ԱՅԴ ՂԱՐԱԲԱՂՑՈՒՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՉԷՐ ԼԻՆՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՈՒՍՈՒՑԻՉ ԳՐԻԳՈՐ ԲԱՂՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ԴԱՐՁԱՎ
Գրիգոր Բաղյանի ընտրած ուսուցչի խաղաղ մասնագիտությունը գործնական կտրուկ շրջադարձեր չէր ենթադրում: Բայց պատերազմները միջամտում են մարդկանց ճակատագրերին առանց հրավերի ու թողնում իրենց ամենասփյուռ ներգործությունը, և ահա երեկվա գյուղական ուսուցիչը, ծառայելով, հասնում է զինվորական ամենաբարձր կոչումների ու հերոս դառնում:
Ծնվել է 1912թ. մարտի 31-ին Դաշտային Ղարաբաղի գյուղերից մեկում, գյուղական ընտանիքում ու միջավայրում: Փոքր տարիքից առօրյա գործերում օգնելը սովորական երևույթ էր, բայց ի՞նչ անել ուսման համառ ծարավի հետ: Գրիգորը միջոց էր գտել. սովորում էր` ինչպես ու որտեղ կարողանում էր, միջնակարգ դպրոցն ավարտել է 19 տարեկանում` արդեն Բաքվում:
Բաղյաններն ընտանեկան այսպիսի մի պատմություն ունեն, ասում են, որ իրական է. երբ Գրիգորը ծնողներից թաքուն պատրաստվում էր Բաքու մեկնել` ուսումը շարունակելու, կրտսեր եղբորը նախապես կապել էր տնից հեռու մի ծառից (ոչ շատ հեռու, որպեսզի ամեն դեպքում գտնեն): Եղբորը ժամանակավոր ֆիզիկական ազատությունից զրկելն այն բանի համար էր արվել, որպեսզի նա իսկույն ծնողների մոտ չվազի ու չպատմի, որ ավագ եղբայրը մեկնել է, և որպեսզի Գրիգորի հետևից չհասնեն:
Նա սկսել է երեխաներին պատմություն ուսուցանել (համապատասխան դասընթացներ ավարտելուց հետո), այնուհետև աշխատել է որպես ուսմասվար, դպրոցի տնօրեն, Մարտակերտի ժողովրդական կրթության շրջբաժնի տեսուչ, Լեռնային Ղարաբաղի` նույն գծով մարզային բաժնի վարիչ: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
Մեծ պատերազմի ձայները Ղարաբաղ չէին հասնում, բայց Գրիգորը միայն մինչև ձմեռ դիմացավ դպրոցում: Փետրվարին ընդունեցին բանակին կամավոր զինվորագրվելու նրա դիմումը, բայց քանի որ 30-ամյա տղամարդը բոլորովին անփորձ էր, նրան գնդի պրոպագանդիստ են նշանակում: Թեպետ սա միայն անունն է խաղաղ` պրոպագանդիստ, իսկ ռազմաճակատում, այնուամենայնիվ, ստիպված ես լինում կրակել սովորել: Ու ոչ թե պարզապես կրակել, այլ կենդանի թիրախների վրա:
Հրաձիգների գունդ էր, այնպես որ արագ սովորեցրին զենք բռնել: Այսպես բացահայտվեց Բաղյանի ևս մեկ տաղանդը` զինվորական գործի հանդեպ հակումը, դրան գումարած` բնածին գրագիտությունն ու ձեռք բերած գիտելիքներն էին իրենց մասին հիշեցնում, և նման փայլուն սպան մեկ ճանապարհ ուներ` դառնալ գնդի կոմիսար: Նա սովորեց հետևակի համար, հավանաբար, ամենադժվար խնդիրը կատարելը` առաջին շարքերում հարձակման գնալը և քաղաքի պայմաններում մարտ վարելը: 1942թ. ամառն անցավ Ստալինգրադում մղված աներևակայելի դաժան մարտերում: Այդ մսաղացից քչերին էր հաջողվում ողջ դուրս գալ, իսկ որ առանց վիրավորվելու` ապա ընդհանրապես եզակիներին: Գրիգոր Բաղյանի բախտն անասելիորեն բերել էր:
Անգամ այդ անողոք տարիներին հրամանատարությունը գիտեր, որ չի կարելի մարդկանց անմիջապես մի վատ վիճակից մեկ այլ առավել վատ վիճակի մեջ գցել: Ստալինգրադի ռազմադաշտը պետք էր մարտերից հանգստանար, և Բաղյանը մի քանի ամիս անցկացրեց Մերձմոսկովյան շրջանում, որտեղ գնդերի հրամանատարներ էին պատրաստում: Նա գնդի հրամանատար դարձավ արդեն 4-րդ Ուկրաինական ճակատի կազմում, մասնակցեց Դնեպրի գետանցմանն ու ազատագրեց Չեխոսլովակիան:
1944թ. երկրորդ կեսը Չեխոսլովակիայում էլ անցավ: 71-րդ հրաձգային գունդը Բաղյանի հրամանատարության ներքո գրավում էր մի բարձունքը մյուսի հետևից, ճեղքում էր դաշտային պաշտպանական ցանկացած ամրություն: Մասնակցեց Օդերի գետանցմանը, մի խոսքով, այդ տղաներին հնարավոր չէր կանգնեցնել: Երբ ազատագրված բնակավայրերի թիվը հարյուրից անցավ, գունդը, վերջապես, Լեհաստանի սահման հասավ:
Խնդիրը կատարված էր: Մնում էր գործը հանգուցալուծման տանել: 1945թ. ամռանը, երբ հսկայական երկիրը նոր-նոր ուշքի էր գալիս սարսափելի պատերազմից, եկել էր ժամը զոհերի հիշատակը խնկարկելու և հերոսներին արժանին հատուցելու: Բաղյանին Խորհրդային միության հերոսի կոչում շնորհելու մասին հրամանագիրը թվագրված է հուլիսի 29-ով:
Բաղյանը կապերը չխզեց բանակի հետ, մինչև կյանքի վերջ գնդերի ու դիվիզիաների հրամանատար էր, դասավանդում էր, հերթական կոչումները ստանում: Թեպետ, ինչ է նշանակում` հերթական. գեներալ -մայորի կոչում հենց այնպես չեն տալիս, այն վաստակել էր պետք:
Գրիգոր Կարապետովիչը վախճանվել է Երևանում, շատ վաղ` ընդամենը 53 տարեկանում: Իսկ, ընդհանրապես, ասում են, Բաղյանները մեծ գերդաստան են. մի ճյուղը Ղարաբաղում է, երկրորդը` Ռուսաստանում: Մեկն էլ հաստատվել է ԱՄՆ-ում: Տեղացի Բաղյանները պնդում են, որ ամերիկյան ճյուղից է սերում Ջեյմս Բաղյանը`ՙԴիսքավերի՚ և ՙԿոլումբիա՚ տիեզերանավերով տիեզերք թռիչք կատարած տիեզերագնացը:
Անխոնջ են այդ Բաղյանները…