ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՂՋԻԻ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը Կովսականի քաղաքապետարանի դահլիճում հանդիպում ունեցավ Ողջիի ավազանի բնակավայրերի հասարակության ներկայացուցիչների հետ։ Նման ձևաչափով հանդիպում արդեն կայանում է 3 անգամ, որից 2-ը՝ Բերձորում։ Ողջունելով ներկաներին` Ստ. Սարգսյանը կարևորեց նման միջոցառումները՝ նշելով, որ պետք է տեղի ունենա անմիջական զրույց, և ներկաները կարող են բարձրացնել ամենատարբեր բնույթի հարցեր։
Սկզբում անդրադարձ եղավ Կովսական-Կապան ճանապարհահատվածի հիմնանորոգման խնդրին: Նշվեց, որ տեսանելի ապագայում կսկսվի կարևոր այդ ճանապարհի ասֆալտապատումը։ Այնուհետև շրջանի ղեկավարին ուղղվեցին տարաբնույթ հարցեր ու առաջարկություններ։ Առաջնային հարցերից էր խմելու ջրի կարգավորումը հատկապես Կովսական քաղաքի որոշ թաղամասերում։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն սկսվել է Կովսական-Վան ջրատարի շինարարությունը, և կարճ ժամանակահատվածում այն կհանձնվի շահագործման։ Բնակարանային խնդիրը շրջանում դեռևս առաջնային է։ Երիտասարդներին հետաքրքրում էր հատկապես նորաստեղծ ընտանիքներին բնակարանով ապահովելը։ Հարցի լուծմանը միտված որոշ ծրագրեր են գործում Արցախի Հանրապետությունուն, ասաց Ստ. Սարգսյանը։ Նա հատկապես կարևորեց հիփոթեքային վարկերի հատկացումը։ Բացի այդ, շրջանի բոլոր կարիքավոր ընտանիքներին հատկացվում է շինանյութ՝ տանիքները նորոգելու համար։ Կովսականում վերջերս բնակելի տուն էր հրդեհվել։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց. դիմել է համապատասխան կառույցներին, մոտակա ժամանակներում կպարզվեն աջակցություն չափն ու ժամկետները։ Կովսականի երիտասարդները խնդրեցին օժանդակություն, որ քաղաքն ունենա ակումբ, կամ այլ տարածք, որտեղ կկազմակերպվեն համերգներ, այլ միջոցառումներ։ Ստ. Սարգսյանը ողջունեց առաջարկը և տեղեկացրեց, որ հարցի լուծման համար կդիմի կառավարությանը։ Եղավ առաջարկ՝ քաղաքում բացել հանդբոլի խմբակ, հատկապես որ կա մարզիչ և կան ցանկացողներ։ Ստ. Սարգսյանը հանձնարարական տվեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին` ուսումնասիրել հարցը և ներկայացնել առաջարկ։ Տարածքում առկա վարելահողերի մեծ մասը վարձակալությամբ տրված է տարբեր վարձակալների։ Երիտասարդներին մտահոգում է այն, որ իրենք այժմ հնարավորություն չունեն հող վարձակալել՝ հացահատիկ մշակելու նպատակով։ Տեղեկացվեց՝ մոտակա ժամանակներում որոշ վարձակալների հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելու է, և մրցույթ կհայտարարվի վարձակալության համար. առաջնություն կտրվի տեղի բնակիչներին։ Երիտասարդների կողմից բարձրացվեց նաև աշխատանքով ապահովելու խնդիրը։ Ստ. Սարգսյանն առաջարկեց զբաղվել նաև անհատ ձեռներեցությամբ։ Բացի դրանից, երիտասարդները ճիշտ կողմնորոշվեն մասնագիտություն ընտրելիս. պետք է նկատի ունենան տեղական պահանջները։ Կովսականում գործում է տարածքային հիվանդանոց, սակայն կա բժիշկ-մասնագետների խնդիր: Վարչակազմի ղեկավարը նշեց, որ իր կողմից չընդհատվող ջանքեր են գործադրվում շրջանը հրավիրյալ մասնագետներով համալրելու ուղղությամբ։ Ամփոփելով հանդիպումը՝ շրջվարչակազմի ղեկավարը ներկաներին հավաստիացրեց. բոլոր հարցերին հնարավորինս լուծումներ կտրվեն ։ Կարևորեց Կովսական քաղաքի դերը տարածքի զարգացման հարցում։
Մինչ Կովսական հասնելը՝ ճանապարհին՝ Վարդաբաց-Երիցվանք հատվածում, շրջվարչակազմի ղեկավարն ու ներկայացուցիչները հանդիպեցին Երիցվանք գյուղական համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանին և բնակիչների, ովքեր փորձում էին կարգավորել Վարդաբաց-Երիցվանք ոռոգման ջրատար խողովակաշարի որոշ հատվածի աշխատանքը։ Շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց տեղակալ Հովհ. Սահակյանին՝ անմիջապես ձեռնամուխ լինել խողովակաշարի կարգավորման խնդրին։