացուցիչ ենթատեքստ էլ ունի. 20 տարի առաջ` 1992թ. մայիսի 17-18-ին բացվեց Կյանքի ճանապարհը՚,- կարեւորում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը: ՙԾառատունկ արդեն տարիներ շարունակ իրականացնում ենք, դրա համար առիթ կամ հոբելյան չենք փնտրում: Բայց քանի որ այս տարի տրամադրությունը հատկապես տոնական է, այս գարնան ծառատունկն էլ կարող ենք նվիրել Շուշիի ազատագրման 20-ամյակին՚,- տարվա հոբելյանների շարքում իր համար առավել հոգեհարազատն է առանձնացնում ԵՊՀ ռեկտորը:
Համալսարանականներից շատերն արդեն հասցրել են ուրախանալ դեռ Բերձորում: Տարիներ առաջ կատարած իրենց աշխատանքի արդյունքներն են տեսել: ՙՏեսանք, որ մեր տնկած ծառերն արդեն ծաղկել են,- ուրախությունը չի թաքցնում մագիստրանտ Ծովինար Կարապետյանը:- Տեղի բնակիչներն ասում են, որ որոշ ծառեր նախորդ տարի անգամ բերք են տվել՚: ՙՈրտեղ հայը մի ծառ է տնկում, կապվում է այդ հողին եւ անպայման կրկին վերադառնում է: Նույնը եւ մեր պարագայում է: Այս տարածքները մեզ համար հարազատ ու թանկ են ոչ միայն որպես մեր հայրենիքի մի հատված, այլեւ որպես մի վայր, որտեղ մենք ունենք մեր ներդրումը՚,- խոստովանում է Վահագն Վարագյանը:
Սա այն է, ինչը կարեւորում է նախաձեռնության հեղինակը: Հողին կապվելու, հողը սիրելու եւ այն կյանքի գնով պահելու ամենակարճ ճանապարհը Գուրգեն Մելիքյանն այդ հողը ծաղկեցնելն է համարում. ՙՍա յուրօրինակ մկրտություն է: Ես համոզված եմ` ով այսօր մի առանձին սիրով հայկական այս հողին տնկիներ է պահ տալիս, անհրաժեշտության դեպքում այդ հողը պաշտպանելու համար զենք կվերցնի՚:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ