ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ 11 ԴԵՊՔ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Անցած տարվա համեմատ համարյա կրկնակի աճել է դեպքերի թիվը
2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք:
ԱՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Բախշիյանի տեղեկատվությամբ՝ 2018թ. հունիսի 18-ի տվյալներով` Արցախում արձանագրվել էր օձի խայթոցի 6 դեպք, փաստորեն նախորդ տարվա համեմատ համարյա կրկնակի աճել է դեպքերի թիվը: Իսկ այս տարվա օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է մայիսի 8-ին` Քաշաթաղի շրջանում: Ընդհանուր տուժածներից 2-ը երեխաներ են: Նշյալ ժամանակահատվածում Ստեփանակերտում գրանցվել է օձի խայթոցի 1 դեպք, Մարտակերտի շրջանում՝ 4, Մարտունու՝ 2 և Քաշաթաղի շրջանում` 4 դեպք։ Նշենք, որ տուժածներից 9-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ 2-ի դեպքում` բժշկական ցուցում չի եղել: Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ ԱՀ բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգույշ, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բուժհիմնարկ` համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:
Մասնագետները խորհուրդ են տալիս օձերից ոչ թե վախենալ, այլ զգուշանալ, որովհետև խայթոցների 99%-ը բնակիչների ոչ ուշադիր վերաբերմունքից է։ Գոյություն ունեն կանխարգելիչ կանոններ, ինչպես նաև օձի և կարիճի խայթոցի դեպքերում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ուղեցույցներ։ ԱՀ առողջապահության նախարարությունը հաստատել է նաև խայթոցների ժամանակ անհետաձգելի բուժօգնության ուղեցույցը։ Ընդհանրապես օձի խայթոցի դեպքում տուժածին ցուցաբերած առաջին օգնությունը մեծ նշանակություն ունի։ Ուստի պետք է լինել զգոն և արագ կողմնորոշվել, քանի որ առաջին սխալ օգնությունը երբեմն կարող է ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան բուն խայթոցը։ Սխալ գործողությունները դժվարացնում են ախտորոշումն ու հետագա բուժումը։ Մասնագետները խստիվ արգելում են լարանով ձգել տուժածի վերջույթը, ինչն ավելի է վատթարացնում տուժողի վիճակը, ինչպես նաև կատարել հակաշոկային միջոցառումներ՝ տալ ցավազրկող և այլ սրտային դեղորայք։ Արգելվում է նաև կատարել կտրվածք կամ այրում։ Տուժածն ընդհանրապես չպետք է շարժվի, որ դանդաղի թույնի տարածումն օրգանիզմում։ Անհրաժեշտ է ապահովել նրա հորիզոնական դիրքը և լիակատար հանգիստը։ Իսկ թույնն օրգանիզմից դուրս բերելուն օգնում են նաև հեղուկները։ Դրա համար պետք է խմել շատ հեղուկ, բացի սուրճից և ալկոհոլից։
Ընդհանրապես Արցախում կա 4 տեսակի թունավոր օձ. դրանցից 3-ը պատկանում են իժերի ընտանիքին՝ կովկասյան, տափաստանային, հայկական և գյուրզա։ Ամենախոշոր իժերից մեկը հայկականն է, ունի 80-100 սմ երկարություն, երբեմն կարող է հասնել մինչև 1,5 մետրի։ Այն թունավոր է և շատ վտանգավոր։ Սրա խայթոցի դեպքում չի կարելի սրսկել հակագյուրզին, ուստի բուժանձնակազմը, որին դիմել է օձի խայթոցով հիվանդը, պարտավոր է մանրամասն անամնեզ (տեղեկություններ) հավաքել։ Իսկ ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձը գյուրզան է։ Այն ունի տափակ գլուխ, մոխրագույն կամ կարմրաշագանակագույն հաստ մարմին։ Մեջքին կան մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր, իսկ գլուխը միագույն է` առանց նախշերի։ Մասնագետների պարզաբանմամբ՝ իժի, գյուրզայի խայթած տեղն ուժեղ ցավում է, հետո առաջանում է այտուց։ Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը` տարածվում ողջ վերջույթով։ Նույնիսկ մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը։ Խայթոցից 20-40 րոպե անց առաջանում են շոկի ախտանշաններ՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում ու արագացում, ճնշման իջեցում։ Ամեն դեպքում որոշիչ գործոն է ժամանակը, ուստի օձի խայթոցով տուժածին հարկ է հնարավորինս շուտ տեղափոխել մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժին։