ՍԱՐԻԿ-ՍԻՐԻԿ-ՀԱՅԿԱՎԱՆԻ ԱՄՐՈՑԸ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Դիզակի մելիքության տարածքում է գտնվում միջնադարյան ամրոցը՝ թառած մոտ 2000 մ բարձրությամբ սարի ուղղաձիգ ժայռի վրա։
Հադրութի շրջանի ներկայիս Հայկավանը նախկին Սարիկ-Սիրիկ գյուղն է, որը խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանին և չարիք դարձել տարածքի հայկական գյուղերի համար։ Հնարավոր է պատմական անվանում է եղել Սարիկ, հետագայում թուրքերն աղավաղել, դարձրել են Սիրիկ։ Գյուղն այժմ Խանձաձորի գյուղական համայնքի կազմում է։ Մոտակա ամրոցն ուսումնասիրելու, չափագրելու, լուսանկարելու նպատակով հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լևոն Մկրտչյանի և գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ վերջերս բարձրացանք ամրոցը պահող ժայռեղեն սարը։ Մեզ ուղեկցում էր գյուղի հիմնադիր-գյուղապետ Հակոբ Մովսիսյանի Ղազար որդին, ով ծնվել է այստեղ և լավ ծանոթ է հայրենի բնաշխարհին։ Դժվար է վերելքը. կտրուկ զառիթափը նաև ավազապատ է։ Վերջապես հասնում ենք ամրոցի հյուսիս-արևելյան կողմի պարսպապատին, որը ձգվում է սարի լայնությամբ մոտ 25 մ՝ փակելով ամրոցի մուտքը, որի վրա են աշտարակ-բուրգերը և ամրոցի իշխանի դղյակը՝ կառուցված մշակված քարերով ու կրաշաղախով։ Արևելյան կողմում բավականին թեք անտառապատ լանջն է: Այս կողմում դարձյալ պարիսպ է շարված, որն ունի աշտարակ։ Հնարավորինս անառիկ են ամրոցը դարձրել մեր նախնիները։ Հյուսիսարևմտյան կողմի պարսպի մեջ է մուտքը, որն այժմ փակվել է։ Մոտ 1մ հաստություն ունեն պարիսպները, 3-5 մ բարձրություն։ Ժամանակին այս և նման այլ ամրոցներ, սղնախներ ու դիտակետեր են գործել և միմյանց ազդանշան տվել կրակ վառելով։ Այս հատվածում միմյանց հետ կապ են հաստատել Տողի սղնախից, Կատարո վանքն իր վրա պահող Դիզափայտ լեռից, որի հարավ-արևմուտքում է Սիրիկ-Հայկավանի ամրոցը։ Իսկ դեպի արևմուտք՝ Քաշաթաղի շրջանում, Ամուտեղ բլուրն է՝ դիտակետով և Սուրբ Վարդան եկեղեցիով։ Ամուտեղից կապն արդեն Սյունիքի հետ է եղել։ Սարիկ-Սիրիկի ամրոց-սղնախ-դիտակետի Ճշգրիտ ժամանակը հնարավոր կլինի իմանալ հնագիտական պեղումների արդյունքում։ Ամրոցի տարածքում պահպանվել է նաև ջրավազանը։ Ջրի հարցը լուծվել է տեղումների հաշվին և բլրի 2 կողմերից հոսող գետակներից։ Պատմական ճանապարհը հյուսիսային կողմից է գործել՝ անցնելով ժայռերի ստորոտով։ Լեռան մոտով անցնող գետակը փոքր ջրվեժի է վերածվել, որի մոտ գյուղի երեխաներն էին լողանում`տարածքի իրական տերերը...