[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՎՃՌՈՐՈՇ ԳՈՐԾՈՆ

 Արցախյան պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո շատ բան է փոխվել մեր հանրապետության գյուղական բնակավայրերում։ Առանձնապես լայն թափ է ստացել դպրոցաշինությունը, հարյուրից ավելի գյուղեր ընդգրկվել են ՙՀյուսիս¬հարավ՚ ավտոմայրուղու մեջ, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է համայնքների կապը ինչպես իրար, այնպես էլ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի միջև։

 Բայց կան գյուղեր, որոնք մի տեսակ դուրս են մնացել ընդհանուր գործընթացից։ Այս պարագայում  խոսքը հայրենի բնօրրանի՝ Մարտունու շրջանի Ղավախան գյուղի մասին է։ Բարեկարգ ճանապարհ չունենալով՝ զրկված ենք ոչ միայն  շրջկենտրոնի ու Ստեփանակերտի, այլև հարևան Ննգի գյուղի հետ նորմալ կապից։ Գուցե նաև դա է պատճառ հանդիսացել, որ ղավախանցիների մի  մասը թողել¬հեռացել է հարազատ ծննդավայրից։ 

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մեկ տարի առաջ գյուղաբնակներս նամակով դիմել ենք վարչապետ Արա Հարությունյանին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել Ղավախան ¬ Ննգի 7 կմ¬ոց  ճանապարհահատվածի բարեկարգման մասին, բայց, ինչպես ասում են՝ ՙսայլը տեղից չի շարժվում՚։ Մի երկու ամիս առաջ էլ նույն հարցով դիմել ենք քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին։ Նրա խոսքերով՝ ընթացիկ տարում հարցը վերջնականապես լուծում կստանա։
Ու հույսով սպասում ենք...

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ 
Մեծ Հայրենականի վետերան