ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարների միջոցներով Արցախում բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Վերջին տարիներին տորոնտոհայերի կողմից կյանքի կոչվող ծրագրերում մեծ տեղ է հատկացվել գյուղական բնակավայրերում նոր համայնքային կենտրոնների կառուցմանը։ Նման կենտրոնները համալիր կառույցներ են, որոնցում տեղակայված են այս կամ այն համայնքի ոչ միայն գյուղապետարանը, այլև բուժկետը, հանդիսությունների սրահը, գրադարանը... Հարմարավետ այդ օջախները նաև ժամանցային կենտրոններ են հանդիսանում: Հերթականը Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում էր, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 20-ին՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ու բարերարների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հիշարժան այդ օրը տոն էր խնձրիստանցիների համար. եկել էին միմյանց շնորհավորելու և, ինչու չէ, նաև իրենց երախտագիտությունը հայտնելու սփյուռքահայ բարերարներին։
Համայնքի ղեկավար Արթուր Ավանեսյանի խոսքով՝ նոր համայնքային կենտրոն ունենալու մասին իրենք վաղուց էին երազում, և համոզված է, որ այն կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը։ Գյուղի բնակչության կողմից նա երախտագիտություն հայտնեց բարերարներին, հատկապես տեր և տիկին Սարգիս և Հայկուհի Մարանճեաններին, որոնց միջոցներով և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել է այդ հոյակերտ շինությունը։
Համագյուղացիներին շնորհավորեց և բարերարներին ուղղված երախտագիտության խոսք ասաց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Արցախում իրականացվող ամենաարդյունավետ ծրագրերից մեկը համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրն է, ինչը թույլ է տալիս հանրապետության բնակավայրերում միանգամից մի շարք համալիր ծրագրեր ու խնդիրներ լուծել։ ՙՇատերի նման ես ևս միշտ հպարտացել եմ իմ ծննդավայրով, սակայն Արցախյան ազատամարտը կտրուկ փոխել է Խնձրիստան գյուղի ընդհանուր կերպարը: Այս գյուղը նաև Արցախի հերոս Բեկոր Աշոտի, ՙՄարտական խաչ՚ շքանշանի ասպետներ Ալիշ Բեգլարյանի, Ներսես Ղուլյանի, Ռաֆիկ Ավանեսյանի, Հենրիխ Միրզոյանի, Մհեր Պողոսյանի, Մարատ Ավանեսյանի, Դավիթ Բեգլարյանի և մի քանի տասնյակ զոհված ազատամարտիկների հայրենի գյուղն է, և այն արժանի է, որ ամեն տարի ազգանպաստ ինչ-որ ծրագիր իրականացվի այստեղ։ Զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքը միայն հուշարձան կառուցելով չէ, այլ նաև այսպիսի հայանպաստ ծրագրերով, որոնց պտուղները պետք է վայելեն իրենց զավակներն ու թոռները։ Կարծում եմ՝ սա մեր հերթական հաղթանակի ու հաջողության նշանն է՚,- ասաց Աշոտ Ղուլյանը։ ԱԺ խոսնակն ափսոսանք հայտնեց, որ բացման արարողությանը ներկա չէ Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ում լավ գիտեն Արցախի գյուղական բնակավայրերում՝ որպես մեր երկրի լավագույն բարեկամի։
Գյուղի բնակչությանը շնորհավորեց նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նա գոհունակությամբ փաստեց, որ հատկապես վերջին տարիներին նման համայնքային կենտրոնները կառուցվում են Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ, և իր երախտագիտությունը հայտնեց երկրի իշխանություններին ու շահագրգիռ մարմիններին՝ համագործակցելու և կառուցման աշխատանքներում հետևողական լինելու համար։ ՙԱյդ վերահսկողությունը նպաստում է ծրագրերը կատարյալ դարձնելուն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է լավ արդյունքների՚,- ասաց Հայկակ Արշամյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի ուղերձը, որում մասնավորապես ասված է. ՙԱյսօր Տորոնտոյի ՙՀայաստան՚ հիմնադրամը ևս մի պարտականություն ավարտին հասցրեց Արցախում։ Սա մեր կողմից 64-րդն է, որն անվանում ենք ՙԿյանքի կենտրոն՚, և որը մի տանիքի տակ է բերում բժշկատունը, գրադարանը, արվեստի սրահը, գյուղապետարանը և հանդիսասրահը՝ Խնձրիստանի համայնքի համար։ Խնձրիստանի նոր ՙԿյանքի կենտրոնը՚ նվիրում ենք այս գյուղի հերոս Բեկոր Աշոտի հիշատակին։ Ես շնորհակալություն եմ հայտնում կառույցը կերտող բոլոր շինարարներին, Հիմնադրամի գործադիր տնօրենին և ճարտարապետներին, ովքեր հսկեցին շինարարական աշխատանքները վերջին երեք տարիներին։ Ես մասնավոր շնորհակալություն եմ հայտնում տորոնտոհայ բարերարներ Սարգիս և Հայկուհի Մարանճեաններին, որ ֆինանսավորեցին այս գեղեցիկ գործն Արցախի կառավարության հետ։ Ես իմ կամքից անկախ՝ բացառություններով, այսօր ձեզ հետ չեմ։ Մաղթում եմ, որ դուք լավ օգտագործեք այս ՙԿյանքի կենտրոնը՚. քիչ գումարներ ծախսեք, բայց հարսանիքներն ու կնունքները շատ լինեն այստեղ։ Բարի վայելում՚։
Խնձրիստանցիներին հատուկ ուղերձով շնորհավորել են նաև գլխավոր բարերարները՝ տեր և տիկին Մարանճեանները։ ՙԱստված գիտե, թե որքան կուզենայինք ես և տիկինս այս պահին ներկա գտնվել ձեզ մոտ։ Ցավոք, չհաջողվեց։ Առաջ Աստված՝ մոտ ապագայում կայցելենք Արցախ և կայցելենք նաև ձեզ։ Մեր սրտի ուզածն Արցախում նորանոր բարեգործական ծրագրեր իրականացնելն է։ Թող Տերն առատապես օրհնի ձեզ... Բարով վայելեք այդ շենքը՚,- ասված է ուղերձում։
Նոր համայնքային կենտրոնի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հիմնադրամի գործադիր տնօրենին ու Խնձրիստանի համայնքի ղեկավարին։
Հիրավի, աչք շոյող շինություն, հարմարավետ պայմաններով... Նույնքան աչք շոյող հանդիսությունների սրահում հյուրերին յուրովի իրենց երախտագիտությունը հայտնեց մատաղ սերունդը, ում շուրթերից հնչած հայրենասիրական երգն ու գեղեցիկ ասմունքը մեկ անգամ ևս փաստեցին, որ արվածն իզուր չէ, որ անկախության սերունդը պիտի դառնա մեր երկրի լուսավոր գալիքի կերտողը, իր հիմնաքարն ունենա երկրի զարգացման ու շենացման գործում։
\